«Այո, սա հայկական է». ինչպե՞ս է զարգանում հայկական նորաձևությունը. պատմում են մասնագետները

223
(Թարմացված է 10:34 21.06.2019)
«Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ–ի հիմնադիր, ծրագրերի ղեկավար Էլեն Մանուկյանը և «5concept» հայ դիզայներների art-տնօրեն Իրինա Վանյանը Sputnik Արմենիայի «Տետ–ա–Տետ» հաղորդման եթերում խոսում են «Fashion Forum Yerevan 2019» նպատակների և հայկական նորաձևության մարտահրավերների մասին

Հունիսի 25-29-ը Երևանում կանցկացվի նորաձևության ոլորտում իրականացվող ամենամասշտաբային միջոցառումներից մեկը՝ արդեն ավանդույթ դարձած ամենամյա «Fashion Forum Yerevan 2019»-ը:

Մանուկյանի խոսքով՝ «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ն որպես կառույց ստեղծվել է հենց դիզայներների պահանջից ելնելով։ Երեք տարի է, ինչ գործում է կառույցը և ստեղծվել է մի խումբ դիզայներների համախմբման շնորհիվ, երբ փորձել են միասին ներկայացնել հայկական նորաձևությունը արտերկրում։

«Առաջին անգամ Կիևում` Mercedes-Benz Fashion Week  շրջանակում, հայ 11 դիզայներներ հնարավորություն ունեցան իրենց աշխատանքները ներկայացնելու, որից հետո համագործակցության, միմյանց հետ շփման և հետագա կապը հաղորդակցությունն ապահովելու շնորհիվ առաջացավ այս կառույցը։ Քանի որ մեր երկրում չկար մի կառույց, որը կհամախմբեր դիզայներներին և կներկայացներ նրանց պահանջները, կարիքները, կփորձեր ինչ-որ կերպ խթանել ոլորտի զարգացումը։ Նախորդ տարի՝ 2018 թվականին, բազմաթիվ ծրագրեր իրականացրինք, փորձեցինք ֆինանսավորում գտնել և մեզ հաջողվեց։ Եվրամիության «SMEDA» ծրագրի շնորհիվ բավական մեծ ուսուցողական, վերապատրաստման փորձի փոխանակման ծրագրեր իրականացրինք արտերկրում»,-ասում է Էլեն Մանուկյանը։

Նա նշում է, որ վերջին հինգ տարիներին ոլորտը նոր սկսում է զարգանալ, շատ երիտասարդ դիզայներներ են ի հայտ գալիս, և նաև դրսի փորձը վերցնելու անհրաժեշտություն է առաջանում, որովհետև առանց դրա դժվար կլինի դուրս գալ և տարբեր երկրներում ներկայացնել հայկական նորաձևությունը։ 

Ըստ դիզայների՝ կառույցի նպատակը նաև այն է, որ փորձի փոխանակման հարթակ ստեղծվի, միջազգային փորձագետներին հրավիրվեն, աջակցեն հայ դիզայներներին դրսում տարբեր միջոցառումների մասնակցելու համար և քիչ-քիչ համաշխարհային մասշտաբով ներկայացնեն նաև հայ դիզայներներին։ 

«5concept»-ի art-տնօրեն Իրինա Վանյանը նշում է, որ հայ նորաձևությունն այսօր երկու ուղղություն ունի․ մեկը գնում է դեպի համաշխարհային, մյուսը դեպի ավելի ազգային։

«Դրանց միաձուլումը շատ հետաքրքիր գաղափար է ստեղծում, հենց հայկական Fashion։ Եվ ինչպես վրացիներն են ստեղծել և համաշխարհային հարթակներում իրենց գիտեն որպես Georgian Designers, ճանաչված են և ունեն իրենց ձեռագիրը, ես մեծ հույսեր ունեմ, որ հայկական Fashion-ը նույնպես կլինի ճանաչված և մարդիկ, երբ տեսնեն, շոշափեն հագուստը, զգան, կասեն, այո, սա հայկական է։ Դա կարող է լինել անընդհատ աշխատելով և մրցակցությունից չվախենալով»,-ասում է Վանյանը։ 

Իրինա Վանյանի խոսքով՝ հագուստը կարող է ընդհանրապես կապ չունենալ ազգայինի հետ, բայց ունենա շատ փոքր դետալներ, որոնք ցույց են տալիս իր հայկական լինելը։ 

Խոսելով վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի հագուստի մասին՝ դիզայները նշեց, որ դա մեծ պատիվ է։ «Եթե ցանկացած երկրի վարչապետն ու առաջին տիկինը օգտվում են իրենց երկրի արտադրությունից, դիզայներներից, դա մեծ ձեռքբերում է և այս դեպքում էլ այն ունեցավ իր արդյունքը»,-ընդգծեց մասնագետը։ 

Ըստ դիզայներների՝ հունիսի 25-29-ը Երևանում կայանալիք ֆորումի նպատակը հենց միջազգային փորձը ուսումնասիրելն է, կապեր ստեղծելը, քանի որ 15 միջազգային փորձագետներ են մասնակցելու, ներկայացվելու է արտերկրի փորձը, ներկայացվելու են նաև հայ դիզայներները։  

Հունիսի 25-29-ը Երևանում կանցկացվի նորաձևության ոլորտում իրականացվող ամենամասշտաբային միջոցառումներից մեկը՝ արդեն ավանդույթ դարձած ամենամյա «Fashion Forum Yerevan 2019»-ը՝ նորաձևության ոլորտի զարգացման և առաջմղման գեղեցիկ առաքելությամբ:

«Fashion Forum Yerevan 2019»-ը Հայաստանում նորաձևության ոլորտի զարգացմանն ու հայկական մշակույթի ներկայացմանն ուղղված մի շարք կրթական և մշակութային միջոցառումների հարթակ է: 

223
թեգերը:
դիզայներ, Կին, հայ, նորաձևություն, Հայաստան
թեմա:
ՏԵՏ-Ա-ՏԵՏ (81)
Ըստ թեմայի
Թարս էր հագել. նորաձևությանը հետևողները Քեյթ Միդլթոնին թափթփվածության մեջ են մեղադրել
«Մտածելով հագուստ գնեք». Գալյանը` աստղերի «կապրիզների» և ժամանակակից նորաձևության մասին
Ինչպես է սովետական հին ավտոբուսը դառնում հյուրանոց. հայաստանյան հանգստի նորաձևությունը

sys_stories