Анкара, столица Турции

Հայ պատգամավորը Թուրքիայի խորհրդարանում դատապարտել է հայերի հանդեպ ատելություն պարունակող հայտարարությունները

29
(Թարմացված է 11:56 10.07.2015)
Փայլանը, մասնավորապես, անդրադարձել է Կարսի «Գաղափարի օջախներ» անունով ազգայնական կառույցի ղեկավար Թոլգա Ադըգյուզելի վերջին հայտարարություններին։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի–Sputnik. Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական»  քրդամետ կուսակցությունից ընտրված պատգամավոր, ազգությամբ հայ Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում խոսել է վերջին օրերին այլազգիների, այդ թվում` հայերի հանդեպ հնչած ատելություն պարունակող հայտարարությունների մասին, հաղորդում է Թուրքիայում հրատարակվող հայ-թուրքական «Ակոս» թերթը։

Ինչպես նշում է հրատարակությունը, Փայլանը, մասնավորապես, անդրադարձել է Կարսի «Գաղափարի օջախներ» անվանումով ազգայնական կառույցի ղեկավար Թոլգա Ադըգյուզելի վերջին հայտարարություններին ու նշել, որ ինքը Ադըգյուզելի դեմ բողոք է ներկայացնելու։

«Գաղափարի օջախներ» անունով թուրքական կազմակերպության առաջնորդ Թոլգա Ադիգյուզելը սպառնալիքներ էր հնչեցրել Կարսի հայերի հասցեին այն բանից հետո, երբ Անիում և Աղթամարում կայացել էին հայ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի համերգները։ Ադըգյուզելն իր դժգոհությունը հայտնել էր մամուլի ասուլիսում, որտեղ հայերի հասցեին սպառնալիքներ է հնչեցրել: «Այսուհետ բոլորն իմանալու են իրենց չափն ու սահմանը: Փորձում են մեր համբերությո՞ւնը չափել: Կարո՞ղ է մենք էլ Կարսի փողոցներում հայերի որսի դուրս գանք»,- սպառնացել էր նա:

Ինչպես նշում է թերթը, խորհրդարանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Փայլանը հայտարարել է, որ վերջին 15 օրերի ընթացքում Թուրքիայում հայերի, միասեռականների և չինացիների հասցեին ատելություն պարունակող հայտարարություններ են հնչել։

Փայլանն ընդգծել է, որ այդ դեպքերի առնչությամբ դատախազությունը քայլեր չի ձեռնարկել։

«Անպատիժ մնացած ատելության քարոզը դրա թիրախում հայտնված մարդկանց «աղավնու վախվորածության» է դրդում և նրանց հանդեպ հանցագործությունների իրականացման  համար հիմք է նախապատրաստում»,-նշել է Փայլանը։

29