(1:53 / 13.53Mb / просмотров видео: 11)

ՀՀ նախագահը հանձնարարել է իրավիճակը պահել խիստ հսկողության տակ

10
(Թարմացված է 20:25 15.08.2017)
Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12-ին բռնկված խոշոր հրդեհի հրդեհաշիջման ընթացքի և հրդեհավտանգ իրավիճակի մասին։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհից բացի Բաղրամյան 26-ում քննարկել են հանրապետության ամբողջ տարածքում տևական ջերմային բարձր ֆոնի և տեղումների բացակայության պայմաններում անտառամերձ ու անտառային գոտիներում առաջացած հրդեհավտանգ իրավիճակի պատշաճ վերահսկողության, կանխարգելիչ աշխատանքների իրականացման մանրամասները։ Քննարկվել է նաև ստեղծված իրավիճակում նոր միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր դատախազը, արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության, բնապահպանության նախարարները, Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավարը, արտաքին գործերի, տարածքային կառավարման և զարգացման նախարարների տեղակալներ, Նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:

«Հանրապետության նախագահին զեկուցվել է նաև հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ի հայտ եկած դժվարությունների ու առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ օրեր առաջ Նախագահի կողմից օպերատիվ կարգով տրված հանձնարարականների համաձայն ձեռնարկվող միջոցների վերաբերյալ»,- նշված է ՀՀ նախագահի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ։

Նախագահին զեկուցել են, որ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցները, և այս պահին եղած հնարավորությունները բավարար են պետական արգելոցի տարածքում առաջացած խնդիրը լուծելու համար, հրդեհավտանգ բոլոր հատվածներում իրականացվում է ամենօրյա ուժեղացված հսկողություն:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց և կառույցներին, ովքեր այս ամբողջ ընթացքում պայքարել են հրդեհների դեմ: Նախագահը հատուկ շնորհակալություն է հայտնել նաև ՌԴ գործընկերներին, որոնք, օպերատիվ արձագանքելով հայ գործընկերների աջակցության խնդրանքին, այժմ ակտիվորեն ներգրավված են հրդեհի մարման աշխատանքներում:

Հանրապետության Նախագահը հանձնարարել է շարունակել իրավիճակը պահել խիստ հսկողության տակ և պարբերաբար զեկուցել հրդեհաշիջման ընթացքի վերաբերյալ:

10

sys_stories