ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ` Ռիտա Սարգսյանի հիշատակին նվիրված երգ է գրվել, որը թողարկվել է այսօր` նրա ծննդյան օրը։ Ռիտա Սարգսյանն այսօր կդառնար 59 տարեկան։ «Ի սրտե» խորագրով երգի բառերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտությունը Կարեն–Սևակինն է (Կարեն Համբարձումյանն ու Սևակ Մելքոնյանը)։
Երգը կատարում են Ռազմիկ Ամյանը, Նունե Եսայանը, Սարո Թովմասանն ու Շուշան Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Ռիտա Սարգսյանը կյանքից հեռացավ նախորդ տարվա նոյեմբերի 20-ին` կորոնավիրուսի հետևանքով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռիտա Սարգսյանը կորոնավիրուսով է վարակվել և գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ռիտա Սարգսյանին տեղափոխել էին Գերմանիայի բժշկական կենտրոններից մեկը, սակայն նրա կյանքը փրկել չհաջողվեց։
Ռիտա Սարգսյանը ժամանակին բարեգործական մի շարք ծրագրեր էր իրականացնում։ Մասնավորապես, նա 2009 թ. հիմնադրված «Նվիրիր կյանք» հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն էր։ Հիմնադրամն աջակցում էր արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։
Մասիս քաղաքի եկեղեցու բակում երեկ` մարտի 20–ին, 5-ամյա Դավիթ Պետրոսյանը հերթական` 12–րդ ռեկորդն է սահմանել։ Հզոր ուժի տեր փոքրիկին հաջողվել է 2 մատով քաշել 2 հատ Lada Priora մակնիշի ավտոմեքենաներ, որոնց ընդհանուր քաշն անցնում է 2400 կգ-ը, իսկ մեկ մատով փոքրիկը քաշել է 1660 կգ քաշով Nissan Teana մակնիշի ավտոմեքենան: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Դավիթի հայրը` Յուրա Պետրոսյանը։

«Դավիթը 4 տարեկանից սկսել է ռեկորդներ սահմանել։ Շատ փոքր էր, երբ հասկացանք, որ տարօրինակ ուժեղ է։ Նախորդ տարի մարտի 28–ին նա սահմանեց իր առաջին ռեկորդը, այժմ` 12–րդը, որը նվիրում ենք 2016 թ.-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի հիշատակին»,–ասաց Յուրան:

Հայրը նշում է, որ որդին շատ է տարբերվում իր հասակակիցներից։ Նա իր ողջ օրը նվիրում է մարզումներին, զբաղվում է սպորտով։
«Հեռախոսով, համակարգչով չի խաղում, փողոցում երեխաների հետ խաղալ չի սիրում, փոխարենը մեծ հաճույքով տառերն ու թվերն է սովորում»,–պատմում է հայրը։

Յուրան նշում է, որ ինքը թույլ չի տալիս, որ որդին իր ողջ ուժը կիրառի, չնայած զգում է, որ Դավիթն ավելին կարող է։
Նշենք, որ Դավիթ Պետրոսյանի անունն արդեն 12 անգամ գրվել է «Դյուցազնագրքում»։

Ճանաչված դերասան Աշոտ Ղազարյանի թոռնուհին` Անահիտ Ադամյանը, երեկ մասնակցեց «Ну-ка все вместе!» երգի մրցույթին, երգեց TLC խմբի «No Scrubs» երգն ու հիացրեց ժյուրիի անդամներին։
Ելույթից առաջ նա խոստովանեց, որ առաջին անգամ է մասնակցում մեծերի համար նախատեսված նախագծի և շատ է հուզվում։
Նրա ելույթը դուր եկավ ժյուրիի 100 անդամներից 88–ին։ Անահիտի կատարումից հետո երգիչ Նիկոլայ Բասկովն ասաց. «Աստված իմ, 17 տարեկանում եկար ու նվաճեցիր Մոսկվան»։
Անահիտն ապրում է Սոչիում, երգում է փոքրուց։ Ելույթից առաջ նա պատմեց, որ իր տաղանդը նկատել է հոր ընկերը և հորդորել, որ լրջորեն զբաղվեն աղջնակով։
Հիշեցնենք` պրոֆեսիոնալ վոկալով զբաղվող Անահիտը 2016 թվականին հայտնվեց «Մանկական Եվրատեսիլում»։ Նա Մերի Վարդանյանի հետ երգեց Նիկ Եգիբյանի և Ավետ Բարսեղյանի հեղինակած «Տարբեր» կոչվող ստեղծագործությունը, և նրանց կատարման շնորհիվ Հայաստանը զբաղեցրեց երկրորդ տեղը։
2017 թվականին աղջնակը Հայաստանը ներկայացրեց մանկական «Նոր ալիք» մրցույթում և առաջին տեղը կիսեց ռուսաստանցի Արինա Պետրովայի հետ։
Աշոտ Ղազարյանի թոռնուհին անցած տարի եղբոր` Բորիսի հետ մասնակցեց մանկական «Ну-ка все вместе!» նախածին, և հենց նրանք էլ դարձան նախագծի հաղթողները։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ապրիլին օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի, տեղումները`շատ։
Նրա խոսքով` օդերևութաբանական առանձնահատկություն կա, որը կապված է Ռուսաստանի եվրոպական հատվածի ցրտի հետ։ Ելնելով այդ առանձնահատկությունից` ցուրտ հոսանքները հաճախակի տեղաշարժվում են դեպի հարավ։
«Կանխատեսվում է, որ ապրիլին օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի մոտ 1 աստիճանով, իսկ տեղումները կլինեն նորմայից շատ։ Նշեմ, որ ապրիլին տեղումների նորման բավականին մեծ է, այսինքն` ամսվա օրերի մեծ մասը հանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ լինելու են տեղումներ»,–ասաց Սուրենյանը։
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան հերթական հզոր ցիկլոնն է ներթափանցելու Հայաստան։
