Շուռնուխում սկսվել են նոր թաղամասի կառուցման աշխատանքները։ Թաղամասն այն գյուղացիների համար է, որոնք զրկվեցին իրենց տներից Գորիս-Կապան մայրուղու արևելյան ուղղությամբ Ադրբեջանին 12 տուն հանձնելուց հետո։
Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց շինարարներից Լենդրուշ Լենդրուշյանը, այժմ հողային աշխատանքներ են ընթանում, ճանապարհներ են կառուցում ապագա թաղամասի ներսում և շուրջը:
Կառավարության ֆինանսավորմամբ կկառուցվի 3-4 սենյականոց 11 տուն։ Նախատեսվում է շինարարությունը ավարտել մինչև տարեվերջ կամ ավելի շուտ։
Այդ ժամկետները հաստատել է նաև գյուղի իրավիճակին ծանոթանալու համար Շուռնուխ եկած ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։
Ճանապարհի մյուս կողմում էլ բարերարների նվիրատվությամբ կառուցվելու են ևս 13-14 տներ։
Շուռնուխում ու Որոտանում տուն կորցրած ընտանիքները դրամական աջակցություն կստանան
Sputnik Արմենիայի հետ զրույցում Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն էլ տեղեկացրեց` ծրագրվում է «ավելորդ» տներում վերաբնակեցնել արցախցի փախստականների։
Արցախի Մարտակերտ քաղաքի շրջակայքում ռուս խաղաղապահները շարունակում են ականազերծման աշխատանքները, տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից։
Սակրավորները հետազոտել են պայթյունավտանգ առարկաների առկայությունը մասնավոր տների տնամերձ հողամասերում ու ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներում:
Հայտնաբերված պայթուցիկ իրերը դուրս են բերվել և ոչնչացվել Բալիջայի հատուկ սարքավորված հրաձգարանում։
Զինամթերքը, որը հնարավոր չէր տարհանել, ոչնչացվել է տեղում՝ պայթուցիկ աշխատանքների անվտանգության բոլոր կանոնների պահպանմամբ:
Նոյեմբերի 23-ից մինչ օրս Արցախում ականազերծվել է 1506 հեկտար տարածք, 468 կմ ճանապարհ, 1476 շինություն, հայտնաբերվել ու վնասազերծվել է 24 923 պայթունավտանգ առարկա։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Մի քանի հարյուր ընդդիմադիրներ գիշերն անցկացրել են Երևանի Բաղրամյան պողոտայում` վրանների, ավտոմեքենաների մեջ։ Sputnik Արմենիայի` տեղում գտնվող թղթակից պատմում է, որ արդեն իսկ շարժ է սկսվել` մարդիկ շտապում են Բաղրամյան պողոտա։ Առավոտյան արդեն իսկ հանում էին երեկ ԱԺ բակի տարածքում հայտնված փշալարերը։
Պողոտայում այս պահին ոստիկանությունը հերթափոխ է իրականացնում։
Ընդդիմադիր գործիչները` Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, արդեն իսկ բողոքի ակցիայի անցկացման վայրում են։
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։
Ընդդիմադիրները գիշերն անցկացրել են Բաղրամյան պողոտայում։
ԶՈւ բարեփոխումների և Ռուսաստանի հետ համագործակցության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան դատարկախոսություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Նիկոլ Փաշինյանը շատ կարճ ժամանակում 180 աստիճանով փոխում է իր դիրքորոշումները։ Իր նպատակն այս պահին իշխանությունը պահելն է»,- ասաց նա։
Նրա կարծիքով` իշխանությունը պահելու փաշինյանական նկրտումներն այնքան մեծ են, որ նա որևէ հայտարարություն անելիս առաջնորդվում է պահի թելադրանքով`մեկ կասկածի տակ է դնում ռուսական «Իսկանդերի» արդյունավետությունը, մեկ հայտարարություն տարածում Ռուսաստանի հետ համագործակցության մասին։
«Եթե այդ պահին, այդ վայրկյանին իրեն թվում է, որ սա է պետք իշխանությունը պահպանելու համար, ապա ինքը դա է անելու, միայն թե մեկ օր կամ մեկ շաբաթ ավել կառավարական աթոռին նստի»,- նշեց Վրթանեսյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին, Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը». «Թող հարց տա՝ ինչո՞ւ « Իսկանդերը» չի պայթել: Կամ ինչու՞ է այն պայթել, օրինակ, 10% -ով»։
Իսկ նախօրեին` փետրվարի 25-ին, կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը` խոսելով ԶՈւ բարեփոխումների մասին, ասել է, որ այդ բարեփոխումների շրջանակում ՀՀ-ն նախատեսում է էլ ավելի սերտորեն համագործակցել ՌԴ-ի հետ։