Մի քանի հարյուր մարդ է գիշերել Բաղրամյան պողոտայում. ինչ իրավիճակ է այս պահին

247
(Թարմացված է 14:49 26.02.2021)
Բաղրամյան պողոտայում այս պահին ոստիկանությունը հերթափոխ է իրականացնում։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Մի քանի հարյուր ընդդիմադիրներ գիշերն անցկացրել են Երևանի Բաղրամյան պողոտայում` վրանների, ավտոմեքենաների մեջ։ Sputnik Արմենիայի` տեղում գտնվող թղթակից պատմում է, որ արդեն իսկ շարժ է սկսվել` մարդիկ շտապում են Բաղրամյան պողոտա։ Առավոտյան արդեն իսկ հանում էին երեկ ԱԺ բակի տարածքում հայտնված փշալարերը։

Պողոտայում այս պահին ոստիկանությունը հերթափոխ է իրականացնում։

Ընդդիմադիր գործիչները` Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, արդեն իսկ բողոքի ակցիայի անցկացման վայրում են։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Улица Демирчяна (26 февраля 2021). Еревaн
© Sputnik / Nana Martirosyan
Երևանի Դեմիրճյան փողոցում. 26 փետրվարի, 2021

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

Ընդդիմադիրները գիշերն անցկացրել են Բաղրամյան պողոտայում։

247
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո (98)
Ըստ թեմայի
Ձեր անկեղծ մղումն օգտագործել են ու ձեզ դավաճանել․ Մանուկյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին
Այն, ինչ տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է. ՄԱԿ ներկայացուցիչ
Ամենանախկինը հենց Նիկոլ Փաշինյանն է. Արթուր Վանեցյանը՝ «նախկիններով» մանիպուլացնելու մասին

«Ցավում եմ, որ պարգևը հանձնում ենք հետմահու»․ Փաշինյանը շքանշանը փոխանցեց Կոմանդոսի որդուն

45
(Թարմացված է 16:45 08.05.2021)
Կոմանդոսի որդին հուսով է, որ իր հորը հետմահու հանձնված այս պարգևը դառնալու է մեր ապագա հաղթանակների խորհրդանիշներից մեկը։

Արկադի Տեր-Թադևոսյանին՝ լեգենդար Կոմանդոսին հետմահու շնորհված Հայրենիքի շքանշանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնել է նրա որդուն՝ Հայկ Տեր-Թադևոսյանին։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետի պաշտոնակատարը ցավով է նշել, որ «Հայաստանի ազգային հերոսի» բարձրագույն կոչումը հանձնում է ոչ թե անձամբ Կոմանդոսին, այլ նրա որդուն։

«Շատ ցավալի է, որ այս արժանի և կոնկրետ բովանդակություն ունեցող պարգևը հանձնում ենք մի փոքր այլ միջավայրում, քան կցանկանայինք: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ սա հարգանքի, գնահատանքի շատ կարևոր ու արժանի տուրք է ոչ միայն անձամբ Արկադի Տեր-Թադևոսյանին, այլև Արցախյան ազատամարտի ու ընդհանրապես հայրենիքի պաշտպանության գործին նվիրված մեր բոլոր հայրենակիցներին»,- նշել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ զինված ուժերին ու զորահրամանատարներին տրվող հարգանքի և գնահատանքի պարգևներն ու տուրքը վերաբերում են ամբողջ ժողովրդին, որովհետև բանակը, թիկունքը, հանրությունը մեկ ամբողջություն են։

Հայկ Տեր-Թադևոսյանն իր ընտանիքի անունից շնորհակալություն է հայտնել։ Նա հույս է հայտնել, որ այս կոչումը կլինի մեր ապագա հաղթանակների խորհրդանիշներից մեկը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Կոմանդոսին ազգային հերոսի կոչում շնորհելու հրամանագիրը ստորագրել է այսօր։

Հիշեցնենք` Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, կյանքից հեռացավ մարտի 31-ին։

Նա խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։ 1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 

1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։

1992 թվականի մայիսի 8–ի լույս 9–ի գիշերը հայկական ուժերը Արկադի Տեր–Թադևոսյանի գլխավորությամբ ազատագրել են բերդաքաղաք Շուշին։

Նշենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ապրիլի 1-ին առաջարկել էր Կոմանդոսին ազգային հերոսի կոչում շնորհել։

45
թեգերը:
ազգային հերոս, Արկադի Տեր–Թադևոսյան (Կոմանդոս), Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Ֆիորին չկարողացավ զսպել արցունքները․ «Քեզ համար Հայաստան» երգը հնչեց «France 3»-ի եթերում

178
(Թարմացված է 15:43 08.05.2021)
Ամբողջ երգի ընթացքում հանրահայտ երգիչը չափազանց հուզված էր, վերջում բեմ բարձրացավ ու հայերեն շնորհակալություն հայտնեց փոքրիկներին։

Ֆրանսիական «Cap Coeur» մանկական երգչախումբը «France 3» հեռուստատեսության եթերում կատարել է Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» («Pour toi Arménie») երգը։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում հրապարակել է եթերի տեսագրությունը։ Երգչախումբը ելույթ է ունեցել հեռուստահաղորդման ընթացքում․ տաղավարում հյուրերի թվում է ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Պատրիկ Ֆիորին։ Այս կատարումը նրա համար ակնհայտորեն անակնկալ էր։

Երգչախմբի ելույթը սկսվում է դուդուկահար Արտյոմ Մինասյանի կատարմամբ։ Առաջին իսկ հնչյուններից հուզված Ֆիորին տարուբերում է գլուխն ու հաղորդման մյուս հյուրին՝ հայտնի մոդել Կառլա Բրունիին ցույց է տալիս իր առջև դրված դուդուկը՝ ներկայացնելով, թե ինչ գործիք է հնչում։

Փոքրիկները սկսում են երգել, ու Ֆիորիի աչքերում արցունքներ են հայտնվում։ Ամբողջ երգի ընթացքում հանրահայտ երգիչը չափազանց հուզված էր։

Ելույթից հետո հաղորդավարուհին շնորհակալություն է հայտնում «Cap Coeur» մանկական երգչախմբին և դուդուկահար Արտյոմին, որոնք այս կատարումը պատրաստել էին հատուկ Պատրիկ Ֆիորիի համար։

«Պատրիկին նույնպես հուզեցին մանկական ձայները»,- նկատում է հաղորդավարուհին։

Ֆիորին բեմ է բարձրանում, հայերեն «շնորհակալություն» ասում, հետո արդեն ֆրանսերեն շարունակում․

«Շնորհակալություն, երեխաներ։ Դա հրաշալի էր։ Շատ, շատ, շատ գեղեցիկ նվեր է»։

Պատրիկ Ֆիորին հուզառատ խոսքերից հետո խոնարհվում է փոքրիկների առջև։

Պատրիկ Ֆիորին հայուհու հետ երգել է «Դլե յամանը». տեսանյութ

 

178
թեգերը:
տեսանյութ, երգ, Շառլ Ազնավուր
Միգրանտների աջակցության կենտրոն

ՌՀՄ-ն Ռուսաստանի միգրացիոն ծառայության հետ քննարկել է ՀՀ քաղաքացիների իրավական կարգավիճակը

0
(Թարմացված է 21:05 08.05.2021)
Հայաստանի քաղաքացիներից շատերը համավարակի պատճառով չեն կարողացել հայրենիք վերադառնալ։ Այժմ նրանք կարող են իրենց իրավական կարգավիճակը կարգավորել արտաքսումից խուսափելու համար։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) ներկայացուցիչները ՌԴ ՆԳՆ միգրացիոն ծառայությունների հետ քննարկել են ՌԴ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների իրավական կարգավիճակի կարգավորման խնդիրները: Տեղեկությունը հայտնում է ՌՀՄ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ միության փոխնախագահ Լևոն Մուկանյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միգրացիայի հարցերի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վալենտինա Կազակովայի հետ։ Հանդիպման օրակարգում եղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` 2020 թվականի ապրիլի 18-ի հրամանագրի իրականացման կարգը։

Խոսքը Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի կարգավորման ժամանակավոր միջոցների մասին է՝ կապված կորոնավիրուսի (COVID-19) հետագա տարածման սպառնալիքի հետ:

Հայաստանցի անօրինական միգրանտները պետք է մինչև հունիսի 15-ը լքեն Ռուսաստանը. ՌԴ ՆԳՆ

Կազակովան տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության տարածքում ընդունված աննախադեպ միջոցառումների մասին, որոնք թույլ են տալիս օտարերկրյա քաղաքացիներին (նրանք, ովքեր հայրենիք չեն մեկնել մինչև սահմանների փակումը) կարգավորել իրենց իրավական վիճակը և օրինական հիմունքներով աշխատանքային գործունեություն իրականացնել:

ՌԴ նախագահի` 2020 թվականի ապրիլի 18-ի հրամանագրի համաձայն ՝ նրանք, ովքեր գտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ խախտելով միգրացիոն օրենսդրությամբ սահմանված կացության կարգը, կկարողանան կարգավորել իրավական կարգավիճակը՝ առանց նման դեպքերում նախատեսված պատժամիջոցների կիրառման:

Ուստի Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվելու համար օրինական հիմքեր չունեցող անձանց խորհուրդ է տրվում դիմել Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմիններ։ Նման քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ ժամանակավոր կացության ժամկետը երկարաձգելու, գտնվելու վայրում հաշվառվելու մասին որոշում կկայացվի, և կտրվեն համապատասխան փաստաթղթեր:

Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանի ՆԳՆ մարմիններում իրենց իրավական կարգավիճակի կարգավորման ժամկետը սահմանվել է մինչև 2021 թվականի մայիսի 15-ը:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել աշխատանքային սերտ շփումներ հաստատել ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների իրավական կարգավիճակի կարգավորման հարցում առկա դժվարությունների մասին տեղեկատվության փոխանակման նպատակով:

Հիշեցնենք՝ դեռ նախորդ տարվա դեկտեմբերի կեսերին Ռուսաստանի նախագահը, հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակը, Ռուսաստանում միգրանտների ժամանակավոր բնակության ժամկետը երկարացրել էր մինչև 2021 թվականի հունիսի 15-ը:

Օտարերկրացիներն ավելի հեշտությամբ կկարողանան ՌԴ քաղաքացիություն ստանալ

0
թեգերը:
Ռուսաստանի հայերի միություն, միգրանտ, հայեր, Ռուսաստան