Արցախ եկող արվեստագետներին զգուշացնում են, որ կարող են հայտնվել Ադրբեջանի «սև ցուցակում»

244
(Թարմացված է 12:57 22.06.2019)
Հադրութի շրջանի վարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանը Sputnik Արմենիայի «Տետ–ա–Տետ» հաղորդման շրջանակում պատմում է «Դիզակի գույները» միջազգային նկարչական սիմպոզիումի մասին։

Երազիկ Հայրիյանը կարծում է, որ «Դիզակի գույները» միջազգային նկարչական սիմպոզիումը խթան կդառնա Արցախում զբոսաշրջությունը զարգացնելու համար։

«Առաջին անգամ միջոցառումը կազմակերպեցինք 2017 թվականին, մասնակցեցին 10 նկարիչներ Արցախից և Հայաստանից և արդեն հաջորդ տարին, ոգևորված մեր հաջողություններով, փորձեցինք միջազգային բնույթի կազմակերպել», ասում է նա։

Նրա խոսքով՝ գաղափարը ծնվել է 2016 թվականին Քարվաճառի թատերախմբի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ, և արդեն այս տարի սիմպոզիումին մասնակցել են 8 երկրի նկարիչներ՝ մոտ 15 հոգի:

«Նկարիչներին տրվում է տեղում աշխատելու հնարավորություն և տրվում են բոլոր անհրաժեշտ պայմանները, միայն թե նրանք մեզ վերջում 4 կտավ նվիրեն: Այս տարի արդեն ունենք մեծ հավաքածու՝ մեր կտավների քանակը կանցնի 150-ը»,- նշում է Երազիկ Հայրիյանը:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Արցախ ժամանողները կարող են հայտնվել Ադրբեջանի «սև ցուցակում», ըստ բանախոսի, արվեստագետներին նախօրոք զգուշացվում է, որ իրենք կարող են հայտնվել սև ցուցակում: Նա ընդգծում է, որ նման միջոցառումները շատ կարևոր են, քանի որ Արցախն ավելի ճանաչելի են դարձնում:

Հայրիյանը նշում է, որ երիտասարդները Հադրութում զբաղվածության խնդիր ունեն, դրա պատճառով էլ երբեմն արտագաղթում են: Միաժամանակ բանախոսն ընդգծում է, որ Հադրութի շրջանի երիտասարդներին հատուկ է հայրենասիրությունը, մեծամասնությունը տեղում ապրում է, զբաղվում է գյուղատնտեսությամբ:

«Մեր բաժինը երիտասարդների համար կազմակերպում է թե ժամանցային, թե ինտելեկտուալ միջոցառումներ, արշավներ, ուխտագնացություններ: Փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի ավելի հետաքրքիր դարձնենք մեր երիտասարդների առօրյան» - ընդգծում է նա:

«Դիզակի գույները» խորագրով միջազգային նկարչական սիմպոզիումը անցկացվել է Հադրութում հունիսի 10-ից 17-ը։ Փակումը տեղի է ունեցել հունիսի 17-ին Հադրութի Տնջրու ծառի տարածքում:

Փակման ժամանակ կազմակերպվել են ցուցահանդես, փոքրիկ համերգներ:

«Շուտով մենք կունենանք պատկերասրահ, հադրութցիներից մեկը մեզ նվիրել է իր հայրական տունը, որը շրջանի Տայք գյուղում է, և ընտրված նկարները հետագայում կտեղափոխենք այդ պատկերասրահ»,– ասում է Հադրութի շրջանի վարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչը:

Ծրագրերն իրականացնելու համար օգնում է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը, ինչպես նաև շրջանի վարչակազմը:

244
թեգերը:
Զբոսաշրջիկ, Արցախ
թեմա:
ՏԵՏ-Ա-ՏԵՏ (81)

sys_stories