ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի–Sputnik. Որքա՞ն կփոխվեր աշխարհը, եթե ամենահարուստ մարդիկ յուրաքանչյուր երկրում իրենց ողջ հարստությունը տային բնակչության ամենաաղքատ շերտերին:
Bloomberg–ի վերլուծաբանները փորձել են պատասխանել այս հարցին, ինչի արդյունքում նրանք ստեղծել են Ռոբին Հուդի ցուցիչը (Robin Hood Index), հաղորդում է vestifinance.ru կայքը։
Վերլուծաբաններն ուսումնասիրել են 42 երկիր, որոնք գտնվում են տարբեր ժողովրդագրական և տնտեսական իրավիճակում, այնուհետև համեմատել են յուրաքանչյուր երկրում ամենահարուստ մարդկանց ունեցվածքն աղքատության մեջ ապրող բնակչության տոկոսի հետ։
Հատկանշական է այն փաստը, որ միայն Չիլիում, Նիդեռլանդներում, Ֆրանսիայում և Ավստրալիայում ամենահարուստ մարդիկ կանայք են։
Ցուցիչը ցույց է տալիս, թե յուրաքանչյուր երկրի ամենահարուստ մարդու ունեցվածքի չափը ինչպես է հարաբերակցվում ամենաաղքատ հայրենակիցների գոյության պահպանման միջոցների հետ, դոլարով հաշվարկվում է այն գումարը, որը կստանար աղքատության եզրին ապրող մարդը, եթե ամենահարուստ մարդու ակտիվները փոխանցվեին բնակչության աղքատ շերտերին։
Վերլուծաբանները որպես հիմք վերցրել են երկու ցուցիչ` Bloomberg Billionaire Index–ը և CIA World Factbook–ը։
Եթե Բիլ Գեյթսի ընդհանուր ունեցվածքը փոխանցվեր աղքատության եզրին ապրող ամերիկացիների 15 տոկոսին, ապա նրանցից յուրաքանչյուրը կստանար 1 736–ական դոլար։
Ամենամեծ թվով բնակչություն ունեցող Հնդկաստանում երկրի ամենահարուստ մարդու` Մուկեշ Ամբանիի ունեցվածքը (19,2 մլրդ դոլար) բաշխելու դեպքում աղքատության եզրին ապրող յուրաքանչյուր մարդուն փոխանցվող գումարը կլիներ ամենափոքրն այս վերլուծության մեջ հայտնված բոլոր երկրների շրջանում։
Ամբանիի ունեցվածքը 13,6 անգամ շատ է նրա հայրենակիցների ՀՆԱ–ից։ Սակայն քանի որ երկրի բնակչության 30 տոկոսն աղքատ է, ապա յուրաքանչյուր մարդ կստանար ընդամենը 59 դոլար։
Դա կբավականացներ 35 ռուպի (50 ցենտ) արժողությամբ 118 անգամ սնունդ ընդունելուն, որը կներառեր բրինձ, դալ (լոբազգիներից պատրաստված հնդկական խյուս), երկու տեսակի բանջարեղեն, մեկ թթու վարունգ և երեք բլիթ։
Կիպրոսն ու Շվեդիան, որտեղ աղքատներին կփոխանցվեր ամենաշատ գումարը, համապատասխանաբար, 45 987 և 33 149 դոլար, ևս բացառություն կազմեցին։
Այդ երկրների բնակչությունն այnքան էլ մեծ չէ։ Օրինակ, Կիպրոսում բնակվում է 1,1 մլն մարդ։ Միաժամանակ երկու երկրների կենսամակարդակը բավականին բարձր է։ Այսպես, Շվեդիան առաջատար երկրներից մեկն է բնակչության մեկ հոգու համար նախատեսված ՀՆԱ–ի մակարդակով։
Սակայն շատ դժվար է հաշվել հարստության նման տեղաբաշխումից ստացած օգուտը, քանի որ յուրաքանչյուր երկրում 1 դոլարով կարելի է գտնել տարբեր մթերք և տարբեր գնով։
Բացի այդ, աղքատության շեմը յուրաքանչյուր երկրում ևս տարբերվում է։ Այդուհանդերձ, ժամանակակից աշխարհում չեն մնացել Ռոբին Հուդեր, ովքեր իսկապես կորոշեն լավացնել իրենց աղքատ հայրենակիցների կյանքը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռը վթարի է ենթարկվել եղանակային պայմանների վատթարացման պատճառով։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Նախնական տվյալներով և ականատեսների վկայությամբ՝ վթարը տեղի է ունեցել եղանակային պայմանների կտրուկ վատթարացման պատճառով։ Ուղղաթիռի կործանման փաստով հետաքննություն է սկսվել` պատահարի ճշգրիտ պատճառը պարզելու համար», - հայտարարել է Աքարը։
Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ` մարտի 4–ին, Թուրքիայում Cougar տիպի ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 9 թուրք զինծառայող, 4-ը վիրավորվել են:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտահերթ ընտրությունների առաջարկը ԲՀԿ–ն չի քննարկել։ Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Քանի որ այսօր կուսակցության քաղխորհրդի նիստ նախատեսված չէ, հետևաբար Նիկոլ Փաշինյան– Գագիկ Ծառուկյան հանդիպում ևս նախատեսված չէ»,–ասաց Տոնոյանը` հավելելով, որ այդ որոշումը պետք է բացառապես քաղաքական խորհրդի ձևաչափում կայացվի։ Այսինքն` ի հայտ եկած նոր իրողությունների քննարկում լինի, քաղաքական ներկա իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն և ըստ այդմ`քաղաքական դիրքորոշում։
«Այս պահին մենք ձեռնպահ ենք մնում հարցի հետ կապված մեր անձնական դիրքորոշումը ներկայացնելուց, մինչ այն պահը, երբ քաղաքական խորհուրդը` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կքննարկի որոշումը»,– ասաց Տոնոյանը` պատասխանելով հարցին` հնարավո՞ր է, որ ԲՀԿ–ն հրաժարվի Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության ձևավորման` ընդդիմադիր շարժման առաջ քաշած դիրքորոշումից ու ընդունի խորհրդարանը ցրելու ու նոր ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ շեշտեց, որ արտահերթ ընտրությունների անցկացումը նաև իրենց օրակարգում է։ «Խնդիրը դրանց անցկացման ժամկետի ու ձևաչափի մեջ է։ Բայց որ ճգնաժամ կա, ու այն երկար չի կարող շարունակվել, միանշանակ է»,– ասաց նա։
Մելքումյանը նշեց, որ կառավարման համակարգը չի գործում ու իր հաշվարկով դրա հետևանքով Հայաստանի տնտեսությունն օրական 5-7 մլն դոլար գումար է կորցնում։ Եվ սա, նրա խոսքով, ամիսներ շարունակվել այլևս չի կարելի։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։
«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման չէր գնացել`հայտարարելով, որ նրանից հրավեր չի ստացել։



