Ինչպես են տոնում Հայաստանի հավաքականի հաղթանակը երկրպագուները

233
(Թարմացված է 23:42 31.03.2021)
Հանրապետության հրապարակում հաղթական մթնոլորտ էր`երկրպագուները խաղի ավարտից հետո տուն չեն շտապել։

Հայաստան-Ռումինիա ընտրական հանդիպումից հետո մեր հավաքականի` 3։2 հաշվով հաղթանակը երկրպագուները տոնել են Հանրապետության հրապարակում ավտոմեքենաներով շրջելով և ազդանշաններ տալով։

Մեքենաներից որոշները ծածկված են հայկական եռագույնով, իսկ վարորդները նաև վանկարկում էին.«Հաղթանա՜կ»։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` ասելով, որ մեր հավաքականի այսօրվա հաղթանակն «անշուշտ նվիրված է Կոմանդոսին և մեր բոլոր ընկած եղբայրներին»։

Աշխարհի 2022 թ. առաջնության հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը անցկացնելու է սեպտեմբերի 2-ին։ Այդ օրը մեր ընտրանին մրցակցի հարկի տակ ուժերն է չափելու Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ։

233
թեգերը:
Ռումինիա, Հայաստան, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանը Հայաստան–Ռումինիա խաղից առաջ հաջողություն է մաղթել տղերքին
Հայաստան - Ռումինիա հանդիպման ամենավառ կադրերը
«Մենք չպետք է բավարարվենք ձեռք բերածով». Խոակին Կապառոս

Սարալանջում մոտ 600 ծառ կտնկվի. տեսանյութ

69
Անգամ խորհրդային տարիներին տարածքի կանաչապատումը տևել է մոտ 40 տարի, այնպես որ գործընթացը մեկ գարնան ընթացքում չի ավարտվելու։

Սարալանջի կանաչապատման երկար սպասված նախագիծն արդեն թևակոխել է ծառատունկի փուլը: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սարալանջում տնկվել են առաջին 140 ծառերը: Ընդհանուր առմամբ գարնան ընթացքում այստեղ մոտ 600 ծառ կտնկվի:

«Առանձնացրել ենք մի հատված՝ շուրջ 2500-3000 քմ, որտեղ կտնկվի բարդի, վայրի ծիրանենի, փշատենի, այսինքն՝ այնպիսի ծառատեսակներ, որոնք առավել հարմարվող են լանջային պայմաններում: Ընդհանուր առմամբ գարնանն այստեղ մոտ 600 ծառ կտնկենք»,- նշել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ամբողջ տարածքը մեկ գարնան ընթացքում միանգամից կանաչապատելը գործնականում անհնարին է։ Նշում է՝ անգամ խորհրդային շրջանում տեղի կանաչապատումը տևել է մոտ 40 տարի։ Տարածքում ինժեներական և մի շարք այլ նախապատրաստական աշխատանքների կարիք էլ կա։

Ավարտվել են նաև Հրազդանի կիրճի՝ Սբ. Սարգիս եկեղեցու հարակից լանջի մաքրման աշխատանքները․ այստեղ նաև սանիտարական էտ է արվել, առաջիկայում էլ ծառատունկ կկազմակերպվի։

Խոստացված 10 միլիոն ծառից ևս 1000–ը տնկվեցին. ապրիլի 25-ը համապետական ծառատունկի օր կլինի

Հավելենք, որ ապրիլի 25-ին՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվան հաջորդող օրը, համապետական ծառատունկ է հայտարարված։ Նախատեսվում է այդ օրը տնկել 100 000 ծառ։ Ծառատունկն իրականացվելու է «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակներում։

Հիշեցնենք` 2019թ-ին հայտարարվել էր, որ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը Հայաստանում 10 մլն ծառ է տնկվելու: Քանի որ վերջին 30 տարում Հայաստանում անտառները զգալիորեն տուժել են անխնա ծառահատումների պատճառով, վարչապետը կարգադրել էր ուշադիր հետևել անտառների պահպանությանը։

2020 թ-ի ապրիլի 13-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացրել էր, որ, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը և հնարավոր առողջապահական ռիսկերը` որոշում է կայացվել 10 մլն ծառ տնկելու ծրագրի ժամկետը տեղափոխել 2021թ.-ի վերջ:

69
թեգերը:
Երևան, ծառատունկ
Ըստ թեմայի
Ցրտահարության վտանգը կա նույնիսկ առաջիկա քառասուն օրվա ընթացքում. Պետրոսյան
100 ծառ ՝ ի հիշատակ Հայրենական պատերազմի զոհերի. Երևանը միացավ «Հիշատակի այգի» ակցիային
Երկու մլն տնկին արդեն գտել են. նախարար Գրիգորյանը պատմում է 10 միլիոնանոց ծառատունկի մասին

ՀՕՊ՝ «երկնային ուժեր»․ ՀՀ ռազմական դաշնակիցը նշում է ՀՕՊ զորքերի օրը

67
Արդեն 22 տարի է՝ ՌԴ պաշտպանության նախարարության հետ համատեղ մարտական հերթապահություն են իրականացնում նաև ՀՀ ՀՕՊ զորքերը։

Ապրիլի 11-ին Ռուսաստանը նշում է Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերի օրը։

Հակաօդային պաշտպանության համար առաջին ցամաքային ստորաբաժանումները ռուսական կայսրության զինված ուժերում հայտնվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1914 թվականի վերջին։

1975 թվականի փետրվարի 20-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով հաստատվեց «Երկրի հակաօդային պաշտպանության զորքերի օրը»։ Տոնական օր ընդունվեց ապրիլի 11-ը։

Սակայն հինգ տարի անց՝ 1980 թվականի հոկտեմբերի 1-ին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը նոր որոշում ընդունեց․ Հակաօդային պաշտպանության զորքերի օրը նշվում է ապրիլի երկրորդ կիրակի օրը։ ԽՍՀՄ փլուզումից հետո էլ ՌԴ ՀՕՊ զորքերի մասնագիտական տոնը նշվում է նույն օրը՝ ապրիլի 2-րդ կիրակին։

Նշենք, որ Հայաստանի ՀՕՊ զորքերի զարգացման և կատարելագործման համար կարևոր և առանձնահատուկ դեր խաղաց ԱՊՀ երկրների «ՀՕՊ-ի համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի ստորագրումը:

Սկսած 1999թ. ապրիլի 15-ից Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հետ համատեղ մարտական հերթապահություն են իրականացնում նաև Հայաստանի Հանրապետության ՀՕՊ զորքերը։

ԱՊՀ մասնակից երկրների ՀՕՊ միացյալ համակարգի համատեղ միջոցառումների ծրագրի համաձայն, սկսած 1999թ. երկու տարին մեկ ՌԴ ՌՕՈւ պետական զորավարժարանում (Աշուլուկ) անցկացվում են մարտական հրթիռահրաձգությամբ համատեղ մարտավարական զորավարժություններ:

ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողների հետ ուսումնական պարապմունքներ են անցկացվել

Իսկ 2016 թվականի հունիսի 30-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց 2015թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման նպատակը պահպանության տեղամասում համատեղ հակաօդային պաշտպանություն ապահովելն է:

67
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, Հակաօդային պաշտպանություն (ՀՕՊ)
Ըստ թեմայի
«Եսթեր, բա քեզ պե՞տք էր». ռազմական համալսարանի կուրսանտ աղջիկները կոտրում են կարծրատիպերը
Հեռահար ավիացիա․ երբ կթռչի Ռուսաստանի ռազմավարական հրթիռակիրը
Աննախադեպ իրավիճակին համարժեք քայլեր. ինչու է Իրանը որոշել ՀՕՊ զորավարժություններ սկսել 
Յուրի Գագարին

Իմ Գագարինը, հայերն ու տիեզերքը

0
(Թարմացված է 18:12 08.04.2021)
Գագարինի, տիեզերքի ուսումնասիրման մեջ հայ գիտնականների ավանդի ու այն մասին, թե ինչպես էին հայերը փնտրում իրենց «կապը տիեզերքի հետ». Տիեզերագնացության օրն է:

1961 թվականի ապրիլի 12։ Դեռ նոր էին հայտարարել երկնքից երկիր Յուրի Գագարինի վերադարձի մասին, երբ հայերը սկսեցին զբաղվել սիրելի գործով՝ սկսեցին կապ փնտրել Հայաստանի և առաջին տիեզերագնացի միջև։ Երկար փնտրեցին, բայց ոչինչ չգտան։ Այդ ժամանակ փնտրտուքների շրջանակը լայնացրին՝ «հայերն ու տիեզերքը», և այստեղ հնարավոր եղավ փոքր-ինչ հուսադրող բան գտնել։

Կանցնեն տարիներ, և 2001 թվականին Տիեզերական ուսումնասիրությունների հայկական կենտրոնի ղեկավար, ՀՀ ԳԱ ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը կժամանի «Աստղային ավան»՝ տոնելու Գագարինի թռիչքի 40-ամյակը, և օդաչու-տիեզերագնաց Վալենտին Լեբեդևը Գուրզադյանին կնվիրի իր գիրքը հետևյալ մակագրությամբ․ «Հայ ժողովրդի մեծ զավակին, ով ճանապարհ է հարթել դեպի տիեզերական գիտություն։ Խորին հարգանքով ու երախտագիտությամբ։ Ձեր աշակերտ»։

Астрофизик Григор Гурзадян во время прогулки (1976 год)
© Sputnik / Шахбазян
Գրիգոր Գուրզադյան (1976 թ.)

Կապ կա

50-ականներին, երբ Գագարինը դեռ դպրոցական էր, Գուրզադյանը Բյուրականում բացառիկ աստղաֆիզիկական սարք ստեղծեց տիեզերքում աշխատելու համար, ապա մեկ այլ լաբորատորիա՝ Գառնիում, որը Տիեզերական աստղագիտության ինստիտուտ դարձավ։ Այստեղ են ծնվել «Օրիոն-1» և «Օրիոն-2» հայտնի ուղեծրային աստղադիտարանները։ Այստեղ՝ Գառնիում, իրենց նախաթռիչքային պատրաստությունն անցան նաև խորհրդային շուրջ 40 տիեզերագնացներ։

Ի՞նչ վատ կապ է

․․․ Այդ ընթացքում Հրազդան գետի ձախ ափին գտնվող քաղաքային տիպի Ծաղկունք ավանը կվերանվանեն Գագարին, առաջին տիեզերագնացի պատվին արձան կկանգնեցնեն, Հայաստանում նրա անվան փողոցներ, դպրոցներ ու այգիներ կհայտնվեն։ Ահա ևս մեկ կապ, այն էլ ինչպիսին։ Արդեն կարելի է համարձակ ասել՝ Գագարինը մերն է։

Երբեք չգիտես՝ որտեղ կհաջողես։ 50-ակաների վերջին, երբ դեռ դպրոցական էի, ինձ լողալ էր սովորեցնում Լևոն Փիրուզյանը, որն այդ ժամանակ Երևանի բժշկական համալսարանում էր սովորում։ Հետագայում նա մեկնեց Մոսկվա՝ ասպիրանտուրայում սովորելու, հետո դարձավ ինստիտուտի տնօրեն, Մեծ Ակադեմիայի ակադեմիկոս, համաշխարհային հեղինակություն՝ բժշկական կենսաֆիզիկայի ոլորտում։

Փիրուզյանը բազմաթիվ տիեզերագնացների հետ էր շփվում աշխատանքի բերումով և ճանաչում էր Գագարինին, իսկ ես գիտեի Լևոն Փիրուզյանին, նշանակում է ինչ-որ ձև, թեկուզ շատ հեռավոր, բայց մոտենում էի Գագարինին նաև ես։ Հայկական տրամաբանության ուղիներն անքննելի են։

Автомобиль Чайка на выставке Arm Auto Show Expo 2018
© Sputnik / Aram Nersesyan
«Չայկա» ավտոմեքենա

Մի բան էլ Գագարինի հետ վիրտուալ կապի ոլորտից: «Չայկա» լիմուզինն այն ժամանակ զուտ կառավարական մեքենա էր և մասնավոր անձանց վաճառքի ենթակա չէր, բայց Գագարինի համար բացառություն արեցին՝ մեքենան նրան նվիրեց խորհրդային կառավարությունը։ Որոշ ժամանակ անց աստղային «Չայկան» հայտնվեց Հայաստանում։ Չգիտեմ ինչու, բայց որոշ ժամանակ անց Գագարինը որոշեց վաճառել մեքենան, իսկ Էջմիածնից մեր հայրենակիցը՝ գնել։ Այսպես Հայաստանում հայտնվեց Գագարինի հանրահայտ «Չայկան»։ Ճիշտ է, այն տեսնելը հեշտ չէր, ճանապարհային ոստիկանությունը երկար ժամանակ ձգձգում էր համարանիշների տրամադրումը. սովորական մահկանացուն կառավարական լիմուզինի ղեկին՝ դա արդեն չափազանց էր։

...Մի անգամ զանգահարեց ռադիոֆիզիկական չափումների ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Պարիս Հերունին։

Ինչու էր Գագարինը հորից գաղտնի թռել տիեզերք, կամ ինչպես էին տղաները «վերևում» կոնյակ խմում

- Ինձ մոտ է տիեզերագնաց Սավինիխը, ուզու՞մ ես ծանոթանալ:

- Նա դեռ հարցնում է…

Գնացինք Գառնի, հետո՝ Հերունու տուն։ Տիեզերագնաց Սավինիխի կենացներից, որ հիշում եմ՝ ծնողների, իմաստուն, խելացի և պարզապես հայերի, Հայաստանի, Գագարինի կենացը։ Վիկտոր Սավինիխը հիշեց Մեսրոպ Մաշտոցին, Մարտիրոս Սարյանին, Արամ Գուրզադյանին, Տիգրան Պետրոսյանին…

... Իսկ ժամանակն անցնում էր, առաջնահերթությունները փոխվում էին, սակայն տիեզերքում հայի տեսնելու երազանք, ապա պարզապես ցանկությունը մնում էր։ Ասում են, որ եթե ոչ միայն շատ ուզես, այլև դրա համար ինչ-որ բան անես, անպայման կստացվի։ Ստացվեց։ 1989 թվականի մարտին ամբողջ մոլորակի վրա հայերենով հնչեց. «Իմ ժողովուրդ, իմ նախնիների երկիր, դուք միշտ սրտումս եք։ Մաղթում եմ ձեզ երջանկություն, հաջողություն ու բարեկեցություն»։

Джеймс Багян
Ջեյմս Բաղյան

Տիեզերքից հայերենով հեռարձակվող ձայնը ամերիկահայ տիեզերագնաց Ջեյմս Բաղյանինն էր, Մալաթիայից ԱՄՆ գաղթած Նազարեթի ու Սաթենիկի թոռանը։

Ընդհանրապես, նա Կունդեբաղյան է, բայց Հայաստանից Ամերիկա արտագաղթելիս հոր պապիկի ազգանունը միգրացիոն բյուրոյում կրճատել են «Բաղյան», ամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում հիշում էր տիեզերագնացը։

Ավելի ուշ Բաղյանը նաև այլ «տիեզերական ոդիսականներ» ունեցավ, բայց իր առաջին թռիչքը նա նվիրեց Հայաստանին։ Շնորհակալություն, Ջեյմս։ Այսօր Բաղյանը գլխավորում է Միչիգանի համալսարանի բժշկական ճարտարագիտության և հիվանդների անվտանգության կենտրոնը։

Ժամանակը կանգ չի առնում, և ահա՝ ծնունդով Մայկոպից Հարություն Կիվիրյանը հավակնում է դառնալ «Ռոսկոմոս» տիեզերագնացների ջոկատի անդամ։

Իսկ ի՞նչ է հայտնի նրա մասին։ 2015 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի «Վոենմեխը» «Հրթիռաշինություն» մասնագիտությամբ: Կիվիրյանների ընտանիքը համեստ է։ Հայրը զբաղվում է մեղվաբուծությամբ։ Մայրը՝ Անժելիկա Աշոտովնան, տնային տնտեսուհի է։ Կիվիրյանները փոքր բիզնես ունեն սննդամթերքի արտադրության, շինարարական աշխատանքների և բեռնափոխադրումների ոլորտում։ Ձեռնարկությունը բարեխիղճ հարկատուների թվում է։ Արդյո՞ք Կիվիրյանը խոսում է հայերեն՝ պարզել չի հաջողվել։

Космонавт Арутюн Кивирян
Հարություն Կիվիրյան

...Յոթանասունականների կեսերին, երբ Գագարինն այլևս չկար (մահացել է 1968-ի մարտին) հանգստանում էի «Ֆորոս» առողջարանում։ Մի անգամ զբոսնելիս հասա արահետի, որտեղ ազդեցիկ ցուցանակը զգուշացնում էր. «Ճանապարհ չկա»։ Առաջ գնացի, և երկու կիլոմետր անց հայտնվեցի ուղեփակոցի մոտ։ Պահակակետից դուրս եկավ կիսազինվորական համազգեստով մի մարդ։

- Որտեղի՞ց եք։

- «Ֆորոսից», հանգստացող եմ։ Կներեք, իսկ այստեղ ի՞նչ է։

- Տիեզերագնացների ամառանոցները։

-Գագարինի ամառանոցն է՞լ։

-Իհարկե։

- Կարո՞ղ եմ նայել։

Պահակը մտքերի մեջ ընկավ («Ֆորոսը», որը հայտնի է Միխայիլ Գորբաչովի արտաքսման պատմությունից, ԽՄԿԿ Կենտկոմի առողջարանն էր), բայց թույլ տվեց:

- Գագարինի ամառանոցը, - բացատրեց նա,- գլխավոր ծառուղով, աջ կողմում գտնվող երկրորդ տնակը:

Գնացի ծառուղով, գտա աջ կողմի երկրորդ տնակը, կանգնեցի:

Памятник Гагарину в селе Гагарин
© Sputnik / Asatur Yesayants
Գագարինի արձանը Հայաստանի Գագարին գյուղում

Հիշեցի Գագարին գյուղը՝ Սևանա լճի մոտ, առանց համարների «Չայկան» Էջմիածնից, ակադեմիկոսներ Գուրզադյանին, Օսիպյանին։ 1961 թվականը, երբ բոլոր բարձրախոսներից ՏԱՍՍ-ը հայտնեց ամբողջ աշխարհին․ «Ապրիլի 12-ին Խորհրդային Միությունում երկրի շուրջ ուղեծիր է դուրս բերվել աշխարհում առաջին տիեզերանավ-արբանյակը՝ «Վոստոկը», որում մարդ կա»:

Այդ ժամից մինչ օրս այդ մարդն ինձ համար մնում է «իմ Գագարինը»։

0
թեգերը:
հայ, Յուրի Գագարին, տիեզերագնաց
Ըստ թեմայի
Հայը կթռչի տիեզերք. ի՞նչ է հայտնի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանի մասին
Փարիզը, արծաթագույն ամպերն ու Սևանը․ ՄՏԿ–ի տիեզերագնացների անհավանական լուսանկարները
Մերձերկրային ուղեծրում տիեզերական հյուրանոց կբացվի. ահա թե ինչ տեսք է այն ունենալու