ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ձեռք են բերվել բավարար փաստեր այն մասին, որ ՀՀ Արագածոտնի նախկին մարզպետը, նրա եղբայրը՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորը և Կաքավաձոր համայնքի նախկին ղեկավարը առերևույթ չարաշահումներ կատարելու, ինչպես նաև նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով պետական միջոցներ են հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ–ի մամուլի բաժինը։
Մասնավորապես՝ Սարգիս Սահակյանը, լինելով ՀՀ Արագածոտնի մարզպետ և հանդիսանալով գործադիր իշխանության ներկայացուցիչ, ի պաշտոնե տեղյակ լինելով Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության իրականացման ծրագրի մասին, որն անցնելու էր նաև Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի վարչական տարածքով, նախնական համաձայնության գալով Կաքավաձոր համայնքի ղեկավար Ս.Մ.-ի և իր պատգամավոր եղբոր` Ն.Ս.-ի հետ, խեղաթյուրելով Ն.Ս.-ի կողմից դեռևս 2005թ. Կաքավաձոր համայնքից աճուրդ-վաճառքով 35.200 ՀՀ դրամով գնված 7800մ2 մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքի գործառնական նշանակության տեսակը, թույլատրել է նրան ապօրինի շինարարություն իրականացնել այդ տարածքում։
Նպատակը եղել է հետագայում այն «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ին անհամեմատ բարձր գներով վաճառելը։
«Ն.Ս.-ն 2013թ. դեկտեմբերի 3-ին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հետ կնքել է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման վերաբերյալ պայմանագիր, որի արդյունքում 35.200 ՀՀ դրամ աճուրդ-վաճառքով գնված հողատարածքը վաճառվել է 139.923.733 ՀՀ դրամով՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ 139.888.533 ՀՀ դրամի չափով գումարը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Կատարած հանցավոր արարքների համար Ս.Ս.-ին և Ն.Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Նույն գործի շրջանակներում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու կասկածանքով հարցաքննվել է նաև Կաքավաձոր համայնքի ղեկավարը, ով տվել է խոստովանական ցուցմունքներ:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում Ն.Ս.-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգարվվել են սեփականության իրավունքի գրանցման բազմաթիվ վկայագրեր:
Ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու և պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են թմրանյութի տեղափոխման բացառիկ դեպք: Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Երևանի մաքսային պահեստներից մեկում կատարված մաքսային հսկողության արդյունքում որպես խմորիչ հայտարարագրված 18600 կգ բեռի կազմում հայտնաբերվել է հերոինի առանձնապես խոշոր խմբաքանակ` 33 արկղ։
«Փաթեթավորման հետ միասին շուրջ 365 կիլոգրամ կշռող հերոինի շուկայական արժեքը մոտ 45 մլն ԱՄՆ դոլար է: Սա 2014 թվականից հետո Հայաստանի իրավապահ մարմինների հայտնաբերած խոշորագույն դեպքն է, որն իր բնույթով աննախադեպ է ամբողջ տարածաշրջանում: Խմորիչի փաթեթավորմամբ հերոինն Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի տարածքով նախատեսված էր տեղափոխել Արևմտյան Եվրոպա»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հանցավոր սխեման բացահայտվել է լայնածավալ և բազմակողմանի վերլուծական աշխատանքների ու համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:
Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում իրենց դերն են կատարում ՊԵԿ շնագիտական կենտրոնի կինոլոգներն ու ծառայողական շները, ովքեր նույնպես ներգրավվել են այս խոշոր դեպքի բացահայտման աշխատանքներում: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման փուլում ակտիվ մասնակցություն են ունեցել նաև ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:
Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 և 266 հոդվածների (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) հատկանիշներով: Տարբեր քաղաքացիություններ ունեցող 6 անձ ձերբակալվել է։
ԱԱԾ–ի հետ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը շարունակվում է` գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով:
Թմրանյութը`հարսի շորի ծալքերի մեջ. 2020–ին մաքսանենգության բացահայտման դեպքերն ավելացել են
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) «X-100» կայանը։
«Կայանի նպատակն է ազդել արբանյակային տեղորոշման GPS, GLONASS և այլ տեսակի համակարգերի վրա՝ ԱԹՍ-ների և այլ սարքերի տեղորոշման համակարգերի աշխատանքը մինչև 100կմ հեռավորությամբ խափանելու նպատակով»,-նշել է Արշակյանը:
Նա տեղեկացրել է, որ ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին մարդիկ կարելի է ծանոթանալ մարտի 25-27 Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «Արմհայթեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում։
Հիշեցնենք` փետրվարի 9–ին հրավիրած տարեկան ամփոփիչ ասուլիսում Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ 2021թ-ին արդեն իսկ իվիճակի կլինեն մեր տեղական ռազմական պահանջարկն ամբողջությամբ բավարարել և հրետանային միջոցների ու արկերի արտադրությունն ամբողջությամբ կազմակերպել Հայաստանում:
Նախարարը շեշտեց, որ հաջողություններ կան նաև անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում՝ ինչպես հարվածային, այնպես էլ՝ հետախուզական:
Հակոբ Արշակյանն արաբ գործընկերոջը հրավիրել է մասնակցելու ArmHiTec2021-ին