Ստամբուլ

Թուրքիան չի քննարկում հայկական տարածքի վերադարձը, Արամ Ա-ն կդիմի եվրադատարան

38
(Թարմացված է 12:21 06.12.2016)
Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է Սիսի կաթողիկոսարանի տարածքի վերադարձի մասին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հայցի քննարկումը։ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Asbarez.com-ը գրում է, որ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայտարարել է ՄԻԵԴ դիմելու մասին այն բանից հետո, երբ Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է Սիսի կաթողիկոսարանի տարածքի վերադարձի մասին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հայցի քննարկումը։

Արամ Ա-ն համոզմունք է հայտնել, որ եկել է ճանաչման փուլից փոխհատուցման փուլին անցնելու ժամանակը։ Լիբանանից ուղիղ տեսաուղերձի ժամանակ նա ասել է, որ դա առաջին իրավական քայլն է ընդդեմ Թուրքիայի` 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո:

Իրավական գործընթացը երկար և լուրջ մտորումների, ուսումնասիրության արդյունք է համարել Արամ Ա կաթողիկոսը։ Այն հիմնված է միջազգային իրավունքի, այդ թվում՝1932 թ. Լոզանի կոնֆերանսի որոշումների վրա, որոնք առնչվում են Թուրքիայի Հանրապետության սահմաններում բնակվող փոքրամասնություններին։

«Մենք այս գիտակցությամբ, այս հեռանկարով ճամփա ելանք և պետք է շարունակենք իրավական այս ընթացքը: Մենք պետք է շարունակենք Ցեղասպանության ճանաչման գործընթացը: Միաժամանակ, հավատացած եմ, որ ժամանակը եկել է, որ մենք` Հայաստանը և Սփյուռքը, մեր բոլոր կազմակերպություններով պետք է մուտք գործենք իրավական դաշտ: Մենք պահանջատեր ժողովուրդ ենք»,- հայտարարել է նա։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հավելել է, որ պահանջը պաշտոնապես պետք է Ստրասբուրգում ներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ մենք ցանկանում ենք արդարություն միջազգային հանրությունից։

38