Աղջիկներն ավելի ակտիվ են. հաղթողները կստանան հրացան, մարզահագուստ և այլ մրցանակներ

124
(Թարմացված է 20:37 21.02.2019)
Դիտեք, թե ինչպես են Հայաստանի պետական ծառայողները կրակում ատրճանակով։

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը փետրվարի 21-ին և 22-ին պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթ է անցկացնում։

«Արդեն երրորդ տարին է` պետական գերատեսչությունների միջև հրաձգության մրցույթ ենք անցկացնում։ Այս անգամ մասնակցում են 32 պետական կառույցներ, 217 մասնակիցներ», – լրագրողներին ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը։

Նրա խոսքով` 2018թ–ին հաղթել են կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները։ Ապագայում նախատեսվում է ներգրավել նաև մյուս կառույցներին։

Անդրադառնալով կանանց ու աղջիկների մասնակցությանը` նախարարի պաշտոնակատարը նշեց, որ նրանք նույնպես պետք է կարողանան օգտվել զենքից։

«Տվյալները ցույց են տալիս, որ աղջիկները և կանայք առավել ակտիվ են այդ մարզաձևում», – ասաց Ղազարյանը։

Մրցույթի գլխավոր մրցավար Խորեն Իգիթյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ մրցմանն արդեն մասնակցել են 20 թիմ։ Առավել հաջող ելույթ են ունեցել արդարադատության նախարարության կանանց և տղամարդկանց թիմերը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կանայք։

«Անհատական պայքարում 45 միավորով առաջատար է դատական բաժնից մի աղջիկ։ Ընդհանուր առմամբ աղջիկները և տղաները գրեթե հավասար են ելույթ ունենում», – ասաց Իգիթյանը։

Մասնակիցներին հնարավորություն են տալիս 3 փորձնական կրակոց արձակել Մակարովի ատրճանակից։ Դրան հաջորդող 5 կրակոցները հաշվում են։

Այն պահին, երբ Sputnik Արմենիայի թղթակիցները հրաձգարանում էին, կրակում էին Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչները։

«Ավելի վատ էր, քան սպասում էի։ Մասնակցում եմ երկրորդ անգամ, հավաքել եմ 9,7 և 8 միավոր։ Ավելին էի սպասում, բայց ոչինչ», – մեզ ասաց մասնակիցների մեկը` Նաիրա Սարգսյանը։

Մրցումները շարունակվում են, փետրվարի 22–ին ելույթ կունենան ևս 16 թիմեր։

Անհատական հաշվարկով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցներին կհանձնվեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հավաստագրեր, մեդալներ, գավաթներ, հուշանվերներ և մարզահագուստ, իսկ առաջին տեղերը գրաված մասնակիցներին՝ նաև օդամղիչ հրացաններ:

Հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը տեղի կունենա փետրվարի 26-ին՝ ժամը 12.00-ին, նախարարության նիստերի դահլիճում:

124

sys_stories