Համակարգը թափանցիկ է, և ծնողն այլևս դպրոցի տնօրենից չի լսի ավանդական «տեղ չկան». Պողոսյան

1420
(Թարմացված է 15:09 02.05.2019)
Առաջին դասարանցիներին էլեկտրոնային եղանակով գրանցելու և դպրոցն ընտրելու նոր էլեկտրոնային համակարգը կգործարկվի մայիսի 15-ին, առավոտյան ժամը 9-ին, և այդ ժամանակ ծնողները հնարավորություն կունենան երեխաներին հայտագրելու իրենց ցանկացած դպրոցը: Հայտագրելու համար ՀՀ օրենքով տարածքային կամ այլ սահմանափակում չկա: Այս մասին Sputnik Արմենիայի «Տետ–ա–Տետ» հաղորդման եթերում ասում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը:

Պողոսյանի խոսքով՝ առաջին դասարանցիներին էլեկտրոնային եղանակով գրանցելու և դպրոցն ընտրելու նոր էլեկտրոնային համակարգի գաղափարը ծնվել է դեռևս 2017 թվականին:

«Ծնողները հաճախ են տալիս հետևյալ հարցը, որ հնարավոր է տեղ չլինի, ես չկարողանամ ընտրել իմ ցանկացած դպրոցը. պետք է նշեմ, որ օրենսդրությամբ գոյություն ունի լիցենզավորման գործակալություն և լիցենզավորման գործընթաց, որի շրջանակներում դպրոցին տրվում է որոշակի քանակ: Լինի էլեկտրոնային, թե ոչ, դպրոցը չի կարող ընդունել իրեն տրված քանակից ավելի: Եթե տրված է 400 երեխայի լիցենզիոն տեղ, նա չի կարող ընդունել 401 երեխա»,-ասում է մասնագետը:

Արտակ Պողոսյանի խոսքով՝ համակարգը տալիս է առաջին հերթին թափանցիկություն: Ժամանակին, եթե ծնողը ցանկանար իր կողքի դպրոցը տանել երեխային, լինում էին դեպքեր, երբ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին արդեն պատասխանում էին, որ հաջորդ տարվա համար տեղ չկա: Ծնողը հնարավորություն չէր ունենում իրականում պարզելու` այդպես է, թե ոչ:

«Հիմա համակարգն այդ պրոցեսը դարձնում է թափանցիկ, ծնողը` մտնելով համակարգ, փնտրելով դպրոցը, միանգամից տեսնում է քանի տեղ կա զբաղված, քանիսն են ազատ,  բացում է հայտ և հայտագրում երեխային: Հայտագրման պրոցեսն այնպես է կազմակերպված, որ սխալներ թույլ չտան: Ծնողը մուտքագրում է իր հանրային ծառայությունների համարանիշը, որը նախկին սոցիալական քարտն է, իդենտիֆիկ է, չի կրկնվում երբևէ,  նշում է անունը և ազգանունը, էլ. փոստի հասցեն: Էլ. փոստի  նշումը նրա համար է, որ գրանցվելուց հետո ծնողն ստանա PIN կոդ: Դրա միջոցով նա կարող է մտնել համակարգ, իր համար ստեղծված էջ և տեսնել` մինչև երբ պետք է երեխայի փաստաթղթերը ներկայացնի դպրոց: Եթե այդ ժամկետներում՝ 15 օրվա ընթացքում,  չի ներկայացնում, ապա չեղարկվում է իր հայտագրումը», –ասում է Պողոսյանը:

Ըստ Պողոսյանի՝ շատ կարևոր է այս ընթացքում իրազեկել քաղաքացիներին, որ ստեղծվել է հատուկ էջ՝ stugum.emis.am, որտեղ պետք է մտնել և ստուգել տվյալները: Սա պարտադիր գործողություն է, որպեսզի հետագայում հայտագրման ժամանակ խնդիր չառաջանա: «Շատ դեպքերում համակարգը կարող է ցույց տալ, որ ծնող - երեխա կապ չի հայտնաբերվել: Տվյալներն ավտոմատ գալիս են բնակչության պետական ռեգիստրից: Եվ եթե այդտեղ  ծնող - երեխա փաստաթղթային կապը տրված չէ՝ համակարգը չի հասկանում, թե այդ քարտի տակ գտնվող անձնավորությունն ում երեխան է»,-ասում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենը:

Այժմ կատարվում են աշխատանքներ մինչև մայիսի 15-ը այդ խնդիրը ևս շտկելու համար:

1420
թեգերը:
Հայաստան
թեմա:
ՏԵՏ-Ա-ՏԵՏ (79)

sys_stories