Штанга на вершине Эльбруса

Հայ ալպինիստը պատմել է Էլբրուսի վրայի ծանրաձողի պատմությունը

37
(Թարմացված է 11:16 10.09.2015)
Հայ ալպինիստը պատմել է հետաքրքրաշարժ պատմություն այն մասին, թե ինչպես է ծանրաձողը հայտնվել Էլբրուսի գագաթին

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Մի խումբ ալպինիստներ, որոնց շարքում նաև հայեր են եղել, վերջերս բարձրացել են Էլբրուսի գագաթը և այնտեղ տեսել արտասովոր մի իր` ծանրաձող։ Այն մասին, թե ինչպես է այդ ծանրաձողը հայտնվել Էլբրուսի գագաթին և ով է այն այդտեղ բերել, Facebook սոցցանցի իր էջում պատմել է արշավի մասնակիցներից մեկը` Արտաշես Մկրտչյանը։

«Մի քանի օր առաջ 4700 մ-ի վրա վրանային ճամբար էինք խփել: Արդեն երեկոյան ժամը 8-ի կողմերն էր, շատ վատ եղանակ և ձնամրրիկ էր: Դրսում ձայներ լսեցի, դուրս եկա վրանից` տեսնեմ երկու լեռնագնաց են իջնում: Գոռացի` ինչով կարող եմ օգնել, մեկը բացականչեց` «Ջուուո՜ւուր», – գրում է Մկրտչյանը։

Երբ ալպինիստը մոտեցավ, պարզվեց, որ նա մի թեթև բաճկոնով է (դրսում —10 աստիճան էր), ընդ որում, հաղթանդամ մարդ էր և առանց ուսապարկի:

Պարզվում է` ինքը ծանրաձողի չեմպիոն է, ու այդ 75!!!!!! կիլոգրամանոց ծանրաձողը  բարձրացրել է գագաթ ու փաստորեն իջնում էր արդեն բավականին ուշացած:

«Ինչ-որ ռեկորդի համար էր արել: Այսպիսի բաներ, իսկ դուք ասում եք` Էլբրուսը բարդ է… այ, սա է բարդ», – նշել է Մկրտչյանը։

Պարզել, թե իրականում ով է եղել այդ լեռնագնացը, որ ցանկացել է Էլբրուսի գագաթին հասցնել այդ երկաթաձողը, դժվար չէր։ Նա ՌԴ Մուրմանսկի շրջանի Պաուերլիֆթինգի ֆեդերացիայի ղեկավար Անդրեյ Ռոդիչևն է, ով Էլբրուսի գագաթն է բարձրացել «7 գագաթի ակումբի» խմբի մասնակիցների հետ։

руководитель Федерации Пауэрлифтинга Мурманской области Андрей Родичев, который поднял штангу на вершину Эльбруса
руководитель Федерации Пауэрлифтинга Мурманской области Андрей Родичев, который поднял штангу на вершину Эльбруса


Իր այդ արարքով նա ցանկացել է հանրության ուշադրությունը հրավիրել իր տարածաշրջանում ծանր աթլետիկայի զարգացման վրա։

Ծանրաձողը գտնվում է Էլբրուսի ամենաբարձր կետում, այժմ հուշանվերների սիրահարներից մեկն այն պետք է ներքև գլորի։ Դա անելն, իհարկե, ավելի հեշտ կլինի, քան բարձրացնելը, սակայն նույնպես հասարակ բան չէ։
 
Ինքը` Անդրեյը, կիսել է իր տպավորությունները և գրել. «Սեպտեմբերի 6-ին` ուղիղ ժամը 12։15-ին, բարձրացել եմ Էլբրուս լեռը` 5642 մետր բարձրության վրա։ 2-3 անգամ ամեն օր մարզվում էի, որպեսզի ֆիզիկապես պատրաստված լինեմ նվաճելու Էլբրուսի դժվարամատչելի գագաթը։ Բարձրանալիս ես միայն տեսնում էի իմ կոշիկները, ինձ շատ դժվար էր։ Յուրաքանչյուր օր ավելի էր բարդանում վերելքը, սակայն ես առաջ էի գնում։ Ես նույնիսկ աչքերի այրվածք եմ ստացել, փառք Աստծո, ես չկորցրեցի տեսողությունս։ Հիմա ստիպված եմ սև ակնոց կրել, կարծում եմ` 2-3 օրից դա կանցնի»։

«Անդրեյի համար ավելի դժվար է սար բարձրանալ, քան մյուսներին», –Կոմսոմոլսկայա պրավդա թերթին տված հարցազրույցում ասել է պրոֆեսիոնալ լեռնագնաց Ալեքսանդր Սուխարյովը, ով օգնում էր Ռոդիչևին մագլցել։

«Չ՞է որ լեռնագնացությունն ու պաուերլիֆթինգը` երկու անհամատեղելի սպորտաձևեր են։ Որքան քիչ է քաշը, այնքան հեշտ է բարձրանալը։ Անդրեյը պետք է իր մկանները սներ թթվածնով, ինչը լեռներում չի բավարարում», – ասել է Սուխարյովը։

Այս լեռնագնացությունը բացառիկ և ռեկորդային է Էլբրուսի պատմության մեջ, դեռևս ոչ ոք և երբեք իր ուսերին դրված նման ծանրություն լեռ չի բարձրացրել։

Այժմ ծանրաձողը զարդարում է Էլբրուսը և լեռան վրա կառուցած հուշարձանի մի մասն կազմում։

37