Սմարթֆոն

Այ քեզ բան. ճկվող «խնձորը», Ֆեյսբուքի նոր զավակը, վերջին սմարթֆոնն ու բոտերը

1611
(Թարմացված է 09:27 07.11.2016)
Sputnik Արմենիան ներկայացնում է նախորդ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած այն կարևոր իրադարձությունները, որոնք վերաբերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Լուրեր, որոնք կարդալիս կամ լսելիս մարդն իրեն հազիվ է զսպում, որ չասի՝ այ քեզ բան:

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի- Sputnik, Գոռ Մարգարյան. Այս շաբաթվա ամենակարևոր նորությունները, թերևս, պատրաստել են Apple-ն ու Lenovo-ն: Առաջինը որոշել է ճկվող սմարթֆոն արտադրել, իսկ երկրորդը՝ հրաժարվել իր ապրանքանիշով արտադրված սմարթֆոններից:

Apple-ը հետ չի մնում մրցակիցներից

Բոլորիս հայտնի Apple ամերիկյան ընկերությունը փորձում է հետ չմնալ իր մրցակիցներից և ստեղծել ճկվող սմարթֆոն: Նորույթն արտոնագրելու համար ընկերությունը համապատասխան բյուրոյին դիմել էր դեռ օգոստոսին, սակայն վերջնական որոշումը ստացել է օրեր առաջ:
Կրծած խնձորի աշխատակիցները փորձում են հնարավորին չափ մեծ շահույթ բերել իրենց կազմակերպությանը, իսկ ամերիկյան բյուրոկրատիան արգելակում է նրանց այդ ցանկությունը:

Իսկ ի՞նչով է տարբերվելու այս ճկվող սարքն իր նմանակներից: Դե իհարկե՝ իր աստղաբաշխական գնով:

Ֆեյսբուքը խաղային նոր հարթակ է մշակել

Կապույտ թիմն իր նորածնին մկրտել է Gameroom անվամբ: Բոլորը գիտեն, որ Facebook-ը բջջային խաղերի հարցում զիջում է iOS և Android օպերացիոն համակարգերին, ու հիմա սոցցանցը կենտրոնացել է համակարգչային խաղերի սեգմենտի վրա։ Gameroom-ը հասանելի է Windows 7 օպերացիոն համակարգի և դրանից հետո թողարկված ծրագրերի համար։

Նոր հարթակի միջոցով օգտատերերը կարող են վեբ և պորտատիվ խաղեր խաղալ, որոնք հենց Gameroom-ն է մշակել։ Դրա համար ստեղծվել է առանձին համակարգչային հավելված, որը չի շեղի Facebook-ի լրահոսից: Սա նոր քայլ էր Facebook-ի համար, հուսանք՝ Ցուկերբերգի ինժեներներն, ինչպես միշտ, կարդարացնեն օգտատերերի սպասելիքները:

Lenovo-ի «հրաժեշտի» սմարթֆոնը

Lenovo-ն կդադարի սմարթֆոններ թողարկել իր ապրանքանիշի տակ՝ փոխարինելով այն Moto լոգոտիպով: Պատճառը Moto Z մոդուլային շարքի հաջողությունն է, որը դրական է ազդել անցած եռամսյակի արդյունքների վրա: Ապրանքանիշի «հրաժեշտի նվերը» կլինի Lenovo P2 սմարթֆոնը:

Lenovo-ի՝ սմարթֆոնային ապրանքանիշից հրաժարվելու պատճառն, ամենայն հավանականությամբ, Moto G4 և Moto Z մոդելների հաջողությունն է: Երբ այս մոդելները հայտնվեցին շուկայում, Lenovo սմարթֆոնների վաճառքն աճեց 40 տոկոսով:

Արդեն հայտարարվել է, որ ներկա պահին Moto Z շարքի 1 միլիոն սարք է վաճառվել: Moto Z-ի հաջողության պատճառը Moto Mods փոխվող կաղապարներն են, որոնք թույլ են տալիս սմարֆթոնին միացնել տեսախցիկ, դինամիկ, պրոեկտոր կամ լրացուցիչ մարտկոց:

Ուրախ լուր Հարի Փոթերի երկրպագուների համար

Հարի Փոթերի երկրպագուները գոնե մեկ անգամ հաստատ երազել են կախարդական փայտիկի միջոցով հրաշագործություններ անել և գոնե մի քանի րոպեով հայտնվել փոթերյան հեքիաթային աշխարհում: «Օքեյ Google» ձայնային որոնման ծառայությունը սովորել է հասկանալ բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի հեղինակած «Հարի Փոթեր» գրքի հերոսների Լյումոս և Նոքս կախարդանքները: Օգտատերերը կարող են իրենց սմարթֆոնի լապտերը միացնել «Լյումոս» հրահանգով, իսկ լապտերն անջատելու համար տալ «Նոքս» հրահանգը։ Սարքի ձայնը հնարավոր է անջատել «Սիլենցիս» կախարդական բառով։

Սա, իհարկե, երկարացնում է հեռախոսի լապտերը միացնելու գործընթացը, բայց իրական երկրպագուներն, անկասկած, ամեն անգամ հաճույք կստանան կախարդական խոսքի միջոցով իրենց շրջակայքը լուսավորելիս: Google Street հավելվածի օգնությամբ էլ օգտատերերը կարող են այցելել 1926 թ․ Նյու Յորք, որտեղ տեղի են ունենում Ռոուլինգի գրքի հիման վրա նկարահանված «Ֆանտաստիկ արարածներն ու նրանց բնակության վայրը» ֆիլմի գլխավոր իրադարձությունները։

Բոտեր, թե՞ պատուհաս

Ապագան դեռ առջևում է, սակայն դա չի խանգարում բոտերին արդեն հիմա բարդացնել մարդկանց կյանքը: ՏՏ անվտանգության հեղինակավոր փորձագետների կանխատեսմամբ, ընդամենը հինգ տարի հետո Արհեստական Բանականությամբ օժտված ամենահայտնի հավելվածները կլինեն չաթբոտերն ու վիրտուալ օգնականները: Իսկ ինչպես են բոտերը բարդացնում մեր կյանքը, չէ՞ որ դրանք ծրագրվում են հակառակ նպատակին ծառայելու համար:

Հայտնի է, որ բոտերը վաղուց են գործարքներ իրականացնում: Սկզբում բանկիրներն ու բրոքերները օգտվում էին բոտերից (որպես հավելյալ ֆինանսական խորհրդատուներ), հետագայում կատարելագործված բոտերը սկսեցին խաղալ բորսաներում և եկամուտներ ապահովել, սակայն վերջին շրջանում այս վիրտուալ վաճառականները հաճախ են սխալվում, և դրանց վերլուծած ալգորիթմները չեն իրականանում: Այսպես օրինակ՝ hոկտեմբերի սկզբին ֆունտը սրընթաց արժեզրկվեց 6%-ով, երբ բոտերը, միայն իրենց հայտնի պատճառով, սկսեցին վաճառել արժույթը՝ միլիոնների վնաս պատճառելով հարյուրավոր գործարարների:

Բոտերին պետք է խորհուրդ տալ նաև հեռու մնալ ռեփեր Դրեյքի երկրպագուներից: Դրանց պատճառով տհաճ պատմության մեջ են ընկել նաև նրանք, ովքեր եկող տարվա սկզբին ցանկանում էին ներկա գտնվել երգչի լոնդոնյան համերգին: Ռեփերի երկրպագուները դժվար թե կարողանան համերգի տոմսեր գնել, իսկ խնդիրը ստեղծել են բոտերը, որոնք վայրկյանների ընթացքում գնել են օնլայն վաճառքում հանված բոլոր տոմսերը: Այժմ Դրեյքին տեսնելու և լսելու համար 50 դոլարի փոխարեն պետք է վճարել 800 դոլար:

Բոտերը նաև սոցցանցերի մղձավանջն են դարձել, քանի որ աղբով են լցրել այն: Բավական է որևէ գրառում անել, և ինչ-որ անհասկանալի ու բարդ անվանումով բոտ սկսում է փչացնել գրառման մեկնաբանությունները պոռնոկայքերի գովազդով:

1611