Սևանավանք

Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջին երկիրը, որ կվերականգնի զբոսաշրջության ոլորտը

168
(Թարմացված է 16:33 26.03.2021)
Վերջերս կայացած «MITT Moscow 2021» զբոսաշրջային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարը մեծ ուշադրության է արժանացել։ Տուրօպերատորների կարծիքով՝ Հայաստանում զբոսաշրջային հոսքի ավելացման գլխավոր խոչընդոտը ավիատոմսերի բարձր գինն է:

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. «MITT Moscow 2021» զբոսաշրջային ցուցահանդեսի ժամանակ 22 հազար մարդ է այցելել Հայաստանի տաղավար: Տեղեկությունը լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական Անի Արևշատյանը:

Մոսկվայում մարտի 16-18-ը կայացած ցուցահանդեսում 20 զբոսաշրջային գործակալություններ են ներկայացրել Հայաստանը։

«Հայկական տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել ցուցահանդեսի այցելուների շրջանում։ Տաղավար է այցելել նաև Ռոստուրիզմի ղեկավար Զարինա Դոգուզովան», - տեղեկացրեց Արևշատյանը։

Նրա խոսքով՝ ցուցահանդեսի հայ մասնակիցները հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել և՛ օտարերկրյա զբոսաշրջային ընկերությունների, և՛ այլ երկրների պաշտոնական ներկայացուցիչների հետ: Քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում ՝ ավիահաղորդակցության վերականգնման թեման։

«Ռուսաստանն առաջիկայում չվերթեր կբացի Գերմանիայի, Շրի Լանկայի, Սիրիայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի համար։ Մեզ համար դա կարող է տարանցիկ գոտիների հնարավորություն դառնալ, ինչի արդյունքում ավիատոմսերի գները կարող են նվազել», - նշեց Արևշատյանը։

Նրա խոսքով` այս տարի հիմնական շեշտը դրվելու է Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Ուկրաինայի, ԱՄԷ-ի զբոսաշրջիկների վրա:

Միաժամանակ Ներգնա տուրօպերատորների հայկական միության անդամ Գագիկ Հակոբյանը նշեց, որ ռուս զբոսաշրջիկների համար ամենամեծ խոչընդոտը ավիատոմսերի բարձր գինն է: Ինչպես հայտնի է, ռուսները շատ են սիրում հանգստյան օրերին կամ տոներին ինչ-որ տեղ մեկնել ընդամենը մի քանի օրով։ Նախկինում նրանք կարող էին իրենց թույլ տալ այցելել Հայաստան, օրինակ, գինու կամ կոնյակի փառատոնի ժամանակ։

«Այն ժամանակ հետադարձ տոմսի գինը 60-80 հազար դրամ էր։ Գյումրիում գործում էին բյուջետային ավիաուղիներ։ Այդ գներն այսօր շատ անիրական են։ Ցանկալի է, որ մեր կառավարությունը երկարաժամկետ պայմանավորվածություններ ձեռք բերի այդ հարցի շուրջ», - ասաց նա։

Ինչ վերաբերում է արցախյան վերջին պատերազմին, ապա, ըստ Հակոբյանի, կորոնավիրուսի և փակ սահմանների պայմաններում այդ գործոնը լիովին կործանարար չդարձավ Հայաստանի զբոսաշրջային ոլորտի համար։ Չնայած համավարակի երրորդ ալիքին` մեր երկրում լոկդաուն չի սպասվում։

Նա նշեց, որ եթե մի քանի տարի առաջ ներգնա զբոսաշրջության ոլորտում անկում էր տեղի ունենում հանրահավաքների պատճառով, ապա հիմա նույնիսկ եվրոպացիները պատրաստ են առանց վախենալու Հայաստան գալ՝ չնայած անցյալ տարվա պատերազմին։ Հատկանշական է, որ կան խմբեր (այս պահին՝ Ֆրանսիայից), որոնք եկել են հատուկ Արցախ այցելելու համար։

Զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչ Անահիտ Այվազյանը նշեց, որ բանակցություններ են ընթացել նաև ռուսական տարածաշրջանների տուրօպերատորների հետ, քանի որ ավելացել է ուղիղ չվերթերի քանակը դեպի ռուսական բազմաթիվ քաղաքներ, օրինակ՝ Եկատերինբուրգ, Դոնի Ռոստով և այլն:

Այվազյանը հայտնեց, որ ռուսաստանցիները մեծ հետաքրքրություն են դրսևորել անհատական, կորպորատիվ, խմբակային, ինչպես նաև էքստրիմ տուրերի նկատմամբ: Մեծ հետաքրքրություն կա նաև գինու-կոնյակի տուրերի նկատմամբ։

Նրա կարծիքով՝ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում առաջին երկիրը, որ կվերականգնի զբոսաշրջության ոլորտը։

Այվազյանի հետ համամիտ էր նաև նրա գործընկեր, զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչ Եղիշե Թանաշյանը, որի կարծիքով` դրան հասնելու համար պետք է շատ գրագետ աշխատել:

«Մեր տաղավարի այցելուների մեծ մասը, այդ թվում` նաև զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները, մինչ օրս տեղյակ չէին, որ Հայաստանը հիմնականում բաց է այցելուների, մասնավորապես՝ ռուսաստանցիների համար։ Հյուրերին հետաքրքրում էին են նաև երկրի ներսում տեղի ունեցող գործընթացները, ընդհանուր տրամադրությունը», - ասաց նա։

Հիշեցնենք, որ մարտի 9-12-ը Հայաստանը մասնակցել է նաև «ITB Berlin» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, որն անցկացվել է առցանց ձևաչափով: Այս տարվա մայիսին Հայաստանը պատրաստվում է մասնակցել «ATM Dubai» ցուցահանդեսին։

168
թեգերը:
Ռուսաստան, զբոսաշրջություն, Հայաստան
Արխիվային լուսանկար

Հայաստանում 1 մլն մարդ արտագնա տուրիզմն է նախընտրում. Մհեր Գրիգորյան

25
(Թարմացված է 11:55 15.04.2021)
Փոխվարչապետը կարծում է`կարևորն այն է, որ ներքին տուրիզմի ենթակառուցվածքները մրցակցային լինեն։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծում է, որ այս տարի տուրիստական հոսք ենք ունենալու։ Գրիգորյանն ԱԺ նիստի ժամանակ նման կարծիք հայտնեց` հավելելով, որ Հայաստանն այն քիչ երկրներից մեկն է, որը հնարավորություն է տալիս ուղղակի տոմս գնել և գալ ՀՀ։

«Կորոնավիրուսը ցույց տվեց, որ ներքին և արտագնա տուրիզմի խնդիրները պետք է միշտ ուսումնասիրենք։ Արտագնա տուրիզմի արգելքների առնչությամբ ներքինը որոշակի աճ ունեցավ նախորդ տարի, սակայն կարևորն այն է, որ ներքին տուրիզմի ենթակառուցվածքները մրցակցային լինեն»,–ասաց փոխվարչապետը։

Նա հայտնեց նաև, որ Հայաստանում 1 մլն մարդ արտագնա տուրիզմն է նախընտրում և պետք է մտածել, թե որն է պատճառը, որ այդքան մարդ նախընտրում է դրսում հանգստանալ։ Գրիգորյանը նշեց` եթե ինքներս, օրինակ, Դենդրոպարկ գնանք, հետո այնքան կպատմենք, որ դրսում գտնվողների համար էլ այն հրապուրիչ կթվա։

30 նոր ուղղություն. ներքին տուրիզմի մասնագետներն իրավիճակից դուրս գալու ելքեր են փնտրում

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին զբոսաշրջության կոմիտեն հայտարարություն տարածեց` ասելով, որ հաշվի առնելով վերջին օրերին կորոնավիրուսային վարակով հիվանդացության աճը՝ կոմիտեի կողմից հավաքագրվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, որոնք պատրաստակամ են ծառայել որպես կացարան անձանց մեկուսացման համար։

Ուրբաթը շաբաթից շուտ եկավ. տուրիզմի ոլորտին «ռեանիմատոլոգներ» են պետք

25
թեգերը:
Հայաստան, Մհեր Գրիգորյան, զբոսաշրջություն
Ըստ թեմայի
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջին երկիրը, որ կվերականգնի զբոսաշրջության ոլորտը
Ռուսաստանը փակում է Թուրքիայի օդը. ի՞նչ է լինելու 2021 թվականի զբոսաշրջային սեզոնի հետ
Մալթան պատրաստ է մինչև 200 եվրո վճարել յուրաքանչյուր զբոսաշրջիկի
Ծաղկաձոր

Դահուկներ, ճոպանուղի, ձյուն. ինչ արդյունքներ է տվել ձմեռային զբոսաշրջությունը Ծաղկաձորում

238
Հայաստանում զբոսաշրջության ոլորտի վրա խիստ բացասական ազդեցություն են ունեցել կորոնավիրուսի համավարակն ու Արցախյան պատերազմը։ Ձմեռային սեզոնն ավելի բարենպաստ է եղել։

 

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Հայաստանում ձմեռային զբոսաշրջության սեզոնը գրեթե ավարտվել է, իսկ այցելուների ակտիվությունը նկատելի է դարձել միայն փետրվարին։ Ծաղկաձորի լեռնադահուկային հանգստավայրում հիմա էլ ոչ մեծ թվով զբոսաշրջիկներ կան, սակայն ոլորտի ներկայացուցիչների ծախսերն ու կարիքները ծածկելու համար նրանք բավական չեն: Համենայն դեպս, հենց այդ են պնդում ոլորտի ներկայացուցիչները։ Նրանք ստիպված են դիմել զանազան մարքեթինգային հնարքների և ակցիաների՝ այցելուներ գրավելու համար։

«Համագործակցում ենք ճոպանուղու, ճախրուղի (զիփլայնի), ռեստորանների և մյուս զվարճանքի կենտրոնների հետ, որպեսզի միմյանց հաճախորդներին զեղչեր տրամադրենք։ Հիմա հիմնականում կենտրոնացած ենք տեղացիների վրա, իսկ նրանք վճարունակի չեն, հետևաբար՝ եկամուտներն էլ մեծ չեն»,-ասում է Արամը՝ Ծաղկաձորում գտնվող փոքր հյուրանոցներից մեկի տերը։

Դրա հետ մեկտեղ միջազգային ցանցը ներկայացնող հյուրանոցներից մեկի աշխատակիցը նշեց, որ ձմեռային սեզոնին հաճախորդների խնդիր չեն ունեցել, սակայն նախորդ տարիների համեմատ հոսքն ամեն դեպքում փոքր է եղել: Նրա խոսքով՝ ամբողջ տարին հյուրանոցային համարների կեսն անընդհատ դատարկ էր, սակայն փետրվարին հյուրանոցում ազատ տեղեր չէին մնացել։

«Եթե ձմեռը ևս մեկ ամիս ձգվեր, ապա հյուրանոցային ոլորտն իրավիճակից առանց վնասների դուրս կգար։ Զբոսաշրջիկները վերջապես սկսել էին ժամանել, բայց ձյունը մեզ «քաշեց»»,-նշեց նա։

Իսկ ահա Ծաղկաձորի քաղաքապետարանի ներկայացուցիչ Գերասիմ Մկրտչյանը Sputnik Արմենիային պատմեց, որ մինչև հունվարի կեսերը քաղաքում արտասահմանցիներ փաստացի չկային, բայց ներքին զբոսաշրջիկները շատ էին։ Նա նշեց, որ մեր երկրի քաղաքացիներն այցելում են հիմնականում լեռնադահուկային հանգստավայրը, սրճարաններն ու ռեստորանները, բայց մեծամասամբ չէին գիշերում հյուրանոցներում, քանի որ միջին վիճակագրական քաղաքացու համար դա թանկ է։

«Բայց մեր քաղաքը երբեք դատարկ չի եղել, ակտիվություն եղել է ինչպես խիստ կարանտինի ժամանակ, այնպես է հիմա»,-ասաց պաշտոնյան։

Ի՞նչ անել, որ Հայաստանը չներառվի զբոսաշրջային «սև ցուցակում»

Նրա խոսքերը հաստատեց համացանցի օգտատեր Գոհար Մնացականյանը, որը պատմեց, որ հաճախ է ընտանիքի հետ Ծաղկաձոր գնում, բայց նախորդ շաբաթ առաջին անգամ որոշեցին շաբաթվա հանգստյան բոլոր օրերն այնտեղ անցկացնել։ Երկու մեծահասակի և մեկ երեխայի համար ընտանիքը երկու օրում մոտ 300 դոլար է ծախսել։ Գումարը ծախսվել է հյուրանոցային համարի, դահուկների և արտահագուստի վարձակալության, սննդի վրա։

«Դա փոքր գումար չէ մեր ընտանիքի համար, բայց քանի որ անցած տարի արտասահման չէինք գնացել, կարողացանք մեզ այսպիսի փոքրիկ արձակուրդ թույլ տալ»,-նշեց նա։

Համացանցի մեկ այլ օգտատեր՝ Վարդան Ենգիբարյանը, պատմեց, որ փետրվարի ընթացքում հասցրել է երեք անգամ լինել Ծաղկաձորում։ Որպես կանոն, ամբողջ օրն անցկացնում էր լեռնադահուկային հանգստավայրում, բայց երեկոյան Երևան էր վերադառնում։

Քանի որ նա հագուստ և դահուկներ վարձելու կարիք չուներ, օրական 50-80 ԱՄՆ դոլար էր ծախսում։ Իսկ նրա ընկերները՝ Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկները, Ծաղկաձորում մեկ շաբաթ են ապրել, բայց գերադասել են ոչ թե հյուրանոցում, այլ վարձած բնակարանում մնալ։

«Անկասկած, զբոսաշրջիկների ոչ մեծ հոսքը և ներքին այցելուները թեթևացրել են տուրոլորտի ներկայացուցիչների բարդ ֆինանսական դրությունը, բայց գլոբալ չեն լուծել նրանց խնդիրը։ Ներքին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 40 տոկոսով, արտաքին զբոսաշրջիկների՝ 80 տոկոսով, հետևաբար՝ եկամուտների մասին խոսելը տեղին չէ»,-ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Նա հավելեց, որ պետությունը պետք է համավարակի և պատերազմի հետևանքներից զբոսաշրջության ոլորտի վերականգնման առանձին ծրագիր մշակի, այլապես այն լիովին կքանդվի և սահմանները բացվելուց հետո չի կարողանա վերականգնվել։

Կադրային փոփոխություննե՞ր, թե՞ փրկության փորձ. ի՞նչ է կատարվում զբոսաշրջության ոլորտում

Նշենք, որ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2020 թ․-ի հունվար-սեպտեմբերին 2019 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 75,5 տոկոսով: Այս տարի Հայաստան է այցելել 327 735 մարդ։ Ընդ որում՝ 2020թ.- համար մասնագետները զբոսաշրջային հոսքի 14-15% աճ էին կանխատեսում։ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ 2020 թ․-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին զբոսաշրջության ոլորտում անկումը կազմել է 72 տոկոս, ճամփորդել է 900 միլիոնով պակաս մարդ, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում:

238
թեգերը:
ձմեռ, ճոպանուղի, Հյուրանոց, կորոնավիրուս, Հայաստան, զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, Ծաղկաձոր
Հարրին ու Մեգանը

Հարրին ու Մեգանը դստերը Դիանա չե՞ն անվանի․ հայտնի է՝ ինչ անվան մասին է մտածում զույգը

0
Բուքմեյքերներն արդեն իսկ խաղադրույքներ են ընդունում, թե ինչպես կանվանեն դստերը Սասեքսի դուքսն ու դքսուհին։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik․ Մեգան Մարքլը ու արքայազն Հարրին իրենց դստերը հավանաբար չեն կոչի Հարրիի մոր՝ վաղաժամ մահացած արքայադուստր Դիանայի պատվին։ Այս մասին գրում են բրիտանական լրատվականները։

Հայտնի է, որ զույգը քննարկում է իրենց երկրորդ երեխային Լիլի կոչել՝ թագուհու պատվին։ Մանկության տարիներին Եղիսաբեթ թագուհուն Լիլիբեթ էին անվանում, Լիլի էր նրան անվանում նրա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, որի հետ թագուհին ամուսնացած է եղել 73 տարի, և որը մահացավ բոլորովին վերջերս։

Թագավորական ընտանիքի երկրպագուները սոցցանցերում բուռն քննարկում են զույգի որոշումը։ Շատերը հիասթափված են, որ Հարրին չի անվանակոչելու դստերը մոր անունով։ Նույնպիսի հիասթափություն էին ապրում հետևորդները, երբ Հարրիի եղբայրը՝ արքայազն Ուիլյամը և նրա կին Քեթրինը, դստերը կոչեցին Շառլոտ։

Սկանդալային հարցազրույցի հետքերով. Մեգան Մարքլին մեղադրել են բացահայտ ստելու համար

Բուքմեյքներն արդեն իսկ խաղադրույքներ են ընդունում, թե ինչպես Մեգանն ու Հարրին կանվանեն դստերը։

Հիշեցնենք՝ զույգը ամուսնացել է 2018-ի մայիսին, ուղիղ մեկ տարի անց՝ 2019-ի մայիսին, նրանց ընտանիքը համալրվեց փոքրիկ Արչիով։

Հարրին և Մեգանը հրաժարվել են թագավորական կոչումներից և  Բրիտանիայից տեղափոխվել ԱՄՆ։

Սկանդալային հարցազրույց․ Մեգան Մարքլը՝ ռասիզմի և արքայական ընտանիքի հետ «պատերազմի» մասին

0
թեգերը:
անուն, դուստր, Արքայազն Հարրի, Մեգան Մարքլ