ծովափ

Վրաստանում շնորհակալ են Հայաստանին. ինչպես են շաղկապվել քաղաքականությունն ու հանգիստը

685
(Թարմացված է 12:56 06.08.2019)
Փորձագետներն առանձնացրել են մի քանի գործոն, որոնք կարող էին ազդել Ռուսաստանից Հայաստան եկող ու Հայաստանից Վրաստան գնացող մարդկանց քանակի վրա։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանում շնորհակալ են Հայաստանին ու հայ ժողովրդին ամառային արձակուրդներին Սև ծովի ափն ընտրելու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում  ասաց Վրաստանի հյուրանոցների ու ռեստորանների միության նախագահ Շալվա Ալավերդաշվիլին` մեկնաբանելով 2019 թվականի հուլիսի վիճակագրական տվյալները, որոնք հրապարակել է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը։

Վերջին տվյալների համաձայն` Հայաստանն այն երկրների հնգյակում է, որոնց քաղաքացիներն ամենաշատն են Վրաստան այցելում։ Մեր երկիրը չորրորդ տեղն է զբաղեցրել Ադրբեջանից, Ռուսաստանից ու Թուրքիայից հետո։ Միաժամանակ հուլիսին հայաստանցի այցելուների թիվն ավելացել է 3,2%–ով։

«Հուլիսին Հայաստանից եկող այցելուների թիվն աճել է։ Մենք շնորհակալ ենք դրա համար Հայաստանին ու հայ ժողովրդին։ Նրանք աջակցեցին մեր երկրին դժվարին պահին»,–ասել է Ալավերդաշվիլին։

Նրա խոսքով` ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ իրենց հանգիստն անցկացնում են Վրաստանի առողջարաններում, սակայն մեծ մասը ծովափնյա հանգիստ է նախընտրում։ Նա հիշեցրեց, որ  ռուս–վրացական հարաբերությունների լարվածության պատճառով ամենաշատը տուժել են հյուրատներն ու Վրաստանի սևծովյա առողջարանները։

Ռուսաստանի և Վրաստանի միջև լարվածությունը սկսվել էր հունիսի 20-ից: Ընդդիմադիրները բողոքի ցույց էին կազմակերպել այն բանից հետո, երբ նույն օրն առավոտյան Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին նստել էր ՌԴ պետդումայի պատգամավոր, Կոմկուսի անդամ Սերգեյ Գավրիլովը։ Նա Թբիլիսի էր մեկնել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26–րդ նստաշրջանին մասնակցելու համար, բայց միջոցառումը տապալվել էր։ Ընդդիմությունը Վրաստանի իշխանությանը մեղադրել էր «հայրենիքին դավաճանելու» մեջ։

Ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 21–ին հրաման ստորագրեց, ըստ որի հուլիսի 8–ից դադարեցվեց ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ։

Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2018 թվականի հուլիսին 169,8 հազար մարդ է Ռուսաստանից Վրաստան գնացել, իսկ 2019–ին` 159 հազար՝ 6,4%–ով պակաս։

Հյուրերի նախասիրությունները փոխվել են, իսկ Հայաստանի զբոսաշրջային ոլորտում կադրային աղետ է

Ինչ վերաբերում է  Հայաստանի միջով ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսքին` Ալավերդաշվիլին նշել է, որ շատերը նախընտրում են Երևանի միջով գալ։ Մի կողմից Հայաստանն ավելի մոտ է Ռուսաստանին, մյուս կողմից` մեծ դերակատարություն է ունեցել Մոսկվա–Երևան–Թբիլիսի չվերթի գործարկման հարցում։ Դրանք շատ հարմար են ինչպես ժամանակի, այնպես էլ տարածության  առումով։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն իր հերթին ընդգծեց, որ այս տարվա մայիս, հունիս, հուլիս ամիսների տվյալների համաձայն` Ռուսաստանից Հայաստան եկած մարդկանց թիվը նախորդ տավա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 22%–ով (38 հազար մարդ)։

«Ցավոք, հուլիսի վիճակագրությունն առանձին չունենք։ Սակայն Ռուսաստանից Հայաստան եկողների ցուցանիշը միանշանակ աճել է։ Միաժամանակ դրա վրա կարող է երկու գործոն ազդած լինել` ռուսաստանցիների հետաքրքրվածությունը մեր երկրով ու Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները»,–ասաց Ապրեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո շատերն օգտագործում են Հայաստանը որպես տարանցիկ երկիր կամ այլընտրանք հանգստի համար։

Ինչ վերաբերում է Հայսատանից Վրաստան գնացողների թվի աճին` դա կարող է պայմանավորված լինել երկու գործոնով։ Դրա վրա կարող է ազդած լինել արձակուրդային շրջանը (շատերը Վրաստան են մեկնում սևծովյա հանգստի) և ավտոմեքենաների բումը։ Հայ ներկրողները Վրաստանով են մեքենաններ բերում։

Քանի որ 2020 թվականի հունվարի 1–ից Հայաստանում սկսելու են մեքենաների համար նոր տուրքեր գործել` ԵԱՏՄ–ի պահանջների համաձայն, ու օտար մակնիշի մեքենաների մաքսազերծումը մի քանի անգամ թանկանալու է, հայ ներկրողները սկսել են զանգվածային կերպով մեքենաներ գնել Ճապոնիայից ու ԱՄՆ–ից։

Եթե 2018 թվականին մոտ 67 հազար մեքենա են ներկրել Հայաստան, ապա 2019 թվականի  առաջին յոթ ամիսների ընթացքում այդ ցուցանիշն արդեն հասել է 70 հազարի։

685
թեգերը:
Զբոսաշրջիկ, զբոսաշրջություն, Ռուսաստան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Սև ծովում փոթորիկ է. դեսպանությունը զգուշացնում է Վրաստան մեկնողներին
Ռուսաստանցիները չեղարկում են ամրագրումները Վրաստանի հյուրանոցներում
Միայն խորովածով զբոսաշրջիկներին չես գրավի. ինչի վրա է պետք դնել շեշտը
Ստեղծիր թուղթ․ աստղադիտարանից բացի էլ ինչով Բյուրականը կզարմացնի զբոսաշրջիկներին
«Սա մի հրաշք տոն է». Երևանի թրջված զբոսաշրջիկները և՛ զարմացած են, և՛ հիացած. լուսանկարներ
Եգիպտացորենի դաշտը լաբիրինթոս է դառնում. Տավուշի զբոսաշրջային ստարտափը