Концерт Шарля Азнавура

Շառլ Ազնավուրը կոչ է արել օգնել Եվրոպա ժամանող գաղթականներին

149
Ազնավուրը, մասնավորապես, կոչ է արել հոգ տանել գաղթականների ապագայի մասին, բարելավել նրանց վիճակը

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հանդես է եկել Եվրոպա ժամանող գաղթականներին օգնելու կոչով` Agence France Presse-¬ին տված հարցազրույցում։

«Ես ծանր տառապանք եմ ապրում, երբ տեսնում եմ այդ մարդկանց բազմությունը, որոնք թափառում են իրենց երեխաների հետ միասին: Բարեբախտաբար, ես անձամբ չեմ ճաշակել նման վիճակի դառնությունները, բայց վստահ եմ, որ դրանք բաժին են հասել իմ ներգաղթյալ ծնողներին: Հարկավոր Է հոգ տանել նրանց ապագայի մասին, բարելավել նրանց վիճակը», – նշել է Ազնավուրը։

Նա կոչ է արել հոգ տանել գաղթականների ապագայի մասին, բարելավել նրանց վիճակը։

Այդ կապակցությամբ նա հիշեցրել է իր կողմից արդեն առաջադրված գաղափարը՝ միգրանտներին բնակեցնել Ֆրանսիայի հեռավոր բնակավայրերում, փոքր քաղաքներում ու գյուղերում, որոնք գործնականում լքված են տեղի բնակիչների կողմից:

«Այդպիսով, այդ բնակավայրերը կհամալրվեն նոր ուժով: Այդ միգրանտների թվում կան ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ՝ բժիշկներ, ավտոտեխնիկներ, հացթուխներ: Նրանց ջանքերը թույլ կտան այդ ավաններում վերաբացել դպրոցները, փոստային բաժանմունքները»,¬ — նշել է աշխարհահռչակ շանսոնյեն:

Ազնավուրն ընդգծել է, որ այդօրինակ ծրագրի իրագործման դեպքում «Ֆրանսիան մատնացույց կանեն որպես օրինակելի երկիր»:

«Ես միանգամայն վստահ եմ, որ հենց այդպես էլ պետք է վարվել»,¬- նշել է Շառլ Ազնավուրը։

Նա չի բացառել, որ կմասնակցի մի խումբ երգիչների և կոմպոզիտորների կողմից այդ թեմայով ընդհանուր երգի ստեղծմանը, ինչպես դա եղավ 1989 թվականին` Հայաստանը պատուհասած հզոր երկրաշարժից հետո։

149
թեմա:
Հանրահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուր (47)