Кофе и круассаны

Գիշերային ժամերին սուրճ խմողները կարող են «բու» դառնալ

58
(Թարմացված է 12:54 17.09.2015)
Բրիտանական և ամերիկյան գիտնականները պարզել են, որ գիշերվա ժամին խմած սուրճի յուրաքանչյուր բաժակը 40 րոպեով «սառեցնում» է մեր ներքին կենսաբանական ժամացույցը

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Գիշերային ժամերին սուրճ խմելու սովորությունը կարող է խախտել մարդու ներքին կենսաբանական ռիթմն ու «արտույտից» «բու» դարձնել նրան։ Ինչպես Science Translational Medicine ամսագրում հրապարակված հոդվածում նշում են կենսաբանները, գիշերային և երեկոյան ժամերին խմած սուրճի յուրաքանչյուր բաժակը 40 րոպեով «սառեցնում» է մեր ներքին կենսաբանական ժամացույցը, ինչն օգնում է ավելի երկար առույգ մնալ։

«Մեր ուսումնասիրությունն աշխարհում առաջին հետազոտությունն է, որը նվիրված է կոֆեինին և ցույց է տալիս, թե ինչպես է այն ազդում մարդու բիոռիթմերի վրա ու ավելի ակտիվ դարձնում մարդուն։ Այդ փորձերը մեզ օգնեցին նաև բացահայտել մի շարք հետաքրքրաշարժ էֆեկտներ, որոնք կոֆեինն առաջացնում է մարդու օրգանիզմում», – հայտնել է Քենեթ Ռայթը (Kenneth Wright) Բոուլդերի (ԱՄՆ) Կոլորադո նահանգի համալսարանից։

Ռայթն ու գործընկերները, հետևելով հինգ կամավորների օրգանիզմի աշխատանքին և նրանց վարքագծին, պարզել են, թե որքան է տևում մեկ բաժակ սուրճի ազդեցությունը և ինչու է այն օգնում (կամ խանգարում) մեզ արթուն մնալ գիշերային հերթապահությունների ժամանակ և քննություններին պատրաստվելիս։ Կամավորները համաձայնվել են 50 օր անցկացնել սարքավորումներով զինված հատուկ սենյակներում։

Այդ սենյակներն այնպես են կահավորված եղել, որ լույսը երեկոյան ժամերին ընդհանրապես չի անջատվել։ Քնելուց երեք ժամ առաջ փորձի մասնակիցներին տվել են «վիտամիններ», որոնք մեծամասամբ կոֆեինի դեղահաբեր են եղել։

Հաջորդ ժամերի ընթացքում կենսաբանները  պարբերաբար թքի նմուշներ են վերցրել և չափել մելատոնինի` քնի հորմոնի քանակը, հետևել են` որքան արագ ու երկար են քնում փորձի մասնակիցները։

Ինչպես ցույց է տվել փորձը, քնելուց առաջ մեկ բաժակ սուրճի չափ կոֆեինի  օգտագործումը հանգեցնում է նրան, որ մարդու կենսաբանական ժամացույցը 40 րոպեով կանգ է առնում, և օրգանիզմում նվազում է մելատոնինի մակարդակը։

Սա տեղի է ունենում այն պատճառով, որ կոֆեինը հիպոֆիզի բջիջների մակերևույթին արգելափակում է հատուկ ռեցեպտորները, որոնք մելատոնին են արտադրում։ Այդ ռեցեպտորները ընկալում են քնի այլ ազդակի` ադենոզինի բջիջները և սկսում են մելատոնին արտադրել։ Եթե դրա աշխատանքն արգելափակվում է մի քանի օր շարունակ, ապա մարդու «ներքին» ժամացույցը խախտվում է, և նա սկսում է քնել ավելի ուշ` նույնիսկ առանց կոֆեին օգտագործելու։ Այդ իսկ պատճառով «արտույտները», ովքեր սուրճ են ըմպում գիշերը, կարող են «բվի» վերածվել։

Հետաքրքիր է նաև այն, որ գիշերվա ընթացքում չանջատված լույսը նույն ազդեցությունն է ունեցել, ինչը կոֆեինի։ Հետազոտության հեղինակները փորձել են համադրել լուսն ու կոֆեինը, սակայն դա չի ավելացրել արթուն մնալու ժամանակահատվածը։ Ամենայն հավանականությամբ, նմանատիպ բիոժամերի «վերակառավարումն» ունի իր ներքին վերին շեմը, որը գիտնականները դեռ պետք է բացահայտեն։

Հետազոտողները, նշել են, որ կոֆեինի այս բացառիկ ազդեցությունը կարող են կիրառել հատկապես նրանք, ովքեր ուղևորվում են մեկ այլ ժամային գոտում գտնվող երկիր և նոր ռիթմի հարմարվելու կարիք ունեն։

58