Боевики ИГИЛ в плену у сирийских спецслужб

Սիրիայի իշխանություններն օդային գործողություն են իրականացրել ԻՊ–ի դեմ և 30 գրոհայինի են սպանել

7
Օդային գործողությունն անցկացվել է Հոմս քաղաքից 85 կմ հեռավորության վրա` Ալ Քարիատեն քաղաքում։ Աղբյուրների տվյալով` չեզոքացված գրոհայինների մեծ մասը եղել են Թունիսից և Սաուդյան Արաբիայից

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի– Sputnik. Սիրիայի ՌՕՈՒ–ի օդային գործողությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դիրքերի դեմ անցկացվել է երկրի արևմուտքում, հաղորդում է SANA գործակալությունը` հղում անելով ռազմական աղբյուրներին։

Ալ Քարիատեն քաղաքում ավիահարվածների արդյունքում Հոմս նահանգում մահացել է առնվազն 30 իսլամիստ, որոնց մեծ մասը եղել են Թունիսից և Սաուդյան Արաբիայից։

«Սպանվել է 30 գրոհային, որոնց մեծ մասը Սաուդյան Արաբիայի և Թունիսի քաղաքացիներ են եղել, սպանվել են նաև Աբու Հաջիր և Աբու Աբդալլա մականուններով երկու պարագլուխները»,– նշված է գործակալության հաղորդագրությունում։ Սիրիական ինքնաթիռներին հաջողվել է ոչնչացնել զինապահեստներ և յոթ ավտոմեքենա, որոնք զինված են եղել խոշոր տրամաչափի գնդացիրներով։

Իրաքի և Սիրիայի տարածքի զգալի մասը զավթած ԻՊ–ի լայն տարածումը համաշխարհային գլխավոր խնդիրներից է։ ԿՀՎ տվյալով` խմբավորման կազմում շուրջ 20 հազար գրոհային կա, ԻՊ–ն խալիֆայություն է հռչակել զավթած տարածքներում և ձգտում է հետագայում էլ ավելի ընդլայնվել։

ՒՊ–ի հետ պայքարի ընդհանուր ճակատ չկա։ Խմբավորման դեմ պայքարում են Սիրիայի և Իրաքի կառավարական զորքերը, միջազգային կոալիցիան ԱՄՆ–ի գլխավորությամբ, որն առայժմ սահմանափակվում է օդային հարվածներով, ինչպես նաև իրաքցի և սիրիացի քրդերը։ Մարտական գործողությունների հետևանքով հազարավոր բնակիչներ են զոհվել, հարյուր հազարավորներ փախստական են դարձել և ևս մի քանի հազար էլ ԻՊ–ում մնացել են որպես պատանդ։

7