«Ուզում են գլխատել ԶՈւ–ն». ակցիայի մասնակիցները գնացին նախագահական

179
(Թարմացված է 14:49 06.03.2021)
ՊՆ–ի մոտ հավաքվածները նշեցին, որ իշխանությունը ձեռնոց է նետում ԶՈւ–ին։ Նրանք որոշել են ՀՀ նախագահից պահանջել կատարել իր սահմանադրական պարտականությունները։

ՀՀ պաշտպանության նախարարության մոտ ի պաշտպանություն ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի կազմակերպված ակցիայի մասնակիցներն ավտոերթով շարժվեցին դեպի Բաղրամյան 26` նախագահի նստավայր։

Եթե նախագահը հրաժարվի ընդունել նրանց, ապա Արմեն Սարգսյանի կեցավայր կգնան` նրանից պահանջելու կատարել իր սահմանադրական պարտականությունները։

«Առաջարկում եմ` դիմենք ՀՀ նախագահին ու պահանջենք, որ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վարչապետի որոշումն ուղարկի ՍԴ։ Բացի այդ, առաջարկում եմ Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա անողներին միանալ»,–ասաց պահեստազորի գեներալ–մայոր Հենրիկ Մուրադյանը։

Նա նշեց, որ այսօր ձեռնոց է նետված ՀՀ զինված ուժերին և քայլ առ քայլ փորձում են քանդել ԶՈւ–ն։

Պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն իր հերթին ասաց, որ չնայած հիմա հակառակորդի համար առաջնային թիրախը Սյունիքն է, սակայն դրանով չեն բավարարվելու` անցնելու են Տավուշին, Վարդենիսին և Եղեգնաձորին։

«Օրվա իշխանությունն ուզում է գլխատել զինված ուժերին։ Մենք մարդիկ ենք, որ ընկերներ ենք կորցրել, հաղթանակ կերտել, ինչը հիմա փորձում են խլել մեզնից։ Մենք դա թույլ չենք տալու։ Օրվա իշխանությունները պետք է օր առաջ հեռանան»,–ասաց Նահապետյանը։

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության մոտ անցկացվող ակցիան` ի պաշտպանություն ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի, սկսվեց տերունական աղոթքով։

ՊՆ–ի մոտ էին հավաքվել ոչ միայն զինվորականներ, այլ նաև հոգևորականներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ և շարքային քաղաքացիներ։

Մինչև ելույթները սկսվելը մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան 44–օրյա պատերազմի զոհերի հիշատակը։

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

179
թեգերը:
Օնիկ Գասպարյան, Բողոքի ակցիա, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)
Ըստ թեմայի
«Բանակի փեշերից են կախվել». Քոչարյանն ասաց` ինչպես է լուծվելու Օնիկ Գասպարյանի հարցը
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ արդյոք Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում
«Օնիկ Գասպարյանն ինչ էլ անի` իր կողքին կանգնած ենք». զինվորականները ՊՆ–ի մոտ են

«Վստահ եղեք` բոլորս մտածում ենք ձեր մասին». Սարգսյանն այցելել է Խնածախի սահմանային բնագիծ

81
(Թարմացված է 19:37 19.04.2021)
ՀՀ նախագահը գերազանց ծառայության համար մի խումբ զինծառայողների պարգևատրել է անվանական ժամացույցներով։

Հիշեք ձեր ընտանիքը, ծառայեք հայրենիքին և աջակցեք իրար. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի սահմանային բնագիծ և նման կոչով դիմել զինվորներին։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Սարգսյանը Սյունիքի մարզ է մեկնել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ, եղել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքերում, ծանոթացել սահմանային բնագծին, զրուցել զինծառայողների հետ:

«Դուք ձեր պարտականությունները լավագույնս եք կատարում: Իրար կողքի եղեք, իրար լավ նայեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար և հետևեք ձեր առողջությանը»,–ասել է նախագահը։

Նա նաև զրուցել է հրամանատարի հետ, վերջինս շատ բարձր կարծիք է հայտնել զինվորների մասին։ Սարգսյանն այդ գովեստի խոսքերն ընդունել է որպես գնահատական։

«Վստահ եղեք, որ մենք բոլորս մտածում ենք ձեր մասին, տղաներ։ Պինդ եղեք»,–ասել է նախագահը։

Կան քննարկումներ Սյունիքում ռուսական ռազմաբազայի հենակետ ստեղծելու մասին. Փաշինյան

Սարգսյանը գերազանց ծառայության համար մի խումբ զինծառայողների պարգևատրել է անվանական ժամացույցներով։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ նշել է, որ մի քանի անգամ եղել է այս հատվածում, որտեղ տղաները դժվարին պայմաններում իսկապես հերոսական ծառայություն են իրականացնում։

Հայաստանն Ադրբեջանին ճանապարհ կտա ճանապարհի դիմաց. Փաշինյան

81
թեգերը:
Արմեն Սարգսյան, Սյունիքի մարզ, Հայաստան

ՀՀ ոստիկանապետը պարգևատրել է ՌԴ ՆԳՆ մի շարք վետերանների. տեսանյութ

19
(Թարմացված է 18:59 19.04.2021)
Գեներալ-գնդապետը Շիլովը նշել է, որ սա իրենց համար կարևոր իրադարձություն է և ընդգծել է, որ հայերը հրաշալի ժողովուրդ են։

Ռուսաստանի Դաշնությունում օրերս նշվում էր ներքին գործերի նախարարության վետերանների օրը։ Տոնի առիթով ՌԴ ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն։ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով՝ Ռուսաստանի ՆԳՆ մի խումբ վետերաններ պարգևատրվեցին մեդալներով։

«Պարգևները հանձնեցին կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կոորդինացման բյուրոյի տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Գարի Զախարովը և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ, ՀՀ դեսպանության խորհրդական Էդգար Արևշատյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՌԴ ՆԳՆ վետերանների խորհրդի նախագահ, ներքին գործերի նախարարի օգնական, գեներալ-գնդապետ Իվան Շիլովը պարգևատրվել է «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով։

«Ես հայ ժողովրդի հետ եմ եղել դժվար իրավիճակներում՝ հրաշալի ժողովուրդ, հրաշալի բնություն և մի լիճ կա այնտեղ՝ կապուտակ Սևանը։ Սա մեզ համար մեծ իրադարձություն է»,- նշեց Շիլովը։

Մի քանի վետերաններ պարգևատրվել են «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով։

ՀՀ ոստիկանապետը հրաժարականի դիմում չի գրել

19
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, Ներքին գործերի նախարարություն, պարգևատրում
Ըստ թեմայի
Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է ՀՀ ոստիկանության 70 ծառայողի․ տեսանյութ
Դեդ Հասանի «ժառանգորդի» սպանության համար կասկածվող տղամարդը ձերբակալված է․ տեսանյութ
Կոտայքի ոստիկանները շուրջ 2 կգ թմրանյութ են հայտնաբերել
Վլադիմիր Պողոսյան

Պատերազմի բոլոր սցենարները հաշվարկված էին. Օնիկ Գասպարյանի խորհրդականը փակագծեր է բացում

34
(Թարմացված է 22:09 19.04.2021)
Հայաստանի քաղաքական ղեկավարությունն այս ամիսներին փորձում է պատասխանատվությունը գցել զինվորականների վրա։ Սակայն գեներալներն իրենց ճշմարտությունն ունեն, որը հաճելի չէ իշխանություններին։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հայաստանի ռազմական ղեկավարությունը հաշվարկել էր Արցախում ապագա պատերազմի բոլոր հնարավոր սցենարները, բայց քաղաքական ղեկավարությունը, պետությունն ընդհանուր առմամբ, պատրաստ չէին պատերազմին։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Օնիկ Գասպարյանի խորհրդական Վլադիմիր Պողոսյանը։

Մեր զրուցակիցը պատմում է, որ երբ ինքը ստանձնել է Գլխավոր շտաբի ղեկավարի խորհրդականի պաշտոնը, սկսել են ստեղծել տարատեսակ կառույցներ և մոդելներ, որոնք կօգնեին ճիշտ վերլուծել զարգացման սցենարները։ Ավելին, դեռևս չլինելով զինված ուժերում, Պողոսյանը կանոնավոր կերպով օգնել է բանակին տեղեկատվությամբ և վերլուծությամբ։

«Մենք 2019թ–ի դեկտեմբերին հանդիպեցինք ԶՈւ ղեկավարության հետ, և ես ասացի, որ աշխարհում իրավիճակը հունվարի սկզբից արմատապես կփոխվի, իսկ մինչև 2020 թ–ի նոյեմբերը Արցախում պատերազմն անխուսափելի կդառնա։ Եվ, ամենայն հավանականությամբ, այդ պատերազմն անհաջող կլինի Հայաստանի համար։ Բանն այն է, որ մենք ժամանակ ենք կորցրել։ Վերջին 20 տարիները կորսվել են երկրի և բանակի համար, մենք չենք զարգացրել գիտությունը, տնտեսությունը։ Իսկ զինված ուժերը չեն կարող գոյություն ունենալ և զարգանալ առանձին»,–ասաց Պողոսյանը։

Բանակի վերին օղակներում ամեն ինչ հիանալի հասկացել և կանխատեսել են։ Պողոսյանը հիշեցնում է 2020 թ–ի նոյեմբերի 17–ին Օնիկ Գասպարյանի արած հայտարարության մասին, որում նա ասել էր, որ դեռ մինչև պատերազմն էին կանխատեսել Թուրքիայի ակտիվ մասնակցոթյուն հնարավոր պատերազմում։ Խորհրդականի խոսքով` Գլխավոր շտաբում կանխատեսել են ոչ միայն պատերազմի ընթացքը, այլ նաև Հայաստանի հարևանների և միջազգային դերակատարների պահվածքը։

«Մեզ մոտ ամեն ինչ գրված էր։ Ես կարող եմ հավաստիացնել, որ մենք ոչ մի հարցում չենք սխալվել։ Միգուցե ինչ–որ մեկին այժմ սա դուր չգա։ Կգոռան, թե ինչու առաջինը չենք հարվածել, ինչու այսպես կամ այնպես։ Ես պետք է հիշեցնեմ, որ պատերազմում են առաջին հերթին ոչ թե բանակները, այլ պետությունները։ Մեր դեպքում պետությունը չէր պատերազմում։ Պատերազմի օրերին, երբ Արցախից Երևան էի գալիս, տեսնում էի, որ մարդիկ չեն հասկանում իրավիճակի լրջությունը, մայրաքաղաքում քաղաքացիների մոտ չէի տեսնում գիտակցումը, որ Ադրբեջանի հետ ընթանում ծանր, արյունահեղ պատերազմ», – հավելեց Պողոսյանը։

Նրա կարծիքով` պատերազմի առաջին օրերից պետք էր անջատել համացանցը, այն թողնել միայն անձանց և կառույցների մոտ, որոնց դա անհրաժեշտ էր պետական անվտանգության նկատառումներից ելնելով։ Բայց դա չարվեց։ Եվ համացանցը չար կատակ խաղաց հայ հասարակության հետ։ Ի տարբերություն Հայաստանի` Ադրբեջանում համացանցն անջատված էր բնակչության համար։

«Անշուշտ, հակառակորդի կիբեռստորաբաժանումներն ակտիվորեն օգտվեցին դրանից։ Երբ ամբողջ հայ ազգը նստած էր Facebook–ում և Youtube–ում, ադրբեջանցիները զանգվածաբար հրապարակում էին տեսահոլովակներ` գերիներին ծեծելու և խաղաղ քաղաքացիների սպանությունների, հայ զինվորներին և տեխնիկային անօդաչու թռչող սարքերով հարվածելու տեսարաններով։ Հասկանալի է, որ այդ ամենը խուճապ և սարսափ էր տարածում հայ հասարակության մեջ։ Եվ բանակ զորակոչված մարդիկ, պահեստազորը առաջնագիծ էին գնում արդեն հոգեբանորեն կոտրված», – նշեց Գասպարյանի խորհրդականը։

«Ստախոսներից այլ բան չէր կարելի սպասել». Օնիկ Գասպարյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Պատասխանելով այն հարցին, թե կոնկրետ ինչպիսի միջոցներ է առաջարկել բանակը (խոսքը նախապատերազմական շրջանի մասին է,– խմբ.)` որպես կանխատեսվող սպառնալիքների հակազդեցություն, Պողոսյանը հիշեցրեց աշխարհազորի մասին օրենքը։ Օրենքն ուղղված էր ռազմական շրջանում մոբիլիզացիայի համակարգը կատարելագործելուն և զգալիորեն կբարելավեր պատերազմին երկրի պատրաստվածության մակարդակը։ Օրենքն առաջարկվել է դեռ անցած տարվա օգոստոսին, քննարկվել տարբեր մակարդակներում, բայց այդպես էլ չի ընդունվել։ Պողոսյանը պատերազմին անապատրաստ լինելը, պատերազմի ծանր հետևանքները համարում է քաղաքական ղեկավարության գիտելիքների պակասի, նրա անզուսպ հավակնությունների, կառավարման համակարգում քաոսի արդյունք։ Պատերազմողը միայն բանակը չէ, այլ նաև բազմաթիվ ուղեկցող երևույթները։ Դա թե՛ տնտեսությունն է, թե՛ արդյունավետ կառավարումը, թե՛ ռազմաքաղաքական դաստիարակությունը, թե՛ հետախուզությունը, թե՛ հակահետախուզությունը։

«Մշտական կադրային խառնաշփոթի և անկայունության պայմաններում, երբ երկիրը բառացիորեն ցնցվում է, իսկ կարճ ժամանակահատվածում փոխվում են հատուկ ծառայությունների 4-5 ղեկավարներ, Գլխավոր շտաբի երեք պետ, դրան ավելացրած խորհրդարանում գտնվող անփորձ «երեխաները», որոնցից շատերը չեն ծառայել բանակում, դժվար է ինչ–որ արդյունավետ բան կառուցել նման երկրում։ Իսկ բանակի հնարավորությունները և լիազորություններն անսահման չեն։ Բանակը մշտապես պայքարել է, ապացուցել, բացատրել, առաջարկել, բայց այդ ամենն ընթացել է չափազանց դանդաղ տեմպերով», – ասում է Պողոսյանը։

Խոսելով կառավարության հետ զինվորականների կոնֆլիկտի մասին, որի արդյունքում Գլխավոր շտաբը պահանջել է կառավարության հրաժարականը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Պողոսյանը նշում է, որ այդ հակազդեցության թաքնված պատճառը ոչ թե գեներալների ամբիացիաներն էին, այլ պետության անվտանգությունը։ Հակասությունները կուտակվել են մի քանի ամիս։ Իսկ մամուլում ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի սկանդալային մեկնաբանության հետ կապված պատմությունը և նրան պաշտոնից ազատելու զգացմունքային որոշումը դարձավ վերջին կաթիլը։

Օնիկ Գասպարյանի գործով դատավորի դիմումը ԲԴԽ-ն ուղարկել է դատախազություն

Պողոսյանը հիմա դժվարանում է պատասխանել, թե Գասպարյանն արդյո՞ք ունի ինչ–որ քաղաքական հավակնություններ և ծրագրեր։ Բայց նշում է, որ գնալով Հայաստանի ավելի շատ քաղաքացիներ են չեզոք դիրքորոշում զբաղեցնում` համաձայն չլինելով թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների հետ։ Ընտրազանգվածի այդ հատվածը սպասում է երրորդ ուժին։ Հնարավոր է, որ մարտական ուղի անցած գեներալներից մեկը, որը ոչ մի քաղաքական ուժի չի հարում, երրորդ ուժի կարգավիճակի հայտ կներկայացնի։ Հասարակությունն իսկապես ունի զինվորականների կարիք, քանի որ զինվորականն ամենից առաջ կարգ ու կանոն է, համակարգային մտածողություն, ավելի լայն աշխարհայացք։ Դա այն ամենն է, ինչը պակասում է այսօրվա քաղաքական գործիչների մոտ։

34
թեգերը:
Վլադիմիր Պողոսյան, Պատերազմ, խորհրդական, Օնիկ Գասպարյան
Ըստ թեմայի
«Օնիկ Գասպարյանը չի ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը». Նիկոլ Փաշինյան
ՀՔԾ-ում Օնիկ Գասպարյանի դիմումի հիման վրա նյութեր են նախապատրաստվում
ԱԽ–ն հրապարակել է Օնիկ Գասպարյանի` պատերազմի մասին հայտարարությունների մի մասը