Մերձավոր Արևելքի համար անողոք պայքարը երբեք չի դադարելու. Դավիթ Ջամալյան 

133
(Թարմացված է 21:41 11.01.2020)
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Մերձավոր Արևելքում ամերիկյան զինուժի տեղակայման խնդրին և ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական պլաններին ու նկրտումներին, որոնց հիմքում զինված ստորաբաժանումների տեղաշարժերն են հիշյալ տարածաշրջանում:

ԱՄՆ-ի շահերն ունեն և՛ քաղաքական, և՛ տնտեսական բաղադրիչներ, որոնք փոխլրացնում են իրար: Միացյալ Նահանգները ցանկացած խնդրի մոտենում է գերտերության կարգավիճակով, և Մերձավոր Արևելքն անտեսել ուղղակի չի կարող, որովհետև նշված տարածաշրջանը մոլորակի առանցքային հատվածն է: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

Իրանը հրթիռակոծել է Իրաքի ամերիկյան բազաները

«Այստեղ կան մի քանի հարցեր. նախ՝ էներգակիրների խնդիրը, և հետո դրանք տարհանելու հարցը՝ ներառյալ ցամաքային ու ծովային ուղիները, որոնք պետք է լինեն վերահսկելի: Մերձավոր Արևելքի համար գերտերությունները պայքարել են դեռ հին ժամանակներից և գեոքաղաքական մեծ նշանակություն ունեցող այդ տարածաշրջանի համար անողոք պայքարը երբեք չի դադարելու»,- նշեց փորձագետը:

Դավիթ Ջամալյանի կարծիքով՝ էներգակիրների պաշարներն ու ուղիները վերահսկելուց բացի` կա նաև Իրանի խնդիրը, որն ինքնաբավ պետություն է և տարածաշրջանի լուրջ խաղացողներից է, որի դերակատարությունն, ի հեճուկս ԱՄՆ-ի, օրըստօրե մեծանում է։ Հետևաբար` պատահական չէ, որ ամերիկյան ռազմաբազաները տեղակայված են Իրանին հարող պետությունների տարածքներում:

«Խելագար Թրամփ». սպանված գեներալի դուստրը «սև օրեր» է խոստացել ԱՄՆ նախագահին

Փորձագետը վկայակոչում է պատմությունը, որի համաձայն՝ որևէ գերտերություն իր նվաճած դիրքերը հենց այնպես, հեշտությամբ չի զիջում, ու որքան էլ Իրանի ղեկավարությունը հայտարարի, որ իրենց վերջնական նպատակն ամերիկյան զինուժի ամբողջական դուրսբերումն է մերձավորարևելյան տարածաշրջանից, միևնույն է, նման բան տեսանելի ապագայում դեռ չի լինի:

133
թեգերը:
Դավիթ Ջամալյան, Մերձավոր Արևելք, ԱՄՆ, Իրաք, Իրանի Իսլամական Հանրապետություն
թեմա:
Sputnik զրույց (278)
Ըստ թեմայի
Հրթիռային հարձակման հետևանքով ԱՄՆ–ն մեծ կորուստներ է կրել. իրանական ԶԼՄ–ներ
ԱՄՆ–ն պատրաստ է Իրանի հետ բանակցել առանց նախապայմանների
Համացանցում են հայտնվել Իրաքում ԱՄՆ բազաների հրթիռակոծության առաջին կադրերը
ԱՄՆ–Իրան հարաբերությունների հետ կապված ՀՀ վերաբերմունքը պետք է ավելի ջերմ լիներ. իրանագետ
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ. ցուցակում 17 առաջատար ընկերություններ կան

Ուրեմն մենք էլ ենք և՛ Նախիջևանում, և՛ Ադրբեջանում միջանցք ունենալու. ԱԽ քարտուղար

320
(Թարմացված է 23:12 17.05.2021)
Երևանը հավատարիմ է մնում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Իսկ այնտեղ «միջանցք» հասկացություն չկա, այլ կա կետ, որը վերաբերում է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը։

«Զանգեզուրի միջանցք» չի լինելու։ Sputnik Արմենիայի և Civilnet-ի հետ հարցազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացառապես «ադրբեջանական նարատիվ է» (պնդում), և դա ոչ մի ընդհանրություն չունի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ:

Ավելի վաղ՝ ապրիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Բաքուն «կլուծի Զանգեզուրի միջանցքի իրականացման խնդիրը` ցանկանում է դա Հայաստանը, թե ոչ: Ընդ որում, Ադրբեջանի նախագահը սպառնացել էր ուժով լուծել հարցը։

«Հայտարարության մեջ «միջանցք» բառ չկա։ Մենք մնացել ենք, մնում ենք և մնալու ենք եռակողմ հայտարարության տրամաբանության շրջանակներում։ Ապաշրջափակում` չի նշանակում միայն մեկ ճանապարհի ապաշրջափակում, մենք բազմիցս հայտարարել ենք, որ մենք կողմնակից ենք «ապաշրջափակում» ասելով հասկանալ, որ հաղորդակցության բոլոր ուղիները, բոլոր ճանապարհներն են բացվելու»,- նշեց Գրիգորյանը։

Խոսքը, ըստ նրա, Հայաստանն ու Ադրբեջանը կապող ճանապարհների մասին է․ այդպիսի ճանապարհներ կան Տավուշում, Գեղարքունիքում, ինչպես նաև Սյունիքում։ ԱԽ քարտուղարի խոսքով՝ դրանք բոլորը պետք է բացվեն։ Եվ չի կարող լինել որևէ ճանապարհ, որով կարող են տեղաշարժվել միայն ադրբեջանցիները։ Նրանք կօգտվեն հայկական ճանապարհներից, իսկ Հայաստանը կօգտվի ադրբեջանական ճանապարհներից։

«Եթե Ադրբեջանը հարցն այդպես է դնում, ապա ես էլ կարող եմ միանշանակ պնդել, որ մենք էլ ենք և՛ Նախիջևանում, և՛ Ադրբեջանում միջանցք ունենալու։ Եթե Ադրբեջանի պնդումն այդպիսին է։ Չի կարող «միջանցք» բառն Ադրբեջանն օգտագործել այս կոնտեքստում, իսկ եթե օգտագործում է՝ ի նկատի ունենալով, որ ճանապարհները ապաշրջափակվելու են, ապա այդ կոնտեքստում մենք էլ ենք հայտարարում, որ միջանցք ունենալու ենք»,- նշում է Գրիգորյանը։

Պատասխանելով այն հարցին, թե ադրբեջանցիների «խաղաղասիրության» պարագայում արդյո՞ք հնարավոր է հայերի ազատ տեղաշարժը ադրբեջանական տարածքում, Գրիգորյանն ընդգծել է, որ այս պահին դժվար է խոսել այդ մասին, առավել ևս Սյունիքում և Գեղարքունիքում առկա սադրանքների պայմաններում:

Բայց ապագայում Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանը հույս ունի գործարկել բոլոր այն մեխանիզմները, որոնք թույլ կտան հասնել այդ նպատակին։

ՀՀ ԱԽ քարտուղարը խոսել է սահմանային խնդրի լուծման հնարավոր ռազմական սցենարի մասին

Հիշեցնենք`2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

320
թեգերը:
Անվտանգության խորհուրդ, Հայաստան, Ադրբեջան, Զանգեզուր, Արմեն Գրիգորյան
Ըստ թեմայի
Լավրովի կողմից Զանգեզուրի միջանցքին անդրադարձը մեսիջ է Ադրբեջանին և Թուրքիային. Դանիելյան
Լավրովը Երևանում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»
Ալիևը բացատրել է, թե ինչու է «Զանգեզուրի միջանցքը» քննարկվում Ռուսաստանի հետ

Պատերազմը պիտի բացառենք. Արայիկ Հարությունյանն այցելել է Շուշիի շրջանի գյուղեր

95
(Թարմացված է 14:36 17.05.2021)
Արցախի Հանրապետության նախագահը 4 համայնք է այցելել և քննարկումներ անցկացրել տեղի բնակիչների հետ։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ` մայիսի 16-ին, այցելել է Շուշիի շրջանի Եղծահող, Մեծ Շեն, Հին Շեն և Լիսագոր համայնքներ։ Նա այդ մասին գրել է Facebook–ի իր էջում։

«Տեղերում բնակիչների հետ քննարկել ենք հետպատերազմյան շրջանում առկա անվտանգային և սոցիալ-տնտեսական մարտահրավերներն ու խնդիրները, դրանց լուծմանն ուղղված անելիքները»,– նշել է Հարությունյանը։

Արցախում ռուսական անձնագրեր բաժանելու հարց չի քննարկվում. Բալասանյան

Նա հրապարակել է նաև այցի տեսագրությունը, որում որոշ հատվածներ են ներկայացված համայնքների բնակիչների հետ հանդիպումներից։

«Ամենակարևորը, որ Ղարաբաղը պահենք հայկական։ Սա է մեր խնդիրը։ Անվտանգությունը մենք իրականացնելու ենք Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հետ։ Պատերազմը մենք պիտի բացառենք։ Խաղաղ կյանքի ճանապարհը պետք է մեզ համար ուղեցույց դառնա։ Եվ դա էլ մենք անելու ենք։ Պետք է իրականացնենք սոցիալ–տնտեսական ծրագրերը»,– նշել է Արցախի նախագահը։

Նա բնակիչներին ասել է, որ գյուղերը մյուս տարի ասֆալտապատվելու են, եթե բնակչները չվերադառնան, ապա համայնքները վերաբնակեցվելու են և առնվազն 250-300 բնակիչ են ունենալու։

Շուշին ամեն ինչ է ինձ համար․ Արցախի միակ կին կռունկավարը տներ է կառուցում ուրիշների համար

 

95
թեգերը:
Շուշի, Գյուղ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ
Ըստ թեմայի
Ստեփանակերտում 10 000 տեղահանված կա. քաղաքապետը հայտնել է` տարեվերջին քանիսը տուն կստանան
Եթե Դադիվանքը խաղաղապահները չհսկեին, Ղազանչեցոցի բախտին կարժանանար. Արցախի թեմի առաջնորդ
«Ամուսինս սահմանից տեսել է մեր տունը». թաղավարդցու կյանքը` գյուղը փշալարով կիսելուց հետո
Երուսաղեմ

Հրթիռի առաջ բոլորը հավասար են. Իսրայելի հայերը` ռմբակոծության տակ կյանքի մասին

82
(Թարմացված է 00:00 18.05.2021)
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը չէր կարող չանդրադառնալ Իսրայելի հայ համայնքի վրա։ Թե ինչով և ինչպես են ապրում հայերն այս օրերին, պարզել է Sputnik Արմենիան։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Իսրայելի հայ համայնքը փորձում է որքան հնարավոր է` սովորական ռեժիմով ապրել, զբաղվել առօրյա հոգսերով։ Բնակչությունը, չնայած ռմբակոծություններին և ավերածություններին, խուճապահար չէ, և այս հարցում Իսրայելի իշխանությունների հսկայական վաստակը կա, որոնք, մեր հայրենակիցների կարծիքով, պատրաստ էին ստեղծված իրավիճակին։

Հայկական թաղամասը

Երուսաղեմի հայոց թեմի գրասենյակի ղեկավար Հովնան Բաղդասարյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հայկական թաղամասը Երուսաղեմի ուղղությամբ հրթիռային հարվածից չի տուժել: Ընդհանուր առմամբ, հոգևոր և աշխարհիկ կյանքն այստեղ սովորական հունով է ընթանում։

«Այստեղ ամեն ինչ հանգիստ է, ավերածություններ, տուժածներ, տարհանվածներ չկան։ Սակայն հրթիռային հարվածները շարունակվում են Իսրայելի հարավում, որտեղ նույնպես կան մեր հայրենակիցներից»,-ասաց Բաղդասարյանը` ավելացնելով, որ հայրապետության տվյալներով՝ այնտեղ ևս տուժած հայեր չկան։

Հոգևորականը պատմեց, որ պետությունը հոգ է տարել իր քաղաքացիների մասին և բոլոր բնակելի շենքերը հագեցած են ռմբապաստարաններով։ Ազդանշանը լսելուն պես բնակիչներն անմիջապես իջնում են այնտեղ։

Արյունախեղդ Պաղեստինը. Գազայի հատվածին հասցված հարվածների զոհերը` լուսանկարներում

Բաղդասարյանը նշեց, որ արաբների և հրեաների միջև բախումներն Իսրայելի ներսում տեղի են ունեցել «խառը» քաղաքներում (այդպես են անվանում քաղաքները, որտեղ կողք-կողքի հրեաներ և արաբներ են ապրում)։ Ընդհանուր առմամբ` նա նշեց, որ հայ համայնքում սրացման առաջին օրվանից խուճապ չի եղել, հայկական վարժարանները շարունակում են գործել, եկեղեցիներն ու գրասենյակներն աշխատում են։

«Մեզ մոտ խուճապ ու վախ չկա»,-ասաց Բաղդասարյանը։

Հրթիռի առաջ բոլորը հավասար են

Հրթիռի առաջ բոլորը հավասար են, և դա հստակ գիտակցում են Իսրայելի իշխանությունները, որոնք միանման հոգածությամբ են վերաբերում բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց էթնիկ պատկանելությունից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տեղի հայ համայնքի ներկայացուցիչ Տիգրան Մամաջանյանը։

Թուրքիան կաջակցի պաղեստինցիներին այնպես, ինչպես Ղարաբաղում սատարեց Բաքվին. Էրդողան

Նրա խոսքով` հիանալի են աշխատում նաև փրկարար ծառայությունները, որոնք շատ արագ արձագանքում են արտակարգ իրավիճակներին։ Օրինակ՝ հրթիռը որոշակի վայր ընկնելու դեպքում փրկարարներն անմիջապես գալիս են դեպքի վայր, մարում հրդեհը, անհրաժեշտության դեպքում ՝ տարհանում մարդկանց։

«Մենք փորձում ենք սովորական ռեժիմով ապրել։ Ովքեր աշխատում են` շարունակում են աշխատանքի գնալ, շատերը ստիպված են տանը մնալ և երեխաներին հետևել, քանի որ որոշ քաղաքներում դպրոցներն ու մանկապարտեզները փակ են»,-ասաց Մամաջանյանը։

Իսրայելի բոլոր սփյուռքահայկական կազմակերպությունները սերտ կապ են պահպանում։ Ճշտված տվյալներով՝ մինչ այժմ էթնիկ հայերի շրջանում հրթիռային հարձակումների հետևանքով տուժածներ չկան: Մամաջյանը նաև ընդգծեց, որ չեն տուժել նաև հայկական ճարտարապետական հուշարձանները:

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, կարելի է հանգել այն եզրակացության, որ պետությունը պատրաստ է այս տեսակի պատերազմին։ Միակ բանը, որ մեր հայրենակիցներին անհանգստացնում է այս օրերին, այն է, որ Իսրայելի տարբեր քաղաքներում արաբ բնակչությունը ջարդեր է կազմակերպում ի աջակցություն պաղեստինցիների։

Ըստ հայկական աղբյուրների՝ հայկական արքայական տոհմերի ներկայացուցիչները Երուսաղեմ են ժամանել դեռևս 4-րդ դարում։ Նրանք այստեղ տներ են կառուցել, որոնց նմանությամբ էլ հետագայում կառուցվել է ամբողջ հայկական թաղամասը։

Պաղեստինը չի ուզում, որ Անկարան պաղեստինյան սրացումը համեմատի Ղարաբաղի իրավիճակի հետ

82
թեգերը:
հայեր, ռմբակոծություն, Պաղեստին, Իսրայել
Ըստ թեմայի
Որո՞նք են իսրայելա-պաղեստինյան առճակատման պատճառները
3 երկիր ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ անցկացնելու առաջարկ է արել իսրայելա-պաղեստինյան հարցի առնչությամբ
«Ուժեղ ու զսպող դաս տալ Իսրայելին». Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Պաղեստինում