ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik, Գոհար Սարգսյան. Քչերը գիտեն, որ իսպանական Կադիս քաղաքի Սանտա Մարիա դե Նազարենա եկեղեցին XVII դարում կառուցել են հայ վաճառականները: Նրանք Ջուղայից ու մահմեդական երկրներից հաստատվել են Կադիսում և զբաղվել առևտրով՝ ստեղծելով առաջին հայ համայնքը Իսպանիայի թագավորությունում:
«Նրանք հասել են Կադիս, ներկայացել ինկվիզիցիայի գրասենյակ ու ստացել եկեղեցի կառուցելու իրավունք: Մենք հիշում ենք, որ այդ շրջանում Իսպանիայում կար հզոր ինկվիզիցիա: Կաթոլիկ եկեղեցուն հավատարմություն չտվողներին կամ վտարում էին երկրից, կամ էլ այրում: Մյուս կողմից` եթե ուսումնասիրենք վաճառականների հոգեբանությունը, ապա նրանք կրոնական հավատարմություն չեն ունեցել, որ երկրում հաստատվել են, այնտեղի կրոնն էլ ընդունել են»,-պատմում է Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը:

Այսօր էլ միջնադարյան եկեղեցու պատերին հայատառ գրառումներ կան: Եկեղեցու ներսում մկրտության ավազանն է, որտեղ օրհնված ջուր է. այն ցողում են եկեղեցի եկած հավատացյալների վրա: Այդ ավազանի վրա նշված են եկեղեցու բարերարներ Դավիթ, Պողոս և Հակոբ Շաքարյանների անունները: Ասում են նաև, որ այնտեղ հայ վաճառականներ են թաղված:
«Նախորդ տարի Իսպանիայի տարբեր քաղաքներից ուխտագնացության նպատակով Կադիսի եկեղեցի էին եկել մոտ 250 իսպանահայեր: Դա ընդունում էինք որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախնական ձեռնարկ»,-ասաց մեր զրուցակիցը:

Սասուն ծայրագույն վարդապետի խոսքով՝ տեղի հայ հոգևորականներն իրենց աղոթքները, պատարագներն ու խորհուրդներն անում են Իսպանիայի կաթոլիկ եկեղեցիներում, քանի որ այնտեղ Հայ առաքելական եկեղեցի չկա.
«Մեր հարաբերությունները կաթոլիկ եկեղեցու հետ բարիդրացիական են: Յուրաքանչյուր քաղաք ունի իր կարդինալը, հենց նրանց հետ է մեր համագործակցությունը»,- հայտնեց հոգևորականը:
Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև Իսպանիայի հայ համայնքին: Ժամանակին տեղի հայերի մեծ մասը զբաղվել է շինարարությամբ: Հիմա նրանք ներգրավվել են գործարար միջավայրում, իսկ ավելի հաճախ՝ ռեստորանային բիզնեսում:

«Վերջին 20 տարիներին մեծ թվով հայեր են եկել Իսպանիա: Նրանք շարունակում են խոսել հայերեն, բայց շատերը հետաքրքրված չեն հայկական ինքնության պահպանմամբ, իսկ դրա գրավականը կրոնն է ու մշակույթը: Սկզբում հայաստանցիներն այստեղ են եկել փող աշխատելու և հետ վերադառնալու մտադրությամբ, սակայն դրանից արդեն մոտ 20 տարի է անցել: Այստեղ երեխաներ են ծնվել, մեծացել ու դպրոց գնացել: Հետո նրանք փաստաթղթեր ձեռք բերելու համար ամուսնացել են իսպանացիների հետ ու այդպես վերջնականապես հաստատվել Իսպանիայում: Իրենց ինքնությունը մոռանում են հատկապես նրանք, ովքեր դժգոհ են հեռացել Հայաստանից»,- ցավով նշում է Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը:

Նա նաև ավելացնում է, որ կան հայեր, ովքեր գողությամբ են «զբաղվում», և «այն լավ ու բարի վարկանիշը, որ ունի հայ համայնքը, մի քանի հոգու պատճառով տուժում է»:

Ավելացնենք, որ ըստ իսպանացի պատմաբանների՝ Կադիսի ամենաբարձր աշտարակի դիտակետն ու քաղաքապետարանի շենքը ևս կառուցվել են հայ վաճառականների բարերարությամբ:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Գերիների վերադարձի հումանիտար, կարևորագույն հարցի քաղաքականացումն անընդունելի է։ Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը`անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը հայ բոլոր գերիներին վերադարձրել է։ Իսկ այդ երկրում մնացած անազատության մեջ գտնվող մյուս անձինք հանցագործներ են` դիվերսանտներ։
Այվազյանը շեշտեց, որ Ալիևի հայտարարության անընդունելիությունն արդեն հաստատվել է նաև տարբեր միջազգային կառույցների կողմից։
«Հավանաբար տեղյակ եք, որ տարբեր երկրների, միջազգային կառույցների ղեկավարներն արդեն ավելացնում են այս հարցով միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա։ Վերջինը` երեկ Իտալիայի խորհրդարանը նույնպես ընդունել է բանաձև` կոչ անելով Ադրբեջանին անհապաղ լուծում տալ այս հումանիտար կարևորագույն հարցին»,– ասաց Այվազյանը։
Ագ նախարարը նաև հայտնեց, որ գերիների վերադարձի համար հայկական կողմն օգտագործում է բոլոր խողովակները` հատկապես կարևորելով տարածաշրջանում ՌԴ–ի ունցած կարևոր դերակատարումը։
«Սկսած նախագահ Պուտինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջոցով անմիջական շփումներ են տեղի ունենում այս հարցի ուղղությամբ, և ռուսական կողմը հետևողականորեն բարձրացնում է այդ հարցը Ադրբեջանի ղեկավարության մոտ»,– ասաց Այվազյանը։
Նա նաև հավելեց, որ այդ հարցը հատուկ ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների զրույցների մակարդակում։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Սարգսյանը մասնավորապես ընդգծել է ՌԴ վարչապետի ծանրակշիռ ներդրումը երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների և քաղաքական, տնտեսական, ռազմական ու հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման ու ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների բարելավման մեջ»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ նախագահ քաջառողջություն և հաջողություններ է մաղթել ՌԴ վարչապետին:
Նշենք, որ այսօր լրանում է Միշուստինի 55-ամյակը։
Ավելի վաղ նրան շնորհավորական ուղերձ էր հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. Շիրակցի գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի դուռը: Նրանք կեսօրից սկսած նստել են մարզպետարանի մուտքի դիմաց և աստիճաններին ու պահանջում են հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադարձվելու Հայաստան:

«Այս ակցիան մեր երեխաների համար է, ուզում ենք իմանալ, թե երբ են բերելու մեր տղաներին` հստակ ժամանակ ենք պահանջում։ Ո՞վ է բերելու մեր տղաներին, ե՞րբ՝ ոչ մի բան չգիտենք»,-մեզ հետ զրույցում ասաց գերիներից մեկի մայրերը:
Գերիների ծնողները վրդովված են, որ իրենց մինչ այս պահը հստակ պատասխան չեն տվել, միայն հորդորել են համբերել ու սպասել: «Բայց էս մոլորությամբ ինչքան կարելի է սպասել: Գոնե իմանանք` ինչ է կատարվում: Հա ասում են` այս ամսվա վերջին կբերենք, մյուս ամսվա 15-ին կբերենք: Ասենք թե մենք այստեղ սպասենք, բա էն երեխեքը այնտեղ, ինչպե՞ս կսպասեն, հլը իրենց վիճակը պատկերացրեք»,-լրագրողների հետ զրույցում ասացին ծնողները:
Ինչպես նախկինում այս անգամ ևս հարազատները վստահեցնում են՝ ոչ մի քաղաքական պահանջ ու ենթատեքստ իրենց ակցիաները չունեն՝ միայն պահանջում են որդիների վերադարձը:
«Մեզ միայն մեր երեխաների հարցի լուծումն է պետք: Մեզ թող պատասխան տան, կամ ՀՀ վարչապետը մեզ ընդունի ու հստակ պատասխան տա մեր երեխաների ճակատագրի մասին: Էլ հնարավոր չէ սպասել: Հա՛մ խնդրում, հա՛մ պահանջում ենք: Մեռած ենք, թաղած չենք»,-նշեցին մայրերը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետի հետ օրեր առաջ Գյումրիում կայացած հանդիպմանը` ծնողները վստահեցրին՝ հստակ պատասխաններ չեն ստացել: «Արդեն 80 օր մեր երեխաներին չենք տեսել, ինչքան երկարեց, այնքան մեր տղաների վիճակը վատանալու է: Մենք ինչպես մեր երեխաներին հանձնել ենք իրենց, թող այդպես էլ սաղ-սալամաթ բերեն մեզ վերադարձնեն: Մեզ համար ցավալին այն է, որ մեր տղաները գերեվարվել են հրադադարից հետո»:

Հիշեցնենք, որ նախորդ ակցիայի ժամանակ գերեվարված զինվորների ծնողները պահանջել էին հանդիպում ՀՀ և ԱՀ նախագահների հետ: Ասացին` մինչ օրս ոչ մեկի կողմից արձագանք չի եղել: Ծնողները վստահեցրին՝ եթե վաղը չստանան իրենց հարցերի պատասխանները, կամ էլ իրենց վարչապետը չընդունի, կդիմեն ծայրահեղ քայլերի: Թե ինչ քայլերի, նախընտրեցին գաղտնի պահել։



