Նարդի` առաջնագծի մոտ. հուզիչ և ոգևորող տեսանյութ Չինարիից

1030
(Թարմացված է 23:08 16.07.2020)
Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն ու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը զրուցում են սահմանի դրությունից և հիանում մեր բանակի սխրանքներով։

Տավուշի մարզի սահմանապահ Չինարի գյուղից տեսանյութ է հրապարակվել, որն անհնար է առանց ժպտալու և հուզվելու նայել։ Բերդի հոգևոր հովիվ տեր Արամ Միրզոյանը Facebook-ում ցույց է տվել, թե ինչպես են առաջնագծի մոտ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն ու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն անհոգ նարդի խաղում, նրանց խաղին էլ հետևում են այլ չինարեցիները։

«Մեր այս հանգիստ վիճակն ուղիղ համեմատական է սահմանում մեր զինվորների կատարած սխրանքներին։ Մեր բանակն այս քանի օր է իսկական «մաստեր-կլաս» է ցույց տալիս», -ասում է տեսանյութում տեր Արամը, ապա դիմում Չինարիի գյուղապետին՝ խորհուրդ տալով սրբազանի հետ նարդիի խաղում «մեղմ» վարվել։

«Թող ինքը մտածի՝ ես իր հետ ոնց մեղմ վարվեմ»,- կատակում է Բագրատ սրբազանը, ապա բարևում տեսանյութը դիտող մարդկանց։

Բագրատ սրբազանը պատմում է, որ ժողովուրդը Չինարիում խաղաղ ու հանդարտ են՝ անկախ նրանից, որ առավոտյան հրետակոծվել է գյուղը։ Երեք տուն է վնասվել։

«Ժողովրդին քաջալերելուց և միասին աղոթք անելուց հետո եկանք գյուղամեջ, տեսանք՝ նարդի են խաղում գյուղապետի հետ, որոշեցինք՝ մենք էլ մրցենք», -պատմում է։

Կարիք չկա կամավորական խմբերով մեկնել Տավուշ. Արծրուն Հովհաննիսյան

Գյուղապետ Սաղոյանն էլ ասում է՝ վնասված տները բոլորը վերականգնվելու են, նյութական վնասը չի կարող ընկճել չինարեցիներին։

«Հակառակորդը ինչ վնասի, մի շաբաթում սարքելու ենք։ Ես համոզված եմ, որ մեր կառավարությունը, մեր համայնքը հարյուր տոկոսով ամեն ինչ կվերականգնեն։ Սրանով մենք երբեք հոգեպես չենք ընկճվելու։ Ամենակարևորը՝ մեր բանակը կարողացավ ավելի կայուն ամրապնդել մեր դիրքերը, մեր պետականությունը, ու հակառակորդն էլ պիտի իմանա, որ մենք անսասան ենք։ Ինչ ուզում եք արեք, ինչքան ուզում է նենգ եղեք` խաղաղ բնակչի վրա արկ ուղարկող, միևնույնն է՝ ոչնչի հասնել չեք կարող։ Մենք եղել ենք և լինելու ենք այս հողի վրա», -ասում է Սաղոյանը։

Տեր Արամն ավարտում է տեսանյութը՝ կեցցե ասելով Չինարիին, հայոց բանակին և հայ ժողովրդին։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 15-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։

Հուլիսի 16–ի առավոտյան ՊՆ–ն հայտնեց, որ գիշերը՝ ժամը 03:40-ի սահմանում, ՀՀ ԶՈւ դիրքապահները հակառակորդի շարժ են նկատել։ Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։ Նա ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։

1030
թեգերը:
Սամվել Սաղոյան (Չինարիի գյուղապետ), նարդի, Տեր Բագրատ Գալստանյան, Չինարի, Տավուշ
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (209)
Ըստ թեմայի
Փլուզված տանիք, «մաղ» դարձած պատ. Չինարիում ավերվել են հացի փուռն ու հարակից տունը
Ադրբեջանը գերեվարել է հայ տղամարդուն. ԱԱԾ
Կարիք չկա կամավորական խմբերով մեկնել Տավուշ. Արծրուն Հովհաննիսյան

Վտանգավոր իրավիճակ. Աբովյանի ստորգետնյա գազապահեստի մոտ հրդեհ է բռնկվել

255
(Թարմացված է 21:30 19.09.2020)
Փրկարարները հերթապահում են տարածքում։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Աբովյանի ստորգետնյա պահեստ-կայանը շուրջ 130 մլն խմ բնական գազի պահեստավորման հզորություն ունի:

ԱԻՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գազապահեստ–կայանի մոտակայքում երեկ առավոտյան բռնկված հրդեհը մեկուսացվել է, բայց մարել դեռ չի հաջողվել։

Մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը տեղում հերթապահություն է իրականացնում։

ԱԻՆ–ը հայտնում է, որ ծխում է տորֆ: Պարզվել է, որ այրվում է սնկի մշակման արդյունքում 3000 քմ տարածքում կուտակված 3000 խմ տորֆային թափոնը:

Նշենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Աբովյանի ստորգետնյա գազի պահեստ-կայանը շուրջ 130 մլն խմ բնական գազի պահեստավորման հզորություն ունի:

255
թեգերը:
գազ, «Գազպրոմ Արմենիա» ընկերություն, Աբովյան, հրդեհ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ մանրամասներ բեռնատարի հրդեհից
Երևան–Մեղրի ավտոճանապարհին բեռնատար է այրվում. ճանապարհը երկկողմանի փակ է
2300 կրակոց` 1 շաբաթում. արցախա–ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման դեպքերը նվազել են

Հայաստանում մեկնարկել են «Կովկաս-2020» ռազմավարական զորավարժությունները․ տեսանյութ

120
(Թարմացված է 18:51 19.09.2020)
Սեպտեմբերի 21-26-ը ռազմավարական հրամանատարական-շտաբային զորավարժությունների շրջանակում կմշակվեն միջազգային ահաբեկչության դեմ մոտոհրաձգային ստորաբաժանումների, ավիացիայի և ՀՕՊ-ի օգտագործման խնդիրները։

«Ալագյազ» զորավարժարանում տեղի է ունեցել Հայաստանում ընթացող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարական-շտաբային զորավարժություններին մասնակցող երկրների պետական ​​դրոշների բարձրացման հանդիսավոր արարողությունը։ Տեղեկությունը հաղորդում է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Բացման արարողությանը ներկա էին Հարավային ռազմական շրջանի (ЮВО) ռազմակայանի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը, զորքերի միավորված խմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, երկու երկրների ուժային կառույցների և դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներ:

Սեպտեմբերի 21-26-ը ռազմավարական հրամանատարական-շտաբային զորավարժությունների շրջանակում կմշակվեն միջազգային ահաբեկչության դեմ մոտոհրաձգային  ստորաբաժանումների, ավիացիայի և ՀՕՊ-ի օգտագործման խնդիրները։

Այս տարվա ռազմավարական զորավարժությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք տեղի են ունենում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ։ ՌՀՇԶ-ի (Ռազմավարական հրամանատարական-շտաբային զորավարժություններ) մասնակիցները գտնվելու են բժիշկների հսկողության տակ։

«Հայաստանում անցկացվող «Կովկաս-2020» ՌՀՇԶ-ի մարտական-ռազմավարական գործողություններին ներգրավված է ընդհանուր առմամբ 1,5 հազար մարդ և մոտ 300 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ երկու երկրների օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ավիացիան»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանը կմասնակցի «Կովկաս-2020» զորավարժությունների ցամաքային մասին

Զորավարժությունների ընթացքում կմշակվեն պետությունների զորքերի (ուժերի) կիրառման հարցերը՝ ի շահ Ռուսաստանի հարավ-արևմուտքում ռազմական անվտանգության ապահովման: Համատեղ գործողությունների մշակման համար հրավիրվել են Հայաստանի, Բելառուսի, Չինաստանի, Մյանմարի և Պակիստանի զինվորական կազմավորումները, ընդհանուր առմամբ մինչև հազար օտարերկրյա զինծառայողներ:

«Կովկաս-2020» զորավարժությունը տեղի կունենա 2020 թ․-ի սեպտեմբերի 21-ից 26-ն ընկած ժամանակահատվածում՝ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի՝ Հարավային ռազմական շրջանում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի առաջին տեղակալի ղեկավարությամբ և ընթացիկ տարում կդառնա Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի օպերատիվ (մարտական) պատրաստության համալիր միջոցառումների եզրափակիչ փուլը:

120
թեգերը:
Զորավարժություններ, զորք, Ռուսաստան, Հայաստան, «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն
Ըստ թեմայի
Ադրբեջանը չի մասնակցի Ռուսաստանում կայանալիք «Կովկաս 2020» զորավարժություններին
Հայաստանը Բելառուսում կմասնակցի ՀԱՊԿ–ի խաղաղապահ զորավարժություններին
Հայաստանում ՀԱՊԿ երկու զորավարժություն կանցկացվի. ինչ խնդիր է դրված
Եվգենի Պետրոսյան. արխիվաին լուսանկար

Չես կարող շոգեքարշ վարել՝ հնոցապան դարձիր, կամ «շուռ տված» հայերի բոհեմական կյանքը

9
(Թարմացված է 22:26 20.09.2020)
Sputnik Արմենիայի սյունակագիրը պատմել է, թե ինչպես է անցել իր 4–ժամյա ճամփորդությունը ռուսաստանաբնակ հայ պրոֆեսորի հետ: Վերջինս պատմել է, թե ինչ է մտածում Հայաստանում կատարվող իրադարձությունների, Լանզարոտեի կոնվենցիայի ու բոհեմական կյանքով ապրող հայ հայտնիների մասին։

«Սապսանը» շարժվեց Մոսկվայի Լենինգրադյան կայարանից և գլորվեց դեպի Սանկտ Պետերբուրգ։ Կողքի նստարանը զբաղեցնում էր մեղմ ասած (շատ մեղմ) ծեր մի տղամարդ։ Բարևեցինք, հինգ րոպե անց արդեն ցուցատախտակի վրա երևաց գնացքի արագությունը՝ 150 կմ/ժ։ Չորս այդպիսի ժամ պետք է անցկացնեինք։

Մենք ամբողջ ընտանիքով էինք․ որդիս, հարսս, երեք շատախոս թոռնուհիներս։ Ուղեկցորդուհին մոտեցրեց թերթերով սայլակը, ծերունին «Կոմսոմոլկա» վերցրեց, ճիշտն ասած՝ սայլակին ուրիշ բան չկար էլ։

«Հայե՞ր եք,-մի փոքր ուշ մեր անվերջ «ջան»-երին հաստատական երանգով արձագանքեց մեր ուղեկիցը,-Ես էլ եմ հայ։ Ինչպես ձեզ մոտ են ասում՝ «շուռ տված» հայ եմ»։

Այնուհետև անցավ դաժանորեն կոտրատված հայերենի (աղոտ արցախյան բարբառ էր հիշեցնում) և այդ հայերենով խոսեց ամբողջ ճանապարհին։

Ի՞նչ իմացա մեր ուղեկցի մասին։ Բժիշկ-անեսթեզիոլոգ է, պրոֆեսոր։ Սովորել է Մոսկվայում, աշխատել է Կազանում, Օմսկում, Լենինգրադում, Դելիում, Լիոնում, կրկին Լենինգրադում, իսկ թոշակի անցնելուց առաջ՝ նորից Մոսկվայում։ Ամեն տարի գալիս էր Երևան, բայց հիմա, երբ այստեղ ո՛չ հարազատներ, ո՛չ ընկերներ չեն մնացել՝ որդին Պետերբուրգում է, դուստրը՝ Կանադայում, կինն արդեն մահացել է, այցերը Երևան իրենք իրենց չեղարկվել են։

Երևանը ձեզ համար Փարիզ չէ. ադամանդ ձայնով Այդինյանի վիրահատությունն ու հայրենադարձությունը

Բայց մեր երկրում կատարվող ամեն ինչից տեղյակ է։ Ոչ թե պարզապես տեղյակ է, այլ, կարելի է ասել, բոլոր իրադարձությունների ներսում է, ինչպես հաճելի, այնպես էլ ոչ այնքան։ Պրոֆեսորի կողմից այդպիսի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ գրավեց ինձ։

Ճանապարհի առաջին կեսին ավելի շատ հարցեր տալիս էր նա, երկրորդին՝ ես։

Ճամփորդության առաջին կեսից։ Խնդրում էր բացատրել, թե մեր ինչին էին պետք (նա այդպես էլ ասաց` «մեր») լանզարոտա-ստամբուլյան կոնվենցիաները, որոնց պատճառով այսքան աղմուկ-աղաղակ է բարձրացել։ Մենք ուրիշ խնդիրներ չունե՞նք, ինչ է։

«Հայկական ընտանիքի ի՞նչը մեզ դուր չի գալիս»,-տարակուսում էր ծերուկը, ձեռքը վերցնելով «Կոմսոմոլկան» և մատով ցույց տալով թերթի էջը։

Հետևեցին բոլորին հայտնի անուն-ազգանուններ։ Երգչուհի Լոլիտան՝ հինգ ամուսնալուծություն, Եկատերինա Կլիմովան՝ ինչպես թերթում են գրում` «սերիալային աստղը»՝ երեք ամուսնալուծություն, հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը՝ չորս, ֆուտբոլիստ Կերժակովը երեք անգամ է ամուսնացել, երգիծաբան Եվգենի Պետրոսյանը՝ չորս ամուսնալուծություն։

Բրիտանական պարադոքս. ինչու հայը սկսեց անգլերեն խոսել գերմանական գերության մեջ

Դե լավ, ասենք՝ Պետրոսյանն էլ ինձ նման «շուռ տված» հայ է, բայց․․․ Որտե՞ղ է այս պատմության մեջ թաղված Բասկերվիլների շան գլուխը։ Կասեք՝ նրանք բոհեմական կյանքով ապրող մարդիկ են, նրանց մոտ ամեն ինչ ուրիշ է։ Թող այդպես լինի, բայց առաջներում նույնիսկ այսպես կոչված բոհեմական մարդիկ ե՞րբ էին այսքան հաճախ փոխում իրենց երկրորդ կեսին։ Հայաստանո՞ւմ, Ռուսաստանո՞ւմ։ Դե, Հայաստանում էլ չասած․․․ այստեղ պետք մի որևէ «Հայկական կոնվենցիա» գրել ամուր ամուսնության մասին և բոլոր ժողովուրդներին առաջարկել ստորագրել. հաստատ ավելի լավ բան կստացվեր, քան փորձել հավասարվել Լանզարոտեին։

«Սապսանը» մոտեցավ Տվերին, մի րոպեով կանգ առավ, վագոնից ոչ ոք դուրս չեկավ և ոչ ոք ներս չմտավ, շարունակեցինք ճանապարհը։ Թեյ բերեցին, բուտերբրոտներ։ Ծերուկը գրպանից հանեց տափաշիշը, ցեյլոնյան Greenfield Golden-ը բարեկարգեց վիսկիով, ինձ էլ առաջարկեց նույնն անել, և ճանապարհի հաջորդ հատվածին արդեն հիմնականում ես էի հարցեր տալիս։

Ի՞նչ իմացա։ Աֆորիզմների ոճով ներկայացնում եմ այն, ինչ ուղեկցիս ասածներից կարևոր թվաց։

Պրոֆեսիոնալիզմի մասին (ոչ միայն բժիշկների)․կարևոր է ոչ թե ընտրելը, թե ինչ ես երգում և ինչ չես երգում, կարևոր է պարզապես լավ երգել կարողանալը։

Սեփական հնարավորություններին ազնվորեն վերաբերվելու մասին․ չես կարող շոգեքարշ վարել՝ հնոցապան դարձիր։

Այն մասին, թե ինչպես պետք է մեզ պահենք ծեր հասակում․ եկեք չփչացնենք մեր մահախոսականը։

11 չհանձնվող տղամարդ, կամ սև օրվա համար արած խնայողություններն ավելի քիչ են, քան սև օրերը

9
թեգերը:
Հայաստան, Լանզարոտեի կոնվենցիա, Եվգենի Պետրոսյան
Ըստ թեմայի
«Թող անցյալը մոռացվի», կամ ինչու գյումրեցին մատնեց ամենամոտ ընկերոջը
Երևանում ապրած ու Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարած ադրբեջանցին ու 2 հայ եղբայրները
Կարեն Դեմիրճյանի «Չայկան», կամ ինչպես էին ՀԽՍՀ-ում տեղափոխում բարձրաստիճան հյուրերին