ՀՀ–ում ստեղծվել է աղբի վերամշակման առցանց հարթակ. Sputnik–ի հյուրը Հռիփսիմե Մկրտչյանն է

304
(Թարմացված է 17:43 24.12.2018)
Հայաստանյան առցանց տիրույթում բնապահպանական նոր կայք է հայտնվել։ Երկրում առաջին անգամ քարտեզագրվել են տեսակավորված թափոնների աղբամանները, վերամշակող կազմակերպություններն ու թափոններ ընդունող կետերը: «Էկո Աղբ» հասարակական կազմակերպության նախագահ Հռիփսիմե Մկրտչյանը խոսում է կայքի նպատակի մասին։

Կանաչ հարթակի ստեղծման նպատակն է տեղեկացնել հանրությանը Հայաստանում գործող վերամշակող կազմակերպությունների մասին։ Կայքը մեկտեղել է վերամշակման գործընթացին առնչվող հիմնական կոնտակտային տվյալները՝ հնարավորություն տալով յուրաքանչյուրին հեշտությամբ գտնել, թե ցանկության դեպքում որտեղ կարելի է հանձնել տեսակավորված աղբն ու սեփական վարքագծով նպաստել ավելի առողջ, ավելի կանաչ միջավայրի ձևավորմանը։

«Թափոնների վերամշակումը շատ կարևոր է, քանի որ աղբը հսկայական բացասական ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա։ Աղբավայրերի թափոններից վնասակար քիմիական նյութներ ու ջերմոցային գազեր են արտազատվում, իսկ վերամշակումն օգնում է ոչ միայն նվազեցնել թափոնների պատճառած աղտոտումը, այլ նաև կրճատել հումքի օգտագործումը։ Պլաստիկ նյութերի քայքայման համար, օրինակ, պահանջվում են հարյուրավոր տարիներ։ Բացի այդ նոր արտադրանք ստանալու համար պահանջվում է հսկայական էներգիա, մինչդեռ շշերի, թղթի, պլաստիկի կամ այլ տեսակի նյութերի վերամշակման համար ավելի քիչ էներգիա է ծախսվում, և հսկայական օգուտ է տրվում բնությանը՝ պահպանելով բնական ռեսուրսները»,- ասում է «Էկո Աղբ» հասարակական կազմակերպության նախագահ Հռիփսիմե Մկրտչյանը:

Կազմակերպիչները համոզված են, որ անհատների առօրյա սովորություններն ու կենսաձևն անմիջականորեն ազդում են այս գործընթացի վրա, իսկ կայքը կարող է հրաշալի գործիք դառնալ անհատներին ու մարդկանց խմբերին ներգրավելու վերամշակման այս կարևոր գործընթացի մեջ՝ դարձնելով այդ գաղափարի կիրառողն ու տարածողը։ Հաղորդավար` Աննա Վարդանյան

304

sys_stories