Արման Թաթոյան

ՄԻՊ գրասենյակի ծախսերը կրճատվում են, բողոքներն՝ ավելանում

19
ՄԻՊ գրասենյակի հաջորդ տարվա բյուջեն կրճատվել է 4,3 մլն դրամով: Արման Թաթոյանը սպասում է ֆինանսների նախարարության պատասխանին ու պատրաստվում 2017թ-ին ուժերը կենտրոնացնել ոստիկանների թույլ տված խախտումների դեմ:

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կրճատումներ չեն եղել և չեն էլ լինելու՝ չնայած այն հանգամանքին, որ 2017թ.-ի ՄԻՊ գրասենյակի բյուջեն կրճատվել է 4,3 միլիոն դրամով: Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանը:

Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծով ՄԻՊ գրասենյակին հատկացվել է 251 միլիոն դրամ:

Բյուջեի կրճատումը, Թաթոյանի հավաստմամբ, չի ազդի նաև մարզային գրասենյակների վրա: Հակառակը, ՄԻՊ-ը պատրաստվում է հաջորդ տարի ավելացնել արագ արձագանքման մարզային գրասենյակները: Նոր գրասենյակներ կբացվեն Տավուշի և Լոռու մարզերում:

Այդուհանդերձ, ֆինանսական կրճատումների հարցով Արման Թաթոյանը որոշ առարկություններ է ներկայացրել ֆինանսների նախարարություն, և դրանց մեծ մասն, իր խոսքով, ընդունվել է ու կներառվի բյուջեի վերջնական տարբերակում:

Արմեն Թաթոյանը հիշեցրեց, որ «Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին» նոր օրենքով նախատեսված է ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում և սոցիալական երաշխիքների ապահովում, ինչը ֆինանսական միջոցներ է ենթադրում:

Ինչ վերաբերում է ՄԻՊ հաջորդ տարվա գործունեությանը, Արմեն Թաթոյանը հայտնեց, որ 2017-ին առավել մեծ ուշադրություն է հատկացվելու բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության խնդրին և ձերբակալվածների պահման վայրերում բժշկական ծառայությունների որակին, քանի որ հոկտեմբերի 31-ի դրությամբ ՄԻՊ ստացած 4000 բողոքի մեծ մասն ուղղված է ոստիկանության համակարգի դեմ:

19