Ինչպես են ոստիկանները Երևանում վնասազերծել կազմակերպված հանցավոր խմբին. տեսանյութ

238
Ոստիկանության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են խմբի անդամները գողություն անում Երևանի ջերմաէլեկտրակայանից։ Խմբի բոլոր անդամները երևանցիներ են։

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ մի խումբ անձինք ստեղծել են կազմակերպված կայուն խումբ և կատարում են գողություններ:

Հանցավոր խմբին բացահայտելու, հանցափաստում մերկացնելու և խմբի բոլոր անդամներին հայտնաբերելու համար ձեռնարկվել են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Սահմանվել է շուրջօրյա հսկողություն, ճշտվել խմբի անդամների ինքնությունը, կազմակերպվել են դարանակալումներ: Կասկածյալների գործողությունները գիշերային ժամերին հետևելու և արձանագրելու համար օգտագործվեցին նաև տեխնիկական հատուկ միջոցներ և գիշերային տեսանկարահանող սարքեր:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվեցին մի շարք հանգամանքներ: Հանցավոր խմբի անդամները հիմնականում հանդիպում էին Էրեբունի վարչական շրջանի Արցախի, Աթոյան, Դիմիտրովի և Էրեբունու փողոցներում:

Հանդիպումից հետո կասկածյալները նստում էին խմբի անդամներից որևէ մեկի մեքենան և շարժվում Արին Բերդի 3 հասցեի ուղղությամբ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները չձախողելու համար որոշում կայացվեց միջոցառումներն իրականացնել հաջորդ օրը, քանի որ տեղեկություններ կային, որ հաջորդ օրը նույնպես խումբը գնալու է հենց այդ ուղղությամբ:

Հաջորդ օրը ոստիկանները Արին Բերդի փողոցի ուղղությամբ տեղադրեցին տեսախցիկներ՝ հանցավոր խմբի շարժին հետևելու համար, կազմակերպվեցին նաև դարանակալումներ:

Ինչպես երևում է կադրում, մեքենայից իջնելուց հետո խումբը շարժվում է դեպի Երևանի ջերմաէլեկտրակայանի տարածք: Րոպեներ անց վերադառնում են պարկերով ու հեռանում:

Այս գործողությունից հետո կասկածյալները պարկերը տեղափոխում էին Սարի թաղի տներից մեկը, իսկ հաջորդ օրն առավոտյան, բեռնափոխադրման մեքենայով տանում էին մետաղի ընդունման կետ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ հանցավոր խումբը Երևանի Ջերմաէլեկտրակայանի տրանսֆորմատորից գողանում էր պղնձե փաթույթներ և գողոնն իրացնում մետաղի ընդունման կետում: Ի դեպ, ըստ նախնական տվյալների՝ գողոնն ամեն անգամ կազմում էր շուրջ 1 տոննա:

Հարուցվեց քրեական գործ գողության հատկանիշներով:

Հանցավոր խմբին վնասազերծելու օպերացիան կազմակերպելու համար հարկավոր էր մի քանի օր հետևել նրանց հանցավոր գործունեությանը, որպեսզի պարզվեն գործողությունների բոլոր հանգամանքները, իսկ վնասազերծելիս հայտնաբերվեն խմբի բոլոր անդամները, նաև օժանդակող անձինք:

Ապրիլի 4-ին՝ կեսգիշերին խումբը կրկին շարժվեց նույն ուղղությամբ: Դարձյալ ոստիկանների տեսադաշտում պարկերը տեղափոխեցին մեքենա, իսկ առավոտյան՝ կրկին մետաղների ընդունման կետ:

Երբ ամեն ինչ պարզ էր, այսինքն իրավապահները գիտեին, թե որտեղից, ինչ են գողանում, և որտեղ իրացնում գողոնը, որոշում կայացվեց վնասազերծել խմբի անդամներին:

Նույն օրը՝ ապրիլի 4-ի առավոտյան, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ հանցավոր խումբը վնասազերծվեց մետաղների ընդունման կետում, և բոլոր կասկածյալները բերման ենթարկվեցին ոստիկանության Շենգավիթի բաժին:

Բերման ենթարկվածներն էին՝ երևանցիներ 34-ամյա Արման Մանուկյանը, 36-ամյա Գուրգեն Ղռանտոնյանը, 31-ամյա Սերգեյ Մեհրաբյանը, 41-ամյա Գևորգ Բաղդասարյանը, 32-ամյա Մերուժան Մանուկյանը, եղբայրներ 37-ամյա Նշան ու 36-ամյա Գրիգոր Նշանյանները, 36-ամյա Ալբերտ և 37-ամյա Ռոբերտ Նիգոյանները:

Նախնական հաշվարկով՝ գողություններով պատճառված վնասի չափը կազմում է 21 միլիոն դրամ:

Կասկածյալները կալանավորված են:

Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է:

238
թեգերը:
գողություն, ՀՀ Ոստիկանություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ո՞վ և ինչու՞ է սպանել տաքսու վարորդին. Վանաձորում տեղի ունեցած սպանության նոր մանրամասները
Ինքնասպանության փորձ Արտաշատում. հուսահատությունը երիտասարդին դրդել է ծայրահեղ քայլի
Երևանում թալանել են գիտական կենտրոնի երկու աշխատակցի
Վրաերթ Երևանում. տղամարդը տեղում մահացել է
Տղամարդը փորձել է նետվել Կիևյան կամրջից. ոստիկաններն արագ կանխել են

sys_stories