ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Այս տարվա առաջին 6 ամսվա ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12.8 տոկոս աճ: ԿԲ հաշվարկներով` այս տարի նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են մոտ 120 միլիոն դոլար ավել գումար, քան նախորդ տարի: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է այս գումարից իր բաժինն ունենալու հայտ ներկայացնել»,– գրել է նա:
Փաշինյանի գրառման մեջ նշված է, որ Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 59.5 տոկոսով, Չինաստանից ժամանածներինը՝ 53.5 տոկոսով, Նիդեռլանդներից ժամանածներինը՝ 34.9 տոկոսով, Շվեյցարիայից ժամանածներինը՝ 30 տոկոսով, ԱՄԷ-ից ժամանածներինը՝ 29.7 տոկոսով, Հունաստանից ժամանածներինը՝ 29 տոկոսով, Իտալիայից ժամանածներինը՝ 24.4 տոկոսով, Մեծ Բրիտանիայից ժամանածներինը՝ 22.9 տոկոսով, Ճապոնիայից ժամանածներինը՝ 22.2 տոկոսով, Ռուսաստանից ժամանածներինը՝ 19 տոկոսով, Շվեդիայից ժամանածներինը՝ 19 տոկոսով, ԱՄՆ-ից ժամանածներինը՝ 15 տոկոսով, Ֆրանսիայից ժամանածներինը 13 տոկոսով:
«Նաև ուզում եմ հիշեցնել, թե ինչքան կարևոր է պատշաճ ծառայություններ մատուցելը զբոսաշրջիկներին, որպեսզի նրանք լավ տպավորություններով հեռանան Հայաստանից և բարձրացնեն մեր երկրի ճանաչելիությունն ու իմիջը ողջ աշխարհում»,– եզրափակել է վարչապետը։
Փաշինյանը գրառումն ավարտել է #ԼավԸնդունեքԶբոսաշրջիկներին հեշթեգով։
Հյուրերի նախասիրությունները փոխվել են, իսկ Հայաստանի զբոսաշրջային ոլորտում կադրային աղետ է