«Գոտեպնդվե՛ք, ոչ մի լաց, ոչ մի արցունք, մենք կենաց մահու կռվի ենք, ոչ մեկի չի հուզում մեր ազգի արցունքները, սեղմեք բռունցքներն ու գործեք, ուժեղին են լսում, ուժեղինն է ամեն ինչ։ Մեր ազգի նվիրյալ տղաները գնում են մարտի, հիշեք նրանց»... Հերոս Սևակ Մնացականյանի վերջին գրառումն է սոցցանցային իր էջում։
Արցախի «Եղնիկների» պաշտպանության ժամանակ հոկտեմբերի 19–ին զոհվեց «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ–մանկավարժ Սևակ Մնացականյանը՝ Սևակ Խոյեցին:
Այսօր Սևակի ծննդյան օրն է։ Նրա սիրելի աշակերտները, հարազատները հավաքվել են Ջրվեժի միջնակարգ դպրոցում, որտեղ աշխատում էր Սևակը։ Դպրոցում հանդիսավոր հիշատակի միջոցառում էր, որից հետո Սևակի հարազատ ֆիզկուլտուրայի դահլիճն անվանակոչվեց նրա պատվին։
Սևակը Կոտայքի մարզի Քաղսի համայնքից էր, հայտնի է իր մարզական հաջողություններով և հայրենանվեր գործունեությամբ։
Հրամանատարի մարմինը թշնամուն չթողեց, բայց ինքը վիրավորվեց. 2 անգամ մահից փրկված զինվորը
Հիմնելով «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիան, Սևակը նպատակ ուներ զարգացնելու ազգային մարտարվեստը, վերականգնելու ազգային մարտարվեստի մոռացված հնարքներն ու շարժումները, ու այն սերնդեսերունդ փոխանցել։
Նա հավատում էր, որ ազգային մարտարվեստի կայացումը մեր հասարակության ֆիզիկական դաստիարակման ու զարգացման հիմնաքարն է, առանց որի հնարավոր չէ ունենալ հասարակության՝ երիտասարդների ու պատանիների ֆիզիկական պատրաստության պահանջները բավարարող համակարգ։
«Սևակը ուժ էր, կյանք էր ու էս աշխարհում ամեն ինչն էր սիրում. ծառը, թուփը, հողը ու այն ամենն ինչ կապված էր Հայաստանի`իր հայրենիքի հետ։ Ասում էր`մամա, ես զինվորներ եմ պատրաստելու։ Հասցրեց շատերին դաստիարակել, իր հետ արշավների էր տանում, ասում էր` թող Հայաստանի ամեն մետրը ճանաչեն, որ իրենց համար թանկ լինի, որ իրենցը լինի։ Կուզեմ, որ Սևակիս աշակերտները լավ մարդ դառնան, Սևակս միայն ուրախ կլինի»,–հուզված ասաց Սևակի մայրը`Նորա Զաքևոսյանը։
Հիշատակի միջոցառմանը ներկա էր նաև Սևակի տատիկը` Սոնիկ Շահբազյանը։
«Իմ բալեն գործը կիսատ թողեց, իր նման տղերքը պիտի ապրեին, պայքարեին, որ մեր վաղվա հաղթանակը կերտեին»,–ասում է Սոնիկ տատն ու ձեռքը թափ տալիս անճարությունից։
Դպրոցում միջոցառման նախաձեռնությունը տնօրեն Լիլիթ Վարդայանինն է։ Նա վստահ է`մի քանի բառով Սևակի մասին պատմելն ուղղակի անհնար է։
«Այսօր Սևակի ծննդյան տոնն է ու բոլորը պետք է իմանան այդ մասին։ Մեր կյանքում Սևակներ կան, ու նրանք պիտի հիշվեն։ Սևակը սեպտեմբերի 27–ին եկավ իմ աշխատասենյակ, ասեց` Վարդանյան ջան, գնում եմ։ Նայեցի երեսին` ասեցի գնա։ Միակ բանը, որի համար փոշմանում եմ , դա է, որ ուրիշ ոչինչ չասեցի... Իր մահից 3 օր առաջ զանգեց ինձ, ասաց` էլ ոչ ոքի հետ չվիճեք, չտխրեք, չխեղճանաք. ամեն ինչ լավ է լինելու։ Ու ես հավատում եմ Սևակի խոսքերին, Սևակի խոսքի ուժին. ամեն ինչ լավ է լինելու»,– ասում է տնօրենը։
Մինչ բոլորն արցունքներով են հիշում Սևակին, նրա որդին` 3–ամյա Մհերն ու 1–ամյա դուստրը` Սյունեն, ժպիտով են նայում հայրիկի լուսանկարներին, որոնք միջոցառման ողջ ընթացքում փոխվում են պատի վրա։
4–ամյա որդու հերոսն է. պատերազմում երկու ոտքը կորցրած Արգիշտին սոցիալական ծանր վիճակում է
Հայրենիքի փրկության շարժման մասնակիցները երթով անցնում են Երևանի կենտրոնական փողոցներով։ Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքից հետո դրա կազմակերպիչներն ու մասնակիցներն անցան Բաղրամյան–Սայաթ Նովա– Նալբանդյան փողոցներով, հասան Հանրապետության հրապարակ։ Այստեղ, ի դեպ, կանգ չառան կառավարության շենքի դիմաց, անցան որևէ հայտարարության ու կանգառի։
«Երեկ մենք պայմանավորվել ենք, որ այս շենքում նստած մեկին մենք ասելիք չունենք։ Գալու ենք, այսպես անտարբեր անցնելու ենք, որովհետև մենք այս շենք գալու ենք մեկ անգամ և վերջնական»,– կառավարության շենքի մոտով անցնելիս ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նաև հիշեցրեց, որ այսօր ՀՀ նախագահը մերժել է ստորագրել Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ ԳՇ պետի ազատման վերաբերյալ և առարկություններով վերադարձրել գործադրի ղեկավարին։ Նրա խոսքով, սա վարչապետի պաշտոնանկության ճանապարհին առաջին մեծ քայլն է։ Նշենք, որ իրավական ընթացակարգը նախատեսում է, որ վարչապետը կարող է 5 օրվա ընթացքում դարձյալ նույն առաջարկով դիմել ՀՀ նախագահին։ Նախագահը դրանից հետո և 3 օր կունենա որոշում ընդունելու` կամ ստորագրել վարչապետի առաջարկը, կամ դիմել ՍԴ։
Հանրապետության հրապարակից հետո երթն անցավ Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով ու վերադարձավ Բաղրամյան պողոտա։
Պատերազմն ավարտվեց, հոգեբանական խնդիրները մնացին. ո՞ւմ դիմել
Նշենք, որ Վազգեն Մանուկյանն այսօր հանրահավաքի ավարտին՝ երթից առաջ հայտարարել էր, որ վաղը ընդդիմությունը բեմը տրամադրում են մշակույթի գործիչներին ու մտավորականներին։
Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյնը քիչ առաջ Բաղրամյան պողոտայի հանրահավաքում հայտարարեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել Նիկոլ Փաշինյանի առաջարկած հրամանագիրը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու մասին։
«Մենք դա էինք պահանջում, նույն կարծիքը ունեցավ Արմեն Սարգսյանը։ Ես շնորհավորում եմ ձեզ։ Հաղթանակ։ Եկեք ողջունենք հանրապետության նախագահին։ Մեր ժողովուրդը կանգնած է բանակի կողքին։ Բանակը կանգնած է ժողովրդի կողքին։ Հիմա արդեն նախագահն էլ կանգնեց ժողովրդի ու բանակի կողքին»,– ասաց Մանուկյանը։
Մանուկյանի այս հայտարարությանը հավաքված բազմությունը ծափողջույններով ու ոգևորության բացականչություններով արձագանքեց։
Վազգեն Սարգսյանը նաև հայտարարեց, որ ընդդիմությունն այժմ սպասում է մյուս ուժային կառույցների հայտարարություններին։
«Թող մնացած բլոր կառույցները հայտարարեն իրենց կարծիքը։ Ես դիմում եմ բոլոր ուժային կառույցներին` հայտարարությամբ հանդես եկեք, որ դուք կանգնած եք բանակի կողքին։ Հակառակ դեպքում` դուք բանակին դեմ եք»,– ասաց նա։
Մանուկյանը նաև մեկնաբանեց, որ իրավական ընթացակարգը նախատեսում է, որ վարչապետը կարող է 5 օրվա ընթացքում դարձյալ նույն առաջարկով դիմել ՀՀ նախագահին։ Նախագահը դրանից հետո ևս 3 օր կունենա որոշում ընդունելու` կամ ստորագրել վարապետի առաջարկը, կամ դիմել ՍԴ։
Նշենք, որ ՍԴ–ն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով նույնպես 5 օր ունի նախագահի դիմումը քննարկելու ու դրա մասին որոշում կայացնելու համար։
Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում նախագահի առարկությունները
Այսքանով ընդդիմության այսօրվա հանրահավաքն ավարտվեց։ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ վաղը ընդդիմությունը բեմը տրամադրում է մշակույթի գործիչներին ու մտավորականներին։ «Վաղն այստեղ լինելու է ուրախության հավաք»,– հայտարարեց Մանուկյանը։
Մանուկյանի ելույթից հետ Բաղրամյան պողոտայից մեկնարկեց երթը Երևանի կենտրոնական փողոցներով։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 265–ով և դարձել 172058։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4657 (+176) մարդ, կատարվել է 729267 թեստավորում (+4661), առողջացել են վարակվածներից 163394-ը (+85)։ Գրանցվել է մահվան 3192 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 815-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։