Եթե չենք հասնում Արցախի անկախությանը, բանակցային գործընթացը դառնում է անիմաստ

86
(Թարմացված է 18:52 22.04.2019)
Բանակցությունները, որ սկսվեցին ապրիլյան պատերազմից հետո, բանակցություններ չէին, ըստ էության, այլ բանակցություններ էին` ինչպես սկսել բանակցությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԵԿՄ նորընտիր վարչության անդամ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Այդ ժամանակ հայկական կողմը նախապայմաններ դրեց՝ պետք է տեղադրվեին մեխանիզմներ, որոնք կվերահսկեն, թե իրավիճակը շփման գծում ով է խախտում։ Իսկ ակնհայտ է, որ խախտում է Ադրբեջանը․ մեզ պետք չի խախտել, պետք չի պատերազմ, մենք մեր խնդիրը լուծել ենք։

Վաղարշակ Հարությունյանը նշում է, որ միջազգային հանրությունը այս հարցում ունի իր նպատակները, իր խնդիրները և իր հնարավորությունները։ Եվ եթե մենք խոսում ենք բանակցությունների մասին, ապա պետք է տարբերենք ՝ քաղաքական է մոտեցումը, ռազմաքաղաքական , թե բանակցային։

«Քաղաքական և ռազմաքաղաքական առումով մենք մեր հարցերը լուծել ենք։ Այստեղ որևէ զիջումների մասին չի կարող խոսք գնալ»,-ասել է Հարությունյանը։

Ըստ Հարությունյանի՝ եթե մենք բանակցային տրամաբանության մեջ ենք, ապա մենք պետք է օգտագործենք այդ հնարավորությունը, որպեսզի խնդիրը լուծենք բանակցային ճանապարհով։

«Եթե մենք ասում ենք բանակցում ենք, ուրեմն պետք է ասենք , որ պատրաստ ենք փոխզիջումների և փոխզիջումները կարող են լինել այն սահմաններում, որը չի վնասում մեր գլխավոր խնդրին՝ Արցախի կարգավիճակին։ Եթե մենք չենք հասնում Արցախի անկախությանը, ապա բանակցային գործընթացը դառնում է անիմաստ»,-ասել է Հարությունյանը։

Վաղարշակ Հարությունյանի կարծիքով՝ մենք պետք է աշխատենք, որ հասնենք արդյունքների, որպեսզի ազդեցիկ միջազգային կառույցներն ընդունեն բանաձևեր կամ գործեն ի օգուտ մեզ։

 

86
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ադրբեջան, Հայաստան, Արցախ
թեմա:
Իրականում / Օրացույց (621)

sys_stories