Բյուջեի նման աննպատակ ծախսում դեռ չի եղել. Թեհմինա Վարդանյան

318
(Թարմացված է 10:56 22.12.2018)
Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեն հետընթաց է նույնիսկ 2018թ–ի Երևանի բյուջեի համեմատ, և սա ուղղակի անթույլատրելի ու աններելի է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, ներկայացնելով «Լույս» խմբակցության դիրքորոշումը, այս մասին ասաց Երևանի ավագանու նախկին անդամ, «Լույս» խմբակցության փորձագետ Թեհմինա Վարդանյանը:

Նրա խոսքով` Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը, մանրամասն ուսումնասիրելով նախագիծը, արձանագրում է, որ այն հետընթաց է նույնիսկ 2018թ. Երևանի բյուջեի համեմատ, որն այդքան քննադատեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը և մի շարք հիմնավորումներով դեմ քվեարկեց դրան:

Ըստ Վարդանյանի` Երևան քաղաքի 2019 թ–ի բյուջեի նախագծում նախորդ տարվա բյուջեի համեմատ իրականացվել են այն փոփոխությունները, որոնք ուղղակի անթույլատրելի են: Մասնավորապես. պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների բյուջեն նախորդ տարվա 758.5 մլն-ից աճել է մինչև 1 մլրդ 991.4 մլն:

Ծախսային այս հոդվածը ավելացվել է 1 մլրդ 232.9 մլն դրամով: Արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի բյուջեն նախորդ տարվա 62.7 մլն դրամից աճել է մինչև 112.7 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է 50 մլն դրամով: Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների բյուջեն նախորդ տարվա 9.2 մլն դրամից աճել է մինչև 169.1 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է շուրջ 160 մլն դրամով: Sputnik Արմենիայի զրուցակիցը ներկայացնում է նաև, թե որ ոլորտներում են նվազումներ եղել, ինչն էլ զարմացրել ու զայրացրել է խմբակցությանը:

Օրինակ` տրանսպորտի բյուջեն նախորդ տարվա 15 մլրդ 196 մլն-ից նվազել է մինչև 13 մլրդ 275 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 1 մլրդ 920 մլն դրամով: Երևանցիների համար ամենացավոտ՝ վերելակների հիմնանորոգման բյուջեն նախորդ տարվա 108.7 մլն-ից նվազել է մինչև 30.7 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 78 մլն դրամով: Իսկ փողոցների լուսավորման բյուջեն նախորդ տարվա 4 մլրդ 538 մլն-ից նվազել է մինչև 3 մլրդ 565 մլն դրամ: Ծախսային այս հոդվածը նվազել է շուրջ 1 մլրդ-ով: Թեհմինա Վարդանյանի համոզմամբ` աշխատակազմի վրա ծախսվող գումարների ավելացումը պետք է տեղի ունենար օպտիմալացման արդյունքում և ոչ թե հարկատուների կողմից վճարվող գումարներից՝ թվաբանական ավելացմամբ:

«Իհարկե, բազմաթիվ կարևոր ծախսային հոդվածներ, որոնք մշտապես պահանջել են մեծ միջոցներ՝ ավելացվել են: Սակայն մենք ներկայացնում ենք քաղաքային տնտեսության այն կարևորագույն բաղադրիչները (տրանսպորտ, վերելակներ, կանաչապատում, փողոցների լուսավորություն, բազմաբնակարան շենքերի պահպանում) որոնցից բխում է քաղաքի զարգացումը և անվտանգության պահպանումը և որոնց ծախսերի կրճատումը անհիմն է ու չի կարող կոմպենսացվել ծախսային այլ կարևոր հոդվածների մեծացմամբ»,– ասաց Վարդանյանը:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունն այս մասով առաջարկություններ չի ներկայացրել և չի ներկայացնելու քաղաքապետարանին, քանզի, Վարդանյանի համոզմամբ, ակնհայտ է, որ նման փոփոխությունների իրականացումը կարող էր տեղի ունենալ միայն հստակ քաղաքական որոշման կայացման դեպքում: Նա կոչ է անում Երևանի բնակիչներին ու ավագանու գործընկերներին համատեղ ջանքերով փոփոխել այս վերաբաշխումները: Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Երևանի քաղաքապետարանը հանրային քննարկմանն է ներկայացրել Երևանի 2019 թվականի բյուջեի նախագիծը, այն հաստատման կներկայացվի դեկտեմբերի 25 –ին:

Հաղորդավար` Աննա Վարդանյան:

318

sys_stories