Հայուհին հաղթեց Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցու քրոջը. տեսանյութ

520
(Թարմացված է 10:45 16.09.2018)
Կարինե Կարապետյանն իր հաղթանակը նվիրել է ադրբեջանցու ձեռքով դաժանաբար սպանված Գուրգեն Մարգարյանի հիշատակին։

Հայ մարզիկ Կարինե Կարապետյանը երեկ` սեպտեմբերի 15-ին, Թբիլիսիում հաղթել է ադրբեջանցի Ռենա Սաֆարովին, որը հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի քույրն է։

Կարինեն իր հաղթանակը նվիրել է Գուրգեն Մարգարյանի հիշատակին։

Մենամարտը կայացել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, որտեղ խառը մենամարտերի միջազգային մրցաշար է անցկացվում։

Հիշեցնենք, որ 2004թ-ի փետրվարին հայ սպա Գուրգեն Մարգարյանն անգլերենի դասընթացների էր մասնակցում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի շրջանակում: Դասընթացներին մասնակցում էին նաև սպաներ Ադրբեջանից, նրանց թվում՝ Ռամիլ Սաֆարովը:

Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակ և կացնահարել քնած հայ սպային: Դեպքից երկու տարի անց մարդասպան Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել` 30 տարի առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ նրան ներում շնորհվեց, զինվորական բարձր կոչում տրվեց և միանվագ վճարվեց 8 տարվա աշխատավարձը:

520
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

sys_stories