Ситуация в Сирии

Քոբանիում ԻՊ գրոհայինները 45–ամյա հային սպանել են դեռահաս որդու աչքի առաջ

7
(Թարմացված է 11:36 03.07.2015)
Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանիում բնակվող վերջին հայ ընտանիքները լքել են քաղաքը «Իսլամական պետության» կրկնվող գրոհներից հետո

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 3- Sputnik. Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանիում բնակվող վերջին հայ ընտանիքները լքել են քաղաքը «Իսլամական պետության» կրկնվող գրոհներից հետո։ Ինչպես գրում է Hurriyet Daily News–ը, հունիսի 24–ին Հովսեփ Թոմասյանը սպանվել է 14–ամյա որդու աչքի առաջ, հաղորդում է panarmenian.net-ը` հղում անելով asparez.com–ին։

Քրդական ինքնապաշտպանության համազգեստ հագած ԻՊ չորս անդամներ սպանել են ընտանիքի 45–ամյա հորը։ Ինչպես պատմում է դեռահասը, մահացու վիրավոր Հովսեփը կարողացել է բարձրացնել գլուխը և որդուն խնդրել փախչել։ «Նա ասաց, որ նրանք «Իսլամական պետությունից» են։ Ես փախա։ Եթե ես մնայի, նրանք ինձ էլ կսպանեին»,– ասել է Արամը։

Ուրֆայում Hurriyet Daily News–ի թղթակիցը զրուցել է նաև Հակոբ Թովմասյանի հետ, ում ընտանիքը տեղափոխվել է Թուրքիա 9 ամիս առաջ ԻՊ առաջին հրաձակումից հետո։ Հակոբ Թովմասյանը պատկանում է երեք հայկական ընտանիքներից մեկին, որոնք ժամանակավորապես բնակվում են Սուրուքում` փախստականների ճամբարում։ «Մենք հասկացանք, որ պետք է մեկնենք։ Մենք որոշեցինք տեղափոխվել Թուրքիա»,– պատմել է նա։ Նրա խոսքով` տվյալ պահին հայկական ընտանիքները բնակվում են Սանլիուրֆա նահանգի Սուրուք շրջանում` փախստականների ճամբարում։ «Մի ընտանիքը բնակվում է Սանլիուրֆայում, երկու ընտանիքներ` Խաթայայում և Հալեպում։ Երկու հայկական ընտանիքները մեկնել են Հայաստան։ Երեք ընտանիքներ բնակվում են այստեղ` Սուրուքում»,– ասել է Թովմասյանը, ում նախնիները հիմնվել են Քոբանիում Հայոց ցեղասպանության տարիներին, գրում է Ասպարեզը։

«Իսլամական պետություն» ահաբեկչական կրոնական խմբավորումը, որը կապ ունի «Ալ Քայիդայի» հետ, սկզբում ստեղծվել և գործել է հիմնականում Սիրիայի տարածքում, որտեղ պատերազմել է կառավարական ուժերի դեմ և որտեղ ամենադաժան խմբավորումներից մեկի «համբավն» է ձեռք բերել: Մի քանի ամիս առաջ խմբավորումը կտրուկ ակտիվացրել է իր գործողություններն Իրաքում: Օգտվելով Բաղդադի իրականացրած քաղաքականությունից առաջացած իրաքցի սունիթների դժգոհությունից՝ «Իսլամական պետությունը» զանգվածային գրոհ է սկսել Իրաքի հյուսիսային և հյուսիս-արևմտյան գավառների վրա և մեծ տարածքներ է գրավել:

7