Нобелевская премия

Էկոնոմիկայի նոբելյան մրցանակը շնորհվել է Էնգուս Դիտոնին

5
(Թարմացված է 21:35 12.10.2015)
Անգլոամերիկացի գիտնական Էնգուս Դիտոնը դարձել է էկոնոմիկայի մրցանակակիր «սպառման, աղքատության և բարեկեցության վերլուծության» համար

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Spuntik. Էկոնոմիկայի նոբելյան մրցանակի է արժանացել անգլոամերիկացի գիտնական Էնգուս Դիտոնը«սպառման, աղքատության և բարեկեցության վերլուծության» համար, երկուշաբթի ասել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան Ստոկհոլմում։

Էկոնոմիկայի մրցանակը սահմանել է Ալֆրեդ Նոբելի հիշատակին Շվեդիայի պետական բանկը 1968 թվականին։

Հատկանշական է, որ որ հայտարարելուց մի քանի րոպե առաջ հաղթողի անունով ծանուցումը, հավանաբար, սխալմամբ հրապարակվել է Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքում։

Շվեդիայի ակադեմիայի հայտարարությունում նշվում է, որ ապրանքների և ծառայությունների սպառումը մարդկային բարեկեցության վճռորոշ գործոն է։ Վերջին 30-40 տարիներին սպառման տեսության ուսումնասիրությունը սրընթաց աճ է գրանցել, բայց Էնգուս Դիտոնն առանձնանում է տնտեսագիտության այս բնագավառում ունեցած իր ավանդով։

Դիտոնի գլխավոր ձեռքբերումների թվում նշվում է պահանջարկի համակարգերի վերլուծությունը սպառման տարբեր առարկաների օրինակով, միկրոէկոնոմետրիկայում հեղափոխություն կատարած սպառման հանրագումարի ուսումնասիրությունը, ինչպես նաև տնային տնտեսությունների վիճակագրության օգտագործումը զարգացող երկրներում կյանքի և աղքատության չափանիշների չափման համար։

Էկոնոմիկայի մրցանակի, ինչպես և Նոբելյան մյուս մրցանակների գումարը 2015 թվականին կազմում է 8 միլիոն շվեդական կրոնա (953 հազար դոլար)։

Ինքը` Ալֆրեդ Նոբելը, 19–րդ դարի վերջում կտակել է ընդամենը հինգ պարգև` ֆիզիոլոգիայի կամ բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, գրականության և խաղաղության ամրապնդման։ Մրցանակակիրների անունները հայտնի են դարձել Ստոկհոլմում և Օսլոյում նախորդ շաբաթ։

Էկոնոմիկայի մրցանակը սահմանվել է մի փոքր ուշ, և պարգևի տերերի դրամական պարգևատրումը ստանձնում է Շվեդիայի պետական բանկը։

Դրանով էլ սկզբունքորեն ավարտվում է էկոնոմիկայի մրցանակի տարբերությունը Նոբելյան մյուս մրցանակներից, դրա պարգևատրումը միշտ անցկացվում է Ստոկհոլմում նոբելյան մյուս մրցանակակիրների հետ միասին դեկտեմբերի 10–ին` Նոբելի մահվան օրը։

5