Տարիներ անցան. մեծ ֆուտբոլն Արմեն Շահգելդյանի համար սկսվեց բակային «քամակ դաղոցիից»

129
(Թարմացված է 07:12 07.06.2019)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի վետերան, մարզիչ Արմեն Շահգելդյանը կարծում է, որ աշխույժ բակային խաղերը նպաստել են հաջողակ սպորտային կարիերային։

Նա մեծացել է Երևանում` Գայդարի փողոցի տներից մեկում։ Արմենը փոքր ժամանակից սկսել է բակում գնդակ խաղալ։ Նրա հայրը շատ էր ուզում, որ իր որդին անպայման ֆուտբոլիստ դառնա ու խաղա երևանյան «Արարատում»։ Այդ ցանկությունն ուղղակիորեն կապված էր թիմի մեծ հաջողության հետ, որը եղավ Արմենի ծննդյան տարում. 1973 թվականի խաղաշրջանում «Արարատը» դարձավ ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր։

Հայրը տարավ Արմենին «Հրազդան» մարզադաշտի մոտի մարզադպրոցը,  բայց պրոֆեսիոնալ սպորտը նրան բակային մարտերից հեռու չպահեց։ Մի անգամ նա այնքան էր տարվել բակում խաղալով, որ մոռացել էր պարապմունքի մասին։ Մինչդեռ հայրը հենց այդ օրը մարզադպրոց էր գնացել ու զարմացել էր, որ նա բացակա է։ Որդու փաստարկները, որ նա բակի պատիվն էր պահում ու այդ խաղը մարզումից պակաս չէր, հոր համար համոզիչ էին։

Փոքր ժամանակ Արմենի բախտը բերել է։ Տարածքում ֆուտբոլային երկու դաշտ կար. կողքի դպրոցի բակինն ու Ժամացույցի գործարանինը։ Բայց նրանք այնտեղ խաղում էին, երբ շատով էին հավաքվում կամ հարևան բակերի տղերքն էլ էին գալիս։ Իսկ երբ քչով էին, «մուտքային ֆուտբոլ»  կամ մեկ դարպասով էին խաղում։ Այն ժամանակ ամենաբարդը առաջին հարկի հարևանի` Ռուբիկի գործն էր, գնդակն անընդհատ կամ պատուհանն էր կոտրում, կամ մուտքի խորդանոցի կոմպոտները։

Այն տարիներին բակերում ֆուտբոլի ևս մի տեսակ կար` «քամակ դաղոցին»։ Թիմը հերթով 11-մետրանոց էին խփում։ Պարտվածները հետո շարվում էին, ինչպես մեծ ֆուտբոլում տուգանայիններից առաջ, բայց մեջքով,  ու գնդակով հարվածներ էին ստանում փափուկ տեղում։

Արմենը հիշում է, որ նրան նույնիս «պախկվոցին» էին գնդակով խաղում։ Փակողին «բռնացնելու» փոխարեն պետք էր գնդակը հնարավորինս հեռու նետել։

«Տարիներ անցան» ռադիոնախագիծը նվիրված է փողոցային խաղերին ու բակային ավանդույթներին, հին հարևաններին, դպրոցական կյանքին ու անցյալի վառ պատմություններին:

129
թեգերը:
Հայաստան, ԽՍՀՄ, ֆուտբոլ, սպորտ
Ըստ թեմայի
Տարիներ անցան. ի՞նչ մականուն ուներ Արտյոմ Երկանյանը բակում և ինչպես էր այն ձեռք բերել
Տարիներ անցան. ինչպես է «համով» Զառան համբուրվել Բրեժնևի հետ. պատվաբեր էր, բայց տհաճ
Տարիներ անցան. ինչպես էր Կարեն Քոչարյանը բանկա–փլավ խաղում և ինչու էին նրան Քոչինյան ասում
Տարիներ անցան. ինչպես էր Մամբրե պապը ճիպոտով վազում Վահան Արծրունու հետևից
Տարիներ անցան. ինչպես Հրաչ Քեշիշյանը պաղպաղակի պատճառով խրվեց պարտքերի մեջ

sys_stories