Հայաստանյան առևտրային բանկերում ավտովարկերի տրամադրման 5 % աճ է գրանցվել. Մաթևոսյան

211
(Թարմացված է 15:07 21.03.2019)
Խոշոր բանկերից մեկի մանրածախ գործառնություններով վարչության պետ Արշակ Մաթևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է վարկավորման հնարավորությունների, ավտովարկերի տրամադրման պայմանների և ավտոշուկայի ռիսկայնության մասին:

Մասնագետը կոչ է անում քաղաքացիներին նախքան պայմանագրի ստորագրումը մանրամասն կարդալ պայմանագրի կետերը, ծանոթանալ դրույթներին, իրենց և բանկի պարտավորություններին:

Նա նշում է, որ ավտովարկը այսօր շուկայում պահանջարկ ունեցող վարկատեսակներից մեկն է, հասարակության համար այն լավ հնարավորություն ստեղծում` ձեռք բերել ավտոմեքենաներ վարկային միջոցների հաշվին, այլ ոչ թե, ինչպես նախկինում էր արվում, իրենց խնայողությունների հաշվին:

«Նախորդ տարվա համեմատ այս տարի հայաստանյան առևտրային բանկերում ավտովարկերի տրամադրման 5 % աճ է գրանցվել: Վերջին շրջանում շուկայում դիտվում է տոկոսադրույքների նվազման միտում. սպառողական վարկերի տոկոսադրույքներում միջինը 2-3 % իջեցում կա, ինչը կարող էր նպաստել ավտովարկերի տրամադրման աճին: ՀՀ բանկերում ավտովարկերի անվանական տոկոսադրույքներն այսօր ՀՀ դրամի դեպքում 13-21 % են, իսկ փաստացիների դեպքում` 15.5-24%, իսկ վարկային կազմակերպություններում տոկոսադրույքները մի փոքր ավելի բարձր են: Հարկ եմ համարում նշել, որ դրամային վարկերի դեպքում տոկոսադրույքը ավելի ցածր է, իսկ արտարժույթի դեպքում կան որոշակի ռիսկեր, բանկերը և ֆինանսական կազմակերպությունները պետք է կարողանան քաղաքացներին պատշաճ իրազեկել վարկավորման ռիսկերի մասին»,–ասում է Մաթևոսյանը:

Մասնագետը հիշեցնում է, որ գոյություն ունի վարկ-գրավ հարաբերակցություն հասկացողությունը, որը ի հայտ է գալիս գրավադրվող գույքը, տվյալ դեպքում ավտոմեքենան գնահատելուց հետո: Երկրորդային շուկայից ձեռք բերված ավտոմեքենայի` հայաստանյան շուկայում գնահատված արժեքի սկսած 50 %-ը, ենթակա է ֆինանսավորման: «Որքան ավտոմեքենայի տարեթիվը բարձր է, ռիսկերը այդքան ցածր են և այդ դեպքում վարկ-գրավ հարաբերակցությունը փոխվում է»,–նշում է Մաթևոսյանը:

Անդրադառնալով վարկային կազմակերպությունների ռիսկերի գնահատման ձևին`մասնագետը նշում է, որ ֆինանսական կառույցները ևս կարողանում են ճիշտ գնահատել ռիսկերը և վարկավորել այն վարկառուին, ում բանկը փոքր-ինչ ռիսկային է համարում: Սակայն այս դեպքում տոկոսադրույքը ավելի բարձր է լինում:

Հաղորդավար` Լուսինե Մկրտչյան։

211
թեգերը:
Հայաստան
թեմա:
Ինտերակտիվ (23)

sys_stories