Երեխաներն ամեն օր պետք է լսեն`նպատակը Հայաստան վերադառնալն է. Փաշինյանի կոչը բելգիահայերին

361
Բելգիահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ վարչապետին դիմավորել են շատ ջերմ ու «Նիկոլ» վանկարկումներով։

Վարչապետը Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագթաղինե հայկական եկեղեցում հանդիպել է բելգիահայ համայնքի ներկայացուցիչներին։

«Ցանկանում եմ խոսել Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության հիմնական իմաստի և հիմնական փոփոխության մասին: Այդ հեղափոխությունից առաջ շատերը, ովքեր ունեին դե յուրե ՀՀ քաղաքացիություն՝ ՀՀ-ում և նրանից դուրս, իրենց դե ֆակտո ՀՀ քաղաքացի չէին համարում, որովհետև Հայաստան ասելիս, Հայաստանի Հանրապետություն ասելիս, Հայաստանի Հանրապետության կառավարություն ասելիս նրանք համակվում էին զգացողությամբ, որ ցածրացնում էր այդ անձնագրի և քաղաքացիության արժեքը:

Հեղափոխությունից հետո սա է մեր հիմնական ձեռքբերումը՝ անկախ նրանից՝ ամբողջ հայությունը դե յուրե ունի ՀՀ քաղաքացիություն, թե ոչ, իրեն համարում է ՀՀ հպարտ, արժանապատիվ և հաղթանակած քաղաքացի: Եվ ես ինձ լիազորված եմ զգում սրանից հետո աշխարհի յուրաքանչյուր անկյունում, աշխարհի յուրաքանչյուր ծայրում հայությանը, հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցչի դիմել այսպես՝ սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, դուք՝ բոլորդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ եք: Այս հեղափոխության հիմնական իմաստը հետևյալն է՝ մեր հայրենիքը, ձեր հայրենիքն այլևս վերադարձված է ձեզ և դուք եք բարձրագույն իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում:

Եվ ես ուզում եմ, որ մենք արձանագրենք. քաղաքական իրավիճակի, ընթացիկ իրավիճակի ամենակարևոր նրբությունը հետևյալն է՝ մեր հայրենիքը վերադարձված է ժողովրդին, ձեզնից յուրաքանչյուրին և մեր խնդիրն է՝ ամեն մեկս մեր դիրքում, ամեն մեկս մեր տեղում, ամեն մեկս մեր կարողությունների չափով տեր լինել և տեր կանգնել այդ հայրենիքին: Սա է հիմնական առաքելությունը»,–ասել է վարչապետը`նշելով, որ ժողովրդի հաղթանակը տեղի ունեցավ, որովհետև մեր ժողովուրդը միասնական էր, քան երբևէ: Փաշինյանը շեշտել է, որ այս միասնականությունը պետք է շարունակենք օգտագործել որպես հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը, Արցախին շարունակական հաղթանակներ բերող վճռական գործոն:

«Եվ ես ձեզ կոչ եմ անում, ձեր ընտանիքներում ամեն օր, ամեն ճաշին խոսել Հայաստան վերադառնալու մասին, կապ չունի դուք մի ամսից դա կանեք, թե մեկ տարուց, հինգ, թե 15 տարուց, բայց ձեր երեխաներն ամեն օր պետք է լսեն, որ ձեր նպատակը Հայաստան վերադառնալն է, Հայաստանում ապրելը, Հայաստանը հզորացնելն ու ծաղկեցնելը»,–ընդգծել է նա:

Բելգիայի Թագավորություն կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև աշխատանքային ճաշ է ունեցել տեղի հայազգի գործարարների հետ, որոնք գործունեություն են ծավալում ադամանդագործության և այլ ոլորտներում: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայ-բելգիական առևտրային պալատի նախագահը:

Վարչապետը վերջիններիս է ներկայացրել տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթությունները, անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարին, և ընդհանուր առմամբ, բիզնես միջավայրի բարելավմանը միտված քայլերին, որոնք գործադիրը նախատեսում է կյանքի կոչել առաջիկայում, ինչպես նաև ԵԱՏՄ հնարավորություններին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-բելգիական բիզնես կապերի շարունակական զարգացումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճով, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմամբ և պատրաստ է քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն մեր երկրում բելգիական կապիտալի ներկայացվածության ընդլայնմանը:

361
թեգերը:
Եվրամիություն, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (354)

sys_stories