Մաքրագործող կրակ, պատարագ, երգ ու շուրջպար. ինչ էր կատարվում եկեղեցիներում. տեսանյութ

80
(Թարմացված է 21:13 13.02.2020)
Հայ Առաքելական բոլոր եկեղեցիների բակերում փետրվարի 13–ի երեկոյան, ճրագալույցի պատարագից հետո, Տրնդեզի կրակն է վառվում։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը մասնակցել է ժողովրդի կողմից սիրված տոնին։

Հայերն այսօր երեկոյից սկսած տոնում են ժողովրդի կողմից սիրված Տրնդեզը կամ Տյառընդառաջը։ Հեթանոսական այս տոնը Հայ Առաքելական եկեղեցին քրիստոնեացրեց , այն դարձավ եկեղեցու անշարժ տոներից մեկը և նշվում է ամեն տարի փետրվար 13–ի երեկոյից մինչև փետրվարի 14–ի երեկո։

Փետրվարի 13-ի երեկոյան պատարագ է մատուցվում, Անդաստանի (աշխարհի չորս կողմերի օրհնության կարգ) արարողություն անցկացվում։ Հետո օրհնում են մոմը, որի կրակից պետք է խարույկը վառեն։ Խարույկի վրայով թռչում են նորապսակները` միմյանց ձեռք ամուր բռնած։

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը ֆիքսել է Երևանի Նորք Մարաշ թաղամասի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղի ունեցող ուրախությունն ու տոնական տրամադրությունը։

Հեթանոսական շրջանից եկած Տրնդեզը Պատմական Հայաստանի շատ վայրերում համարվել է հաղթանակի ու ռազմի աստված Վահագնի տոնը: Վահագնի պաշտամունքը կատարվում էր ծիսական մեծ հանդիսություններով: Տրնդեզի կրակի բոցերի վրայով թռչելով, ըստ պատկերացումների, Վահագնի հուրը, հզորությունը, անպարտելիությունը, հաջողությունն անցնում են քո մեջ:Կրակի վրայով թռչում էին հիմնականում երիտասարդներն ու երեխաները: Տյառնընդառաջի տոնը առնչվում է կրակի մաքրագործող զորության հանդեպ ունեցած հավատի հետ։ Քրիստոնեական շրջանում Հայ Առաքելական եկեղեցին վերափոխեց տոնը` դարձնելով եկեղեցու անշարժ տոներից մեկը։ Այն նշվում է փետրվարի 14-ին՝ Սուրբ ծննդից քառասուն օր հետո:

Կենցաղում տոնի ամենատարածված բաղադրիչը ծիսական խարույկի հետ կապված արարողությունն է:

80
թեգերը:
կրակ, Հայ Առաքելական Եկեղեցի, Երևան, Տյառընդառաջ, Տրնդեզ

sys_stories