Նորավանք

Հայաստանի հարավի զբոսաշրջային գանձերը. հատուկ հետաքրքրասերների համար

240
(Թարմացված է 18:35 10.07.2019)
Հարուստ է պատմամշակութային հուշարձաններով և տեսարժան վայրերով հատկապես գրավիչ է Հայաստանի հարավային հատվածը։ Sputnik Արմենիան ներկայացնում է հինգ վայր, որոնք կարող են հետաքրքրել նույնիսկ ամենաքմահաճ և աշխարհ տեսած զբոսաշրջիկին:

Արենի

Ճանապարհորդությունը սկսենք Արենի գյուղից, որտեղ գտնվում է համանուն գինու գործարանը: 1994 թվականից գոյություն ունեցող գինեգործարանի պատմությունը տերերը որոշել են հատուկ թանգարանում ցուցադրել:

Посетители у пещеры Арени
© Sputnik / Janna Poghosyan
Արենի

Մուտքի մոտ հյուրերը հնարավորություն են ստանում համտեսել ազնվական ըմպելիքի անհավանական տեսակներ, որոնց շարքում են ծիրանի, մոշի, բալի, սերկևիլի, ավանդական՝ խաղողի և նռան գինիներ: Այստեղ կարելի է գինի գնել հենց արտադրողից:

Пещера Арени
© Sputnik / Janna Poghosyan
Արենի քարանձավ

Ի դեպ, այստեղ է գտնվում նաև հայտնի Արենի 1 քարանձավը, որտեղ հնէաբանները հայտնաբերել են աշխարհի ամենահին կաշվե ոտնամանը: Այն մոտ 6000 տարեկան է: Հիմա ամենահին կոշիկը Հայաստանի պատմության թանգարանում է, իսկ քարանձավը դարձել է զբոսաշրջային էքսկուրսիաների վայր:

Նորավանք

Իր յուրահատուկ ճարտարապետությամբ հայտնի Նորավանք համալիրը թվագրվում է XIII—XIV դարերով: Սուրբ Աստվածածին հոյակերտ եկեղեցին, որի շինարարությունն ավարտվել է 1339-ին, համարվում է հայ տաղանդավոր ճարտարապետ և մանրանկարիչ Մոմիկի վերջին գլուխգործոցը: Եկեղեցու մոտ նրա փոքր և համեստ դամբարանն է:  Օրբելյան իշխանների կառավարման շրջանում եկեղեցին դարձել է խոշոր կրոնական կենտրոն, իսկ ХIV դարում` Սյունիքի եպիսկոպոսների նստավայրն է եղել:

Монастырь Нораванк
© Sputnik / Aram Nersesyan ,
Նորավանք

Հրաշակերտ վանական համալիրը հիանալի համադրվում է գեղատեսիլ լանդշաֆտի հետ: Վանական համալիրը ժայռի վրա է կառուցված: Նորավանքը գերում է էներգիայով և շրջակա բնության գեղեցկությամբ:

Տաթև

Տաթևը Հայաստանի հին ու ամենից հայտնի վանական համալիրներից մեկն է, որ իրավամբ համարվում է հայկական ճարտարապետության մարգարիտը: Այստեղ է գործել միջնադարյան Հայաստանի ամենամեծ համալսարանը: IX դարում հիմնադրված Տեթևն այժմ խոշոր զբոսաշրջային համալիրի մաս է, որը ներառում է Տաթևի մենաստանը, «ՏաԹևեր» ճոպանուղին, «Սատանի կամուրջը»:

Татевский монастырь
Տաթև վանք

Եկեղեցու և շրջակա բնաշխարհի ներդաշնակությունը հիանալի մթնոլորտ են ստեղծում` այցելուներին տեղափոխելով հին դարեր, երբ Տաթևը եղել է Հայաստանի հոգևոր և ակադեմիական կարևորագույն կենտրոններից մեկը:

Татевский монастырь
© Sputnik / Asatur Yesayants
«ՏաԹևեր» ճոպանուղին

«ՏաԹևեր» ճոպանուղին կառուցվել է 2010 թ.-ին: Այն ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է աշխարհում: Ռեկորդային են ոչ միայն օդուղու երկարությունը՝ 5752 մ, այլև ճոպանուղու կառուցման ժամկետները՝ ընդամենը 10 ամիս:

Խնձորեսկ

Այս վայրը հայտնի է իր ժայռային քարանձավներով, որտեղ դեռ անցած դարի կեսերին մարդիկ են ապրել: Քարանձավային քաղաքը Հայաստանի ամենաառեղծվածային վայրերից է:

Հայաստան գալու ժամանակը. հանգիստ, որն անմոռանալի կլինի, կամ որտեղ վայելել ամառը

Ոչ ոք չգիտի, թե երբ են այստեղ հայտնվել առաջին բնակավայրերը: Հայտնի է միայն, որ երեք–չորս հազարամյակ առաջ մարդիկ այստեղ ապրել են բնական քարայրներում: Ամենայն հավանականությամբ, նրանք որսորդներ են եղել: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսել են զբաղվել անասնապահությամբ, հողագործությամբ և կիրճով վերև բարձրացել` խորը անցքեր փորելով ժայռերի մեջ: Քարանձավի մուտքը գտնվել է 20-30 մետր բարձրության վրա: Մարդիկ իրենց տներ են մտել ճոպանների օգնությամբ:

Քարանձավ-բնակարանն ունեցել է երդիկ, խորը փորված հոր` մթերք պահելու համար և ժայռափոր դարակներ: Կան նաև երկհարկանի և եռահարկ «տներ», որտեղ ապրել են այն ժամանակվա իշխանները:

Գինի ու քամանչայի թանգարան․ Աշտարակում գտել են գաստրոնոմիական մայրաքաղաք դառնալու բանալին

Խնձորեսկում շատ հետաքրքիր է բացառիկ կախովի կամուրջը, որը հայտնվել է 2012 թվականին: Դրա շնորհիվ զբոսաշրջիկները հիմա կարող են այցելել ոչ միայն քարանձավի մի մասը, այլ նաև անցնել նրա հակադիր կողմը: Պետք է նշել, որ այստեղ կարելի է հիանալ հիասքանչ մայրամուտով և մթնշաղով, երբ ամպերը փափուկ վերմակի նման գրկում են լեռները և կիրճը:

Քարահունջ

Քարահունջ կամ Զորաց քարեր հնագույն մեգալիթյան համալիրը հաճախ համեմատում են անգլիական Սթոունհենջի հետ: Մ.թ.ա 5–րդ հազարամյակով թվագրվող Քարահունջը, ամենայն հավանականությամբ, հնագույն աստղադիտարան է:

Նոր բացահայտում. Քարահունջը միակը չէ, Հայաստանի տարածքում նման կառույցները մի քանիսն են

Համալիրը գտնվում է ծովի մակարդակից 1770 մետր բարձրության վրա, բրոնզե դարի ժամանակաշրջանի բնակավայրի մոտ և կազմված է բազմաթիվ կանգնած քարերից, որոնց մի մասի վերին հատվածում կլոր անցքեր են արված:

Караундж
© Sputnik / Karen Yepremyan
Քարահունջ

Պատմաբանները հակված են մտածելու, որ Քարահունջը նախապատմական մարդկանց համար դամբարանատեղի է ծառայել: Որոշ գիտնականներ կարծում են, որ համալիրն աշխարհի ամենահին աստղադիտարանն է: Այստեղ ուսումնասիրությունները շարունակվում են, իսկ Զորաց քարերի շուրջ վեճերը չեն դադարում:

240
թեգերը:
Արենի, Տաթևի վանք, Զբոսաշրջիկ, Նորավանք, Քարահունջ, Հայաստան
Ըստ թեմայի
Վրաստանում եզակի ապակե կամուրջ կկառուցեն. զբոսաշրջիկների հոսքը մեկ միլիոնով կավելանա
Ամենապահանջված ուղղությունների շարքում Հայաստանը 3–րդն է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար
Ռուսաստանցիները կգնահատեն դա. ինչպե՞ս կտրուկ ավելացնել զբոսաշրջիկների հոսքը Հայաստան
Հյուրատուն

Ճանապարհորդե՞լ Հայաստանում, թե՞ սպասել սահմանների բացմանը. հայկական զբոսաշրջության ներկան

314
(Թարմացված է 20:09 27.06.2020)
Հայաստանը կորոնավիրուսի համարավարակի պատճառով փակել է սահմանները։ Արձակուրդն առայժմ կարելի է անցկացնել միայն երկրի ներսում, բայց չափազանցություն կլիներ ասել, որ այդ ֆոնին աճել է ներքին զբոսաշրջությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik, Նանա Մարտիրոսյան․ Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում ակտիվ քննարկվում է առաջիկա արձակուրդների թեման։ Քաղաքացիների մի մասը համառորեն մտադիր է սպասել օդային սահմանների բացմանն ու արտասահման մեկնելու հնարավորությանը, մյուսներն արդեն իրենց հանգիստը ծրագրել են Հայաստանի տարածքում։ Վերջիններս, ի դեպ, համարում են, որ ստեղծված իրավիճակը սեփական հայրենիքը ճանաչելու և զբոսաշրջային նոր ուղղություններ հայտնագործելու հիանալի հնարավորություն է։

Լուսինե Քարամյանը նրանցից մեկն է։ Վերջին շաբաթների ընթացքում նա հասցրել է լինել Հայաստանի մարզերից մի քանիսում, նոր տեսարժան վայրեր տեսնել ու մոտավոր ծրագրել մեղրամիսը, որը ստեղծված իրավիճակի պատճառով զույգը մտադիր է անցկացնել Հայաստանում։ Լուսինեն և նրա ապագա ամուսինը հյուրանոցների և հյուրատների հարմար տարբերակներ են փնտրում տարբեր մարզերում։ Երիտասարդները նշում են, որ գները, սպասումներին հակառակ, ոչ միայն չեն նվազել, այլև շոգերն ընկնելուն պես անգամ բարձրացել են․ դա հատկապես վերաբերում է լողավազանով հյուրանոցային համալիրներին։

«Որոշ սրճարաններ զեղչեր առաջարկում են, բայց ոչ բոլորը։ Ամեն ինչ թանկ է, այնպես որ երևի փոքր տուն վարձենք մարզերից մեկում և ինքներս ուտելիք պատրաստենք»,-ասաց աղջիկը։

Փոխարենը, Լուսինեի խոսքով, նկատելիորեն էժանացել են տուրերը։ Այսպես, Գյումրի կամ Ջերմուկ կարելի է հասնել ընդամենը երեք հազար դրամով՝ նախկին 7-8 հազարի փոխարեն։ Գնանկման պատճառները բացատրում է երկար տարիներ ներքին տուրիզմով զբաղվող Շողեր Հակոբյանը։ Նա վստահ է, որ դա դեմպինգի հետևանք է, որը կարող է հանգեցնել զբոսաշրջության ոլորտի փլուզման։ Խոսքն այն մասին է, որ որոշ տրանսպորտային ընկերություններ 50%–ով (նույնիսկ ավելի շատ) իջեցրել են գները, տարբեր մարքեթինգային հնարքների են դիմել հաճախորդներ գրավելու համար։

Հայկ Ստեփանյանը, որը գաստրոբակ ունի Արենի գյուղում, ուսումնասիրելով երկրում տիրող իրավիճակն ու զբոսաշրջային շուկան, անիմաստ է համարում հիմա զեղչեր անել, քանի որ քաղաքացիները միևնույնն է՝ վճարունակ չեն, իսկ նրանք, ովքեր այնուամենայնիվ ճամփորդում են երկրում, գերադասում են «պիկնիկներն» ու ճանապարհամերձ սրճարանները։ Ահա թե ինչու նա չի իջեցրել գները։

«Մենք որոշեցինք ժամանակ չկորցնել, մեր խնայողությունների հաշվին կվերանորոգենք տարածքը, կմեծացնենք բակը, և հուսանք, որ աշնանն ամեն ինչ լավ կլինի։ Ի դեպ, տուրիստական ընկերություններն արդեն տեղեր են ամրագրում հաջորդ տարվա համար»,- նշեց նա։

Գաստրոբակում նա արդեն չորս ամիս է՝ հյուրեր չի ընդունել, ամառվա հաջորդ ամիսներին էլ չի պատրաստվում։ Մոտ կես տարի է, ինչ նրա ընտանիքն ու համագյուղացիներից մի քանիսը, որոնք օգնում էին սպասարկել հյուրերին, փաստացի գումար չեն աշխատում։ Ընտանիքը համավարակի հետևանքների չեզոքացման ծրագրի շրջանակում կառավարությունից փոխհատուցում է ստացել, բայց գումարը համեմատելի չէ նրանց ամսական եկամտի հետ։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը համարում է, որ պետական աջակցությունն, իհարկե, կարևոր է, բայց ամենակարևորը, նրա կարծիքով, այն է, որ բիզնեսին 2020 թվականի երկրորդ եռամսյակում ազատել են շահութահարկի կանխավճարից։ Դա թույլ կտա խնայողություններ անել և որոշակի ներդրումներ կատարել բիզնեսին աջակցելու համար։

«Շատ կարևոր է կանխել ընկերությունների փլուզումն ու սնանկացումը, քանի որ համավարակը կանցնի, իսկ զբոսաշրջային բիզնեսը երկրի տնտեսության կարևոր մասն է մնում»,-ասաց Ապրեսյանը։

Նա կարծում է, որ այս օրերին ներքին զբոսաշրջությունը թեև դանդաղ, բայց այնուամենայնիվ զարգանում է, շատ հարմար պահ է նոր զբոսաշրջային տարբերակ մտածելու և արդեն գոյություն ունեցողներն ավելի ճանաչելի դարձնելու համար։ Այժմ կարևոր է մտածել սահմանների բացման և «զբոսաշրջային արևի տակ» սեփական տեղը պահպանելու մասին։

«Հնարավոր չէ ապրել միայն ներքին տուրիզմի հաշվին, արդեն պետք է մտածել և պատրաստվել սահմանները բացելուն։ Պետք է պատկերացում ունենալ, թե հետո ինչ է լինելու, որպեսզի չուշանանք և չկորցնենք զբոսաշրջիկների հոսքը»,- ընդգծեց Ապրեսյանը։

Այս համատեքստում նա ընդգծեց, որ արդեն իսկ քննարկումներ են ընթանում մասնավոր հատվածի, պարետատան ներկայացուցիչների, Առողջապահության նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի և այլ շահագրգիռ կողմերի միջև՝ զբոսաշրջիկների ընդունման կանոններ մշակելու և սահմանների բացման ժամկետները նշելու համար։ Նա չի բացառում, որ դա կարող է տեղի ունենալ հուլիսի 1-15-ն ընկած ժամանակահատվածում։

Զբոսաշրջության կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ զբոսաշրջային ընկերությունների կորուստների մասին որևէ վիճակագրություն դեռ չկա, ինչպես նաև չկան ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի ներքին զբոսաշրջության մասին հստակ տվյալներ։ Այնուամենայնիվ, առանց որևէ հետազոտության էլ պարզ է, որ համավարակը ոլորտին լուրջ վնաս է հասցրել։

Ավելի վաղ զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սուսաննա Սաֆարյանը հայտնել էր, որ 2020 թվականի առաջին եռամսյակում 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 175 հազարով քիչ զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, և երկիրն այդպիսով զրկվել է 135 միլիոն դոլարից։ Նա չէր բացառել, որ երկրորդ եռամսյակում իրավիճակը կարող է ավելի վատանալ, քանի որ մի շարք երկրների հետ սահմանները փակ են։

2019 թ․-ի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 364 789 զբոսաշրջիկ, 2018թ․-ի նույն ժամանակահատվածում՝ 346 485։ Միայն 2019թ․-ի ինը ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 1 միլիոն 459 հազար 200 զբոսաշրջիկ, ինչը 14,4 տոկոսով շատ է 2018թ․-ի ցուցանիշից։

314
Ըստ թեմայի
Հայաստանն այն երկրների շարքում է, որտեղ ռուսաստանցիներն ամենաշատն են ուզում այցելել
Հայաստանի վարկային կազմակերպությունները վիրուսի պատճառով նվազեցրել են տոկոսները
Ծովի փոխարեն` Թբիլիսի, լյուքսի փոխարեն` հոսթել. ի՞նչ է սպասում հայաստանցի զբոսաշրջիկին
Գառնի

Էժան տուրերն անորակ են և հիասթափեցնո՞ւմ են զբոսաշրջիկներին. տուրիզմում գոյի խնդիր է

1047
(Թարմացված է 09:15 24.06.2020)
Ներքին տուրիզմում առաջարկը կտրուկ ավելացել է. տուրեր են առաջարկում ոչ միայն նախկինում արտագնա, ներգնա տուրիզմով զբաղվողները, այլև տրանսպորտային ընկերությունները, որոնք նույնպես մնացել են անգործ, քանի որ Հայաստան եկող զբոսաշրջիկ չկա։

Տարեսկզբին, երբ կորոնավիրուսը տարածվեց աշխարհով մեկ, երկրները հերթով փակեցին սահմանները, տուրոլորտի ներկայացուցիչները կանխատեսեցին՝ արտագնա և ներգնա տուրիզմը ժամանակավորապես «մեռնելու է», ուղևորությունների սիրահարները սկսելու են երկրի ներսում ավելի շատ ճամփորդել։ Բայց գոնե հայաստանյան ներքին տուրիզմում զբոսաշրջային«բում» չեղավ։ Փոխարենը շուկայի լճացում սկսվեց. հիմա զբոսաշրջային առաջարկը մի քանի անգամ ավելին է, քան պահանջարկը։

Այլ բան էին սպասում, այլ բան ստացվեց

Երբ իրավիճակը դեռ նոր էր, մտավախություն կար, թե հանկարծ ներքին տուրիզմում արհեստական գնաճ չլինի։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ասում է, որ դեռ այն ժամանակ վստահ էր՝ մասնավոր հատվածը գիտակից է, ճիշտ կգնահատի իրավիճակը և, մարդկանց վճարունակությունը հաշվի առնելով, համապատասխան մոտեցում կցուցաբերի նաև գների հարցում։

«Հիմա ունենք հակառակ իրավիճակը, երբ գներն արդեն շատ են նվազել։ Մենք մասնավոր հատվածի մեր գործընկերներին ասում ենք՝ լավ է, որ իրավիճակը ճիշտ եք գնահատում և փորձում եք մրցունակ, նաև մատչելի գներ առաջարկել, բայց դա պետք է լինի բարեխիղճ մրցակցության սկզբունքներին համապատասխան»,- ասում է Ապրեսյանը։

Տուրիզմում երկարամյա փորձ ունեցող մասնագետի խոսքով՝ իրավիճակը մարդկայնորեն հասկանալի է, մարդիկ այսօր պատրաստ են ցածր գնով, անգամ առանց շահույթի աշխատել, միայն թե օրվա գումարը վաստակեն, տուն տանեն։ Նա վստահ է՝ իրավիճակը մեղմելու համար աջակցման  միջոցառումներն էլ պետք է առավել իրական ու արդյունավետ լինեն, եթե գոյատևելու խնդիրն ինչ-որ չափով լուծվի, ապա դա նաև շուկային կօգնի։ Նրա խոսքով՝ պատասխանատու կողմերի հետ հարցն արդեն քննարկվում է։ Մյուս կողմից պետք է օր առաջ տուրեր իրականացնող ընկերությունների լիցենզավորման հարցը լուծել, որ ցանկացած մեկը դրանով չզբաղվի։ Ապրեսյանը վստահ է՝ եթե լիցենզավորումը լիներ, ճգնաժամային կառավարումն ավելի արդյունավետ կլիներ ։

Շուկան «զարգացնում» են դեմպինգով

Շողեր Հակոբյանը մոտ երեք տարի է, ինչ ներքին տուրիզմում է։ Նորմալ է վերաբերվում, որ արտագնա, ներգնա ընկերություններն ու նույնիսկ տրանսպորտային ընկերությունները որոշեցին  ներքին տուրերով զբաղվել։ Ասում է՝ իրավիճակը հասկանալի է, բայց նույնիսկ այս պայմաններում առողջ մրցակցություն կարող էր լինել, օրինակ՝ հիմնված որակի կամ ծառայությունների բազմազանության, բովանդակության վրա։ Բայց ներքին տուրիզմում հայտնված ընկերությունների մի մասը որոշեց ցածր արժեքով ծառայություններ մատուցել։ Պնդում է՝ նրանց մոտ 70 տոկոսը հենց տրանսպորտային ընկերություններն են։

Կորոնավիրո՞ւս. չեմ վախենում. վրացիներն ինքնամեկուսացումից հետո զանգվածաբար ծով են գնում

«Ոչ միայն 50 տոկոսով էժան տուրեր են առաջարկում, այլև աչքիս հայտարարություն  է ընկել անգամ անվճար տուրի։ Մարդիկ ներդրում են անում, որ շուկա գրավեն»,- ասում է Շողերն ու հավելում, որ վերջերս ներքին տուրիզմով զբաղվող 14 կազմակերպություն համախմբվել ու որոշել են միասին քայլեր ձեռնարկել իրավիճակը կարգավորելու համար։ Քայլերից մեկը դարձավ դեմպինգով զբաղվող ընկերությունների հետ հանդիպումը։

Շողերի կարծիքով՝ այս որոշումն ի վերջո կազմաքանդելու է ոլորտը, որովհետև եթե նախկինում ինքը 3000 դրամով Կոնդում էքսկուրսիոն տուր էր անում՝ թեյախմությամբ կամ գինեխմությամբ, ապա հիմա 3000 դրամով մարդիկ Գյումրի կամ Դիլիջան են առաջարկում գնալ։Չի պնդում, որ այդ գնով պարտադիր վատ ծառայություն է մատուցվելու, բայց նաև կարծում է՝ փորձառու ճանապարհորդը տարբերությունն անպայման զգալու է։ Ինչ վերաբերում է իրեն՝ այս տարի 4 էքսկուրսիոն տուր է անցկացրել, խմբերը դժվար են հավաքվում։ Անցյալ տարվա հետ համեմատած մոտ 70 տոկոս անկում ունի։

Վատ փորձառությունը կարծիք է ձևավորում

Գիդ-էքսկուրսավար Սիրանույշ Փիլոյանն աշխատում է ներգնա տուրերով Հայաստան ժամանած օտարերկրացիների խմբերի հետ։ Արդյունքում արդեն գրեթե չորս ամիս է՝ չի աշխատում։ Ներքին տուրերի համար որպես գիդ-էքսկուրսավար աշխատելու առաջարկները դեռ մերժում է, ասում է՝ շատերը եկան ներքին տուրիզմ, արդեն զբաղվողները շատ-շատ են։ Իր ծառայություններն էժան չեն լինելու, արդյունքում թանկ պրոդուկտ է ստացվելու, որի կողքին հիմա մեծ թվով էժան, շատ էժան ու չափազանց էժան առաջարկներ կան։

Առավել տուժած ոլորտների 37 հազար աշխատակիցներ 2-րդ անգամ աջակցություն կստանան պետությունից

Առայժմ կողքից հետևում է շուկայում կատարվող իրադարձություններին ու չի հասկանում, թե ինչպես կարող է երկու հազար դրամով լավ, որակով առաջարկ լինել, եթե, օրինակ, կամավորական սկզբունքով չեն աշխատում։ Սիրանույշը մտավախություն ունի նաև հայ զբոսաշրջիկին հիասթափեցնելու։ Որպես օրինակ ասում է, որ նման պատմությունների կարելի է հանդիպել, երբ ինչ-որ բլոգեր եկել է Հայաստան, վատ վարորդի հետ ճամփա գնացել, հետո գրել, թե Հայաստանում վարորդները լավը չեն, մինչդեռ այդպես չէ։ Ստացվում է՝ վատ փորձառությունը կարծիք է ձևավորում և մի ամբողջ ոլորտի վրա տարածվում։

Դեմպինգ չկա

Ռուբեն Բաղդիշյանը ներքին տուրիզմի հնաբնակներից է, սկսել է մոտ 12 տարի  առաջ՝ դառնալով հայաստանյան ոլորտի հիմնադիրներից մեկը։ Միանգամից ասում է՝ չի տեսնում դեմպինգ, տեսնում է գնիջեցում։ Ասում է՝ դեռ ամիսներ առաջ հնարավոր տարբեր հարթակներում խոսում էր այն մասին, որ խնդիր լինելու է, որովհետև պետական վերահսկողություն չկա, սահմանված կարգ ու կանոններ չկան։ Բացատրում է՝ այսօր զբոսաշրջությամբ զբաղվել կարող է ցանկացած մեկը, դրա համար պետք է ընդամենը, օրինակ որպես «անհատ ձեռնարկատեր» գրանցվել, բանկում հաշվեհամար բացել ու վերջ։

Դրա համար էլ տրանսպորտային ընկերություններն էլ են սկսել ինքնուրույն ներքին տուրեր անցկացնել։

«Ջունգլիի կանոնն է։ Ներքին տուրիզմի որոշ ընկերություններ հույս ունեին, որ մարդիկ կսկսեն երկրի ներսում ճամփորդել, մի լավ բան կլինի, ես բարձրաձայնում էի՝ վերահսկեք, որ այս ոլորտն էլ չմահանա։ Մենք տասներկու տարի պայքարել ենք, մարդկանց վստահությունն ենք շահել, շուկա ենք ձևավորել։ Մեր բերած վստահությունն իրենք են վայելում, բայց եթե գետնովը տան, ստիպված նորից ենք սկսելու»,- ասում է Ռուբենը։

Ինչ վերաբերում է իրենց՝ ասում է, որ գին չեն իջեցրել կամ աննշան փոփոխություն է եղել շնորհիվ ծախսերը կրճատելու։ Իրենց բիզնես մոտեցումն է, այլ ոչ թե շուկայում արհեստական գնիջեցմանն են հետևում։ Զբոսաշրջիկներն, անշուշտ պակասել են։ Մի կողմից սփյուռքից ժամանած մեր հայրենակիցներն այս տարի չկան, մյուս կողմից՝ հայաստանցիների մի մասը խուսափում է ճամփորդել տարբեր պատճառներով՝ հրաժարվում է դիմակ կրել, արտակարգ դրության պայմաններում չի կողմնորոշվում, վախենում է։ Ռուբենը պնդում է՝ ոլորտը կանոնակարգման ու վերահսկման կարիք ունի, Զբոսաշրջության պետական կոմիտեն էլ կամ պետք է վերահսկման գործիքներ և իրավասություն ունենա, կամ կազմալուծվի, այլապես անհասկանալի է՝ պետական մարմին կա, բայց և չկա։

Հայաստանը պատրաստվում է զբոսաշրջիկներ ընդունել. ինչո՞վ է զբաղված ֆեդերացիան

Ի պատասխան մեր հարցման՝ Զբոսաշրջության պետական կոմիտեից նշեցին, որ կոմիտեն տեսչական ու վերահսկողական գործառույթներ չունի, որևէ կերպ շուկայում տեղի ունեցող երևույթների վրա ազդեցություն ունենալ չի կարող։ Մինչ օրս կոմիտեն պաշտոնապես չի ստացել հակաօրինական գործողությունների մասին այնպիսի ահազանգ, որը կարող էր վերահասցեագրել ՏՄՊՊՀ-ին՝ խնդրի լուծմանն ուղղված քայլերի պահանջով։ Ինչ վերաբերում է լիցենզավորման խնդրին, ապա ՀՀ Զբոսաշրջության մասին օրենքի նոր նախագծով նախատեսվում է զբոսաշրջային սուբյեկտների հաշվառումը կամ որակավորումը։ Օրենքի նախագիծը ներկայումս վերջնականացման փուլում է և սահմանված կարգով շրջանառվելուց հետո կներկայացվի ՀՀ կառավարություն։

1047
թեգերը:
Մեխակ Ապրեսյան, գին, Հայաստան, զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի հետքը. Ֆրանսիայում մարդիկ վաճառում են իրենց դղյակները
Համավարակն ու տուրիզմը. ի՞նչ կտա ոլորտին կառավարության որոշումը
Ավինյանը նորություն ունի. Ֆիրդուսի թաղամասի վերաբերյալ նոր որոշում է կայացվել
Արսեն Թորոսյան

Արսեն Թորոսյանի ցուցմունքը կարող է փոխել գործի ընթացքը

0
(Թարմացված է 15:05 03.07.2020)
Առողջապահության նախարարը դատարանին նոր հանգամանքներ է հայտնել երեխաների վաճառքի գործով անցնող Ռազմիկ Աբրահամյանի ու իր տեղակալի կաշառքի վերաբերյալ։ Նա չի բացառում, որ դրանք կարող են փոխել գործի ընթացքը:

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Նորածինների ապօրինի վաճառքի գործով հայտնի մանկաբարձ- գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի և ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի կաշառքի գործով դատական նիստին այսօր վկայի կարգավիճակով հրավիրվել էր նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Դատական նիստն ընթանում էր դռնփակ, բայց նիստից դուրս գալուց հետո նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին:

«Կարծում եմ` իմ պատասխաններից նոր հանգամանքներ ի հայտ եկան, դատարանը պետք է որոշի` ինչ անի դրանց հետ»,- ասաց նա:

Թորոսյանի խոսքով` ինքը պատմել է գործին նախորդող որոշ գործընթացների մասին, որոնցից տեղյակ է եղել ու որոնք, իր կարծիքով, հնարավոր է` փոփոխություն մտցնեն գործի ընթացքի մեջ:

Նա դատարանում ասել է, որ նախարար նշանակվելուց հետո հանդիպել է առողջապահական տարբեր հիմնարկների տնօրենների հետ ու նրանց զգուշացրել, որ մոռանան նախկին բարքերն ու այսուհետ ձեռնպահ մնան ԱՆ պաշտոնյաներին ֆինանսական տարբեր առաջարկներ անելուց:

«Նույնը կատարվել էր նաև Ռազմիկ Աբրահամյանի հետ, սակայն ոչ ուղղակիորեն իմ մասնակցությամբ, այլ միջնորդավորված»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է իր տեղակալին առաջադրված` կաշառք ստանալու մեղադրանքին, Թորոսյանը նշեց, որ ինչպես նախկինում, այսօր ևս դատապարտելի ու անընդունելի է համարում նման գործելաոճը ու վերահաստատում է, որ ԱՆ որևէ աշխատակից, այդ թվում՝ փոխնախարարը ֆինանսական փոխհարաբերությունների մեջ չպիտի մտներ և չպիտի մտնի:

Հիշեցնենք՝ հանրապետության նախկին գլխավոր մանկաբարձ–գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը հիշյալ դատական գործով մեղադրվում է ՀՀ առողջապահության փոխնախարար, մոր և մանկան առողջության պահպանման աշխատանքները և առողջապահական համակարգի ֆինանսավորումը կազմակերպող Արսեն Դավթյանին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար:

Դավթյանն էլ մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու ու ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Բացի այդ, Աբրահամյանին մեղադրանք է առաջադրված մեկ այլ քրեական գործով: Նոյեմբերի 14-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ բացահայտվել են տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ։ Երեխաների ապօրինի որդեգրման համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի` «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին և Ռազմիկ Աբրահամյանին։ Այս քրեական գործը դատարան դեռ չի ուղարկվել:

Նախաքննությունը շարունակվում է:

0
թեգերը:
Ռազմիկ Աբրահամյան, ցուցմունք, Դատարան, Արսեն Թորոսյան, Հայաստան