Արմեն Մարտիրոսյան

«Բելավիայի» ինքնաթիռը Կիև են վերադարձրել Արմեն Մարտիրոսյանի պատճառով

31
(Թարմացված է 18:08 22.10.2016)
Ուկրաինայի իշխանությունը հայ ուղևորի պատճառով ստիպել է, որ չվերթի մեկնած օդանավը վերադառնա Կիև, սպառնացել է կործանիչներ օդ բարձրացնել, եթե ինքնաթիռը չվերադառնա:

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. «Բելավիա» ավիաընկերության՝ Կիևից Մինսկ ուղևորված ինքնաթիռը Կիև են վերադարձրել «հակամայդանական» Արմեն Մարտիրոսյանի պատճառով, որը Կիևից Մոսկվա էր մեկնել 2014 թվականին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով strana.ua-ին։

«Ինչ և ինչպես է տեղի ունեցել… Ինչ միջոցներ են ձեռնարկվելու։ Կպատմեմ իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո», — Facebook-ի իր էջում գրել է Արմեն Մարտիրոսյանը։

Ավիաընկերությունը նախօրեին հայտնել էր, որ «Բելավիա» ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռը, որն իրականացնում է Կիև (Ժուլյանի)- Մինսկ В2-840 չվերթը, ստիպված է եղել վերադառնալ այն օդանավակայան, որտեղից մեկնել էր։ Օդանավում եղել է 136 ուղևոր և անձնակազմի վեց անդամ։

Ընկերության տվյալներով Բելառուսի օդային տարածք մտնելուց 50 կմ հեռավորության վրա օդաչուն կարգավարից հրահանգ է ստացել անհապաղ վերադառնալ մեկնման օդանավակայան՝ առանց բացատրություն տալու։

Նաև հայտարարվել է, որ հրամանը չկատարելու դեպքում օդ կբարձրացվեն կործանիչներ։ Օդաչուն կատարել է կարգադրությունը:

«Վայրէջք կատարելուց հետո Ուկրաինայի իրավապահ մարմինները օդանավից դուրս են բերել մի ուղևորի` Հայաստանի քաղաքացի, լրագրող Արմեն Մարտիրոսյանին։ Վերալիցքավորվելուց հետո օդանավը մեկնեց Մինսկ և «Մինսկի» ազգային օդանավակայանում բարեհաջող վայրէջք կատարեց տեղի ժամանակով 17։33-ին», — միջադեպի մանրամասներն է հաղորդում ուկրաինական պարբերականը։

Ավիաընկերության տվյալով՝ Ուկրաինայի իրավապահ մարմիններն Արմեն Մարտիրոսանին ազատ են արձակել, և նա «Բելավիա» ավիաընկերության հաջորդ չվերթով մեկնել է Մինսկ։

«Բելավիայից» նաև հայտնել են, որ Ուկրաինայի օդային երթևեկության սպասարկման պետական ձեռնարկությունից փոխհատուցում կպահանջեն՝ օդանավը հետ ուղարկելու համար։

Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ արդեն Մոսկվայում է։ Այն հարցին, թե ինչու են նրան բերման ենթարկել, իսկ հետո ազատ արձակել, նա պատասխանել է. «Զանգ ընկերոջը. դա շատ բան է որոշում»:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը մինչև հիմա այս միջադեպի վերաբերյալ որևէ պարզաբանում չի արել:

31