«Այ էսքա՜ն տառականներ են». ինչ պայմաններում են առևտուր անում Երևանի գետնանցումներում

639
Երևանում փողոցային առևտրի դեմ պայքարում են, բայց այն չի վերանում։ Առևտրականները նախընտրում են գումար վաստակել բաց երկնքի տակ կամ գետնանցումներում։

Դեռևս անցած տարի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ քաղաքում արգելելու են փողոցային առևտուրը, բայց դա անելու են ոչ թե պայքարի, այլ բացատրական մեթոդներով։ Sputnik Արմենիան շրջել է Երևանի կենտրոնով` պարզելու համար, թե ինչ ազդեցություն են ունեցել բացատրական մեթոդները։

Փողոցում գումար վաստակողները հրաժարվեցին խոսել իրենց խնդիրների մասին։ Իսկ գետնանցումներում վաճառքով զբաղվողները բարձրաձայնեցին իրենց խնդիրները։

«Ես ինքս զզվում են ըստեղից, սիրտս խառնում ա, հաճախորդը կգա էստեղ, առևտուր կանի՞։ Իհարկե, չէ», - նշում է վաճառողուհիներից մեկը։

Նրանք քաղաքապետարանին խնդրում են մի փոքր բարելավել անցումների վիճակը։

«Խնդրել ենք քաղաքապետարանին, տեղ ա տվել, բայց պայմաններ չկա՝ ո՛չ տուալետ կա, ո՛չ ջուր կա, վեդրոներով բերում, ջուրը լցնում ենք, ասում ենք` մարդ ենք, կանգնած ենք, գիշերը գնում ենք տուն 9–ին, 10–ին։ Մյուս օրը էլի նույն վիճակն ա»,-պատմում է մեկ այլ վաճառողուհի։

Նրանք վստահեցնում են, որ գետնանցումներում նույնիսկ էլեկտրականություն չի եղել, քաղաքապետարանը վերջերս է այդ հարցը լուծել։

Անցորդներից քչերն են կողմ փողոցում և գետնանցումներում առևտուր անելուն։

«Երբեք այստեղից բան չեմ գնում, որովհետև այ էսքան տառականներ են ամեն մի գիշեր»,– պատմում է անցորդներից մեկն ու ձեռքով ցույց տալիս խավարասերների չափը։

Sputnik Արմենիան փողոցային առևտրի թեմայով զրուցել է նաև Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ։ Նրա խոսքով` փողոցային առևտրի դեմ պայքարը մեկանգամյա գործողություն չէ ու գտնվում է քաղաքային իշխանության շարունակական վերահսկողության ներքո: Կարապետյանի համոզմամբ՝ փողոցային ապօրինի առևտրի դեմ պայքարում քաղաքապետարանը հաջողությամբ համագործակցում է իրավապահ մարմինների հետ, իսկ արդյունքը կլինի կատարյալ այն ժամանակ, երբ հարցը լինի կանոնակարգված կամ իսպառ ձերբազատվենք այդ խնդրից:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որոնց համաձայն՝ ապօրինի փողոցային առևտուր իրականացնողների ապրանքը կարող է առգրավվել։

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում առաջարկվել են շրջիկ և շարժական առևտուրը կարգավորող մի շարք փոփոխություններ, ինչպես նաև օրենքի խախտման դեպքում սանկցիաների կիրառմանը վերաբերող դրույթներ:

639
թեգերը:
գետնանցում, առևտուր, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Փողոցում առևտուր անողները ոստիկաններին Փաշինյանով են վախեցնում
Ի՞նչ գիտի իսկական բանգլադեշցին Երևանի Բանգլադեշի մասին. ծանոթ անունով անծանոթ երկիրը
Քաղաքապետարանի՝ սխալը ոչնչով փոխարինելու հանճարեղ լուծումը. որտե՞ղ կապեմ նժույգս

sys_stories