Гостиница Алладин

Ականատես. հյուրանոցի վրա հարձակվողները խանութի վարձակալներ են

30
(Թարմացված է 15:24 09.01.2016)
Երեկ բոլոր հեղինակավոր լրատվամիջոցները հայտնեցին, որ Եգիպտոսում գտնվող հյուրանոցներից մեկի վրա հարձակում է իրականացվել, որի հետևանքով երեք զբոսաշրջիկ է մահացել, հետո ավելի ուշ տեղեկություն հրապարկվեց այն մասին, որ զբոսաշրջիկները թեթև վնասվածքներ են ստացել

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Sputnik Արմենիան կապ հաստատեց տեղի բնակիչներից մեկի` եգիպտացի Ադենի հետ, որը դեպքի ականատեսն է եղել, և նա մեզ պատմեց հետևյալը.

«Այնտեղ խնդիրներ են եղել վարձակալությամբ վերցված խանութի հետ։ Երկու հոգի են եղել վարձակալողները, նրանք չեն կարողացել վճարել վարձը, քանի որ Եգիպտոսն այսօր զբոսաշրջիկների թվի հետ կապված լուրջ խնդիրներ ունի։ Տարածքի սեփականատերը չի ցանկացել նվազեցնել վարձավճարի չափը, և նշված վարձակալներն իրենց ընկերոջ հետ հարձակում են կազմակերպել հյուրանոցի վրա»։

«Ալ-Յաում աս-Սաբիա» կայքը տեղեկացնում է, որ դեպքից հետո Եգիպտոսի ոստիկանությունը սկսել է ստուգումներ անցկանցել բոլոր հյուրանոցներում, որպեսզի պարզի, թե անվտանգության ինչ մակարդակ են ապահովում հյուրանոցները։

«Գո թրևլ» տուրօպերատորի աշխատակից Վարսենիկ Տերտերյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Հայաստանից Հուրգադա ուղիղ չվերթեր չեն իրականացվում: Իսկ Վրաստանից այս պահին չվերթեր չկան՝ կապված սեզոնայնության հետ: Այդ պատճառով էլ տուրիստական գործակալություններում չեն կարողանում հստակ տեղեկություն տալ այն մասին, թե Հուրգադայում այս օրերին հայ հանգստացողներ կան, թե ոչ:

Իսկ «Ավա տուր» տուրիստական գործակալությունից էլ տեղեկացրին, որ այլևս ուղևորություններ չեն կազմակերպում Եգիպտոսի ուղղությամբ, քանի որ ռուսական օդանավի կործանումից հետո հայաստանցիների շրջանում պահանջարկը նվազել է: Մինչև Ամանոր գրեթե բոլոր փաթեթները վերադարձվել են:

Ավելի վաղ Եգիպտոսի ՆԳՆ-ն հայտնել էր, որ եգիպտական Հուրգադա քաղաքում գտնվող Bella Vista հյուրանոցի վրա իրագործված հարձակման հետևանքով տուժել է Ավստրիայի երկու քաղաքացի և Շվեդիայի մեկ հպատակ։ Տեղի ԶԼՄ-ների տվյալով` զբոսաշրջիկները տարբեր վնասվածքներ են ստացել, հիմնականում` կտրող գործիքի հետևանքով առաջացած վնասվածքներ։

Ոստիկանությունը հայտնում է, որ հարձակում իրականացրած անձինք ահաբեկիչներ են եղել, նրանք հյուրանոցում գտնվող անձանց սպառնացել են սառը զենքով։ Ոստիկանները կարողացել են դիմակայել նրանց, փոխհրաձգություն է սկսվել, որի հետևանքով հարձակվողներից մեկը մահացել է, մյուսը` վիրավորվել։ Պարզվել է, որ նրանցից մեկի մոտ ազդանշանային ատրճանակ է եղել, մյուսի մոտ` սառը զենք։

 

30