Հայ ընտանիքը շների ապաստարանը գերժամանակակից կենտրոնի է վերածում. տեսանյութ

696
(Թարմացված է 20:51 02.02.2019)
Ինա Գրիգորյանի ընտանիքը շների համար ապաստարան է հիմնել, որտեղ հիմա 32 կենդանի է ապրում։ Շուտով նաև կենդանասերների կենտրոն կլինի։

Ինա Գրիգորյանն իր չորս երեխաների հետ արդեն մի քանի տարի շարունակ զբաղվում է անտուն կենդանիների խնդիրներով։ Նրանք հիմնել են «Dog's Place» ապաստարանը, որտեղ հիմա 32 շուն է ապրում։

Ինան շներին անուն է տալիս՝ հաշվի առնելով կենդանիների բնավորության յուրահատկությունները։ Առաջին հայացքից բոլոր շները նման են իրար, բայց ապաստարանի տիրուհին վստահեցնում է, որ ամեն մեկն անհատականություն է ու իր բնավորությունն ունի։ Մեկն ուրախ ու ընկերասեր է, մյուսը՝ խիստ, երրորդը՝ խորամանկ, չորրորդը` չարաճճի։ Օրինակ` աշխույժ ու ակտիվ քոթոթին Ապելսին են կոչել, իսկ նրա հանգիստ եղբորը` Դուդու։

Կենդանիների հանդեպ սերն այնքան մեծ է, որ ընտանիքը չի բավարարվում արածով և արդեն սկսել է «Ագարակ» կենտրոնի ստեղծման աշխատանքները։ Ապաստարանը կլինի այդ կենտրոնի մի մասը։

Այս գերնորաձև կենտրոնում, շների համար նախատեսված անկյունից բացի, լինելու է նաև կատուների ու ձիերի անկյուն, հաշմանդամ երեխաների համար ներառական ծրագրեր են իրականացվելու, մաքուր օդին մարզումներ ու յոգայի պարապմունքներ են անցկացնելու։

Կենտրոնում նաև «Կենդանիների հյուրանոց» ծառայություն է գործելու, որպեսզի մարդիկ արձակուրդների ժամանակ կարողանան իրենց կենդանիներին ապահով վայրում թողնել։

696

sys_stories