Հանգիստ Yell Extreme Park-ում

Հայաստան գալու ժամանակը. հանգիստ, որն անմոռանալի կլինի, կամ որտեղ վայելել ամառը

314
(Թարմացված է 19:23 02.06.2019)
Արդեն ամառ է, իսկ դա նշանակում է, որ ժամանակն է հավաքել ճամպրուկներն ու Հայաստան գալ։ Դրա համար բազում պատճառներ կան, և այդ Sputnik Արմենիան ներկայացնում է դրանք։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանը կոնտրաստների երկիր է․ այստեղ դուք կգտնեք լավ պահպանված հին հուշարձաններ ու ժամանակակից մշակույթի և ճարտարապետության եզակի նմուշներ։ Միաժամանակ տեսարժան վայրերը հայաստանյան ճանապարհորդության հաճելի կողմի միայն մի մասն են։ Այստեղ ձեզ կհյուրասիրեն ոչ միայն ազգային խոհանոցի համեղ ուտեստներ, այլև ծովամթերք կառաջարկեն ու միշտ ախորժալի բրդուճ կսարքեն։ Ավելին, Հայաստանում ձեզ է սպասում աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղին ու անվտանգ, բայց վախենալու թռիչքը ձորի վրայով։

Եթե իսկապես վառ ապրումներ եք ուզում ունենալ, ապա Հայաստան եկեք։ Sputnik Արմենիան ներկայացնում է ամառվա հանգիստը Հայաստանում անցկացնելու յոթ պատճառներ։

Սարեր ու մաքուր օդ

Եթե հոգնել եք շոգից, խաղաղության եք ձգտում և ուզում եք ամառվա սկզբին ձմեռվա շունչ զգալ, ապա պետք է Հայաստան գաք։ Սարերի երկիրը վերելնքների բազում տարբերակներ է առաջարկում ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ լեռնագնացների համար։ Առավել մեծ պահանջարկ է վայելում Գեղամա լեռների ամենաբարձր կետը՝ Աժդահակ լեռը։ Դրա բացարձակ բարձրությունը 3597 մետր է, այն պարզապես ապշեցնում է իր գեղեցկությամբ։

Аттракцион Via Ferrata в экстрим парке Yell
© Photo : Ruben Babayan
Via Ferrata ատրակցիոնը Yell պարկում

Տարվա մեծ մասը Աժդահակը ձյունածածկ է, իսկ գագաթին գեղեցիկ խառնարանային լիճ կա։ Զբոսաշրջիկներին համար ամենագրավիչ լեռներից է Արագածը, որի Հյուսիսային գագաթը Հայաստանի ամենաբարձր կետն է։ Վերելքները հիմնականում իրականացնում են հուլիս-օգոստոս ամիսներին։

Բա ծո՞վը

Թեև Հայաստանը ծով չունի, բայց այստեղ կա Գեղամա ծովը՝ Սևանը։ Բարձրադիր այս լիճը երբեք չի ձանձրացնի, քանի որ դրա տեսքը փոխվում է կախված տարվա եղանակից, օրվա ժամից ու եղանակային պայմաններից։

Монастырский комплекс Севанаванк
© Sputnik / Nelli Danielyan
Սևանավանքը

Սևանա լիճը ԱՊՀ տարածքի ամենախոշոր բարձրադիր լիճն է, ու ամենաբարձրադիր քաղցրահամ ջուր ունեցող լիճն է։ Ավելին՝ դա աշխարհում երկրորդ բարձրադիր քաղցրաջուր լիճն է Հարավային Ամերիկայում գտնվող Տիտիկակայից հետո։ Սևանի շրջակայքը գեղատեսիլ է, օդը՝ մաքուր: Ամռանը Սևանը փրկում է հայաստանցիներին ահավոր շոգից։

Այստեղ կարելի է համտեսել իշխան ու հիանալի արևայրուք ստանալ։

Վանքեր ու եկեղեցիներ

Վանքերն ու եկեղեցիները իսկական հարստություն են Հայաստանի համար, որը մոտ 1720 տարի առաջ աշխարհում առաջինն էր, որ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունեց։ Հայաստանի բնակիչներն իսկապես հպարտանում են այդ գանձերով։ Եզակի կառույցների ցանկում է նաև IV դարի Գեղարդի ժայռափոր վանքը։ Այն տպավորիչ է ոչ միայն իր ճարտարապետությամբ, այլև էներգետիկայով։ Վանքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Монастырь Гегард
Գեղարդի որմնաքանդակները

Հատկանշական է, որ մոտակայքում գտնվում է Հայաստանի միակ պահպանված հեթանոսական տաճարը՝ Գառնին։ Այն թվագրվում է մ․թ․ առաջին դարով՝ 77 թվականին։ Դա հելլենիստական շրջանի ճարտարապետության վառ նմուշ է ու գեղեցիկ խճանկարներ ունի։

Իսկ այն մարդիկ, որոնք կցանկանան Հայաստանի հարավ գնալ, կտեսնեն IX դարի վերջի X դարի սկզբի Տաթևի վանական համալիրը։

Հայաստան գալուց յուրաքանչյուր քրիստոնյա պետք է ուխտագնացություն կատարի դեպի հոգևոր կենտրոն՝ դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այն գտնվում է մայրաքաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա՝ Վաղարշապատ քաղաքում։

Էքստրիմ

Կոնտրաստների երկիր Հայաստանը կարող է զարմացնել նաև էքստրիմի սիրահարներին։ Այստեղ կարող եք օդ բարձրանալ օդապարիկով, հիանալ Հայաստանի գեղեցկությամբ թռչնի թռիչքի բարձրությունից։ Կամ էլ կարող եք սավառնել կիրճի վրայով 2680 երկարություն ունեցող զիփլայնով. սա կտևի երեք րոպե է և այդ ընթացքում հնարավոր է զարգացնել մինչև 120 կմ/ժ արագություն։

Парк экстремальных развлечений Yell Extreme Park в общине Енокаван Тавушской области
© Sputnik / Aram Nersesyan
Հանգիստ Yell Extreme Park-ում

Իսկ հովանալու համար կարելի է ռաֆթինգ պատվիրել ու իջնել լեռնային գետերով։ Այստեղ կարելի է նաև ռոփջամփինգ անել ու պարանով կապված ձորը թռչել, ինչպես նաև՝ պարապլանով սավառնել։

Հնարավոր է, որ ոչ այդքան էքստրեմալ, բայց հաստատ ամենահիշվողներից լինի ուղևորությունը աշխարհի ամենաերկար հետդարձ ճոպանուղով, որը կոչվում է «ՏաԹևեր»։ Դրա երկարությունը 5752 մետր է, բարձրությունը՝ 320 մետր։

Татевский монастырь
© Sputnik / Asatur Yesayants
«ՏաԹևեր» ճոպանուղին

Օդային անցումը ձորի մի կողմից մյուսը  մոտ 12 րոպե է տևում։

Հայաստանը բուժում է

Հայաստանում խաղաղություն ու հանգստություն կգտնեն նաև այն մարդիկ, որոնք բուժվելու են եկել։ Այստեղ հանքային աղբյուրներ ու մաքուր օդ կա։ Այդ նպատակով կարող եք Դիլիջան մեկնել, որի մոտակայքում է գտնվում նաև Պարզ լիճը։ Դիլիջանը հայտնի է իր հանքային ջրերի առողջարանով։ Քաղաքում նաև հանքային ջրերի շատ աղբյուրներ կան։ Դիլիջանում իրենց ժամանակն օգտակար կանցկացնեն նաև մարդիկ, որոնք տուբերկուլյոզ ունեն։

Парз лич, Дилижан. Армения
© Sputnik / Arpi Beglaryan
Պարզ լիճը

Հանքային ջուր կարելի է խմել նաև Ջերմուկում, որը գտնվում է ծովի մակարդակից ավելի քան 2000 մետր բարձրության վրա։ Այն շրջապատված է անտառներով, ժայռերով, Արփա գետով ու ջրվեժներով։ Այստեղ կարելի է վայելել տաք ու սառը հանքային աղբյուրները։

Канатная дорога в курортном городе Цахкадзор
Ծաղկաձորի ճոպանուղին

Իսկ եթե ուզում եք վայլել Սևանի ու բիբլիական Արարատի տեսարանը, կարող եք Ծաղկաձոր լեռնադահուկային կենտրոն այցելել։ Թեև ամռանը հնարավոր չէ դահուկ քշել, փոխարենը կարելի է լավ ժամանակ անցկացնել բնության գրկում։

Փառատոններ

Առանձնահատուկ գրավիչ են գաստրոնոմիական փառատոնները, որոնց մեծ մասը գարնան վերջին ու ամռանն են անցկացվում։ Կարող եք հայտնվել մորու, ձմերուկի, թթի, մեղրի ու հատապտուղների փառատոնում։ Բոլոր մարդիկ, որոնք չեն տեսել՝ ինչպես են ոչխար խուզում, հայկական խորոված կամ հայկական գարեջուր չեն փորձել, պետք է Հայաստանն այցելեն։

Фестиваль шашлыка в Ахтале
© Sputnik / Asatur Yesayants
Խորովածի փառատոնը Ախթալայում

Ամռանը նաև էկոտուրիզմի ու երաժշտական փառատոններ են անցկացվում։ Իսկ ամենագլխավոր տոնը Վարդավառն է։ Եթե այդ օրը ձեզ ջրեն, չզարմանաք։

© Sputnik / Aram Nersesyan
Корреспондент Sputnik Армения оказался в эпицентре празднования Вардавара

Այդպես են այստեղ նշում սիրելի տոնը՝ Քրիստոսի պայծառակերպությունը։

Արևոտ և վարդագույն Երևանը

Եվ վերջապես, յուրաքանչյուր մարդ կյանքում գոնե մեկ անգամ պետք է տեսնի քաղաքը, որը 29 տարով մեծ է Հռոմից։ Հայաստանի մայրաքաղաքը հիմնվել է մ․թ․ա․ 782 թվականին Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելքում Արգիշի I-ի կողմից։  Քաղաքի կյանքի այդ շրջանը կարելի է տեսնել՝ Էրեբունի թանգարան այցելելով։

Բազում բաց սրճարանների ու շատրվանների համար զբոսաշրջիկները Երևանը հայկական Փարիզ են անվանում։

Отремонтированный парк к 2800-летию Еревана
© Sputnik / Asatur Yesayants.
Երևանի 2800-ամյակին նվիրված այգին

Կոնտրաստային քաղաքի վարդագույն տուֆից պատրաստած կենտրոնական հրապարակի մոտակայքում XIX դարում կառուցված տներ են, իսկ դրանց կողքին՝ ժամանակակից բարձրահարկ շենքեր։ Երևանը շրջանաձև է, մի ծայրից մյուսը կարելի է հասնել մեկ, առավելագույնը՝ մեկուկես ժամվա ընթացքում։

Այս տարի լրացավ Երևանի 2800-ամյակը։

314
թեգերը:
Հայաստան, Սյունիք, Տավուշ, Սևան, Զբոսաշրջիկ
թեմա:
Զբոսաշրջիկները սիրում են Հայաստանը (85)
Ըստ թեմայի
Հայաստանը ճիշտ «փաթեթավորելու» համար հավաքվել են ՏՏ ու զբոսաշրջության ոլորտի մասնագետները
Երևանյան կոլորիտ և հատուկ վերաբերմունք Թբիլիսիին. ինչպես կարելի է գրավել զբոսաշրջիկներին
Խոհանոցային տուրիզմ և «luxury» հանգիստ․ Հայաստանն ավելի շատ օտարերկրացիների է հրապուրում
Հայաստանի ռեստորանները լավագույնն են ԱՊՀ–ում. Լապշինը գիտի` ինչպես գրավել զբոսաշրջիկներին
Բացառիկ և տեսարժան այս վայրերն այլևս չկան. ոչնչացված հուշարձանների լուսանկարները
Հյուրատուն

Ճանապարհորդե՞լ Հայաստանում, թե՞ սպասել սահմանների բացմանը. հայկական զբոսաշրջության ներկան

340
(Թարմացված է 20:09 27.06.2020)
Հայաստանը կորոնավիրուսի համարավարակի պատճառով փակել է սահմանները։ Արձակուրդն առայժմ կարելի է անցկացնել միայն երկրի ներսում, բայց չափազանցություն կլիներ ասել, որ այդ ֆոնին աճել է ներքին զբոսաշրջությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik, Նանա Մարտիրոսյան․ Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում ակտիվ քննարկվում է առաջիկա արձակուրդների թեման։ Քաղաքացիների մի մասը համառորեն մտադիր է սպասել օդային սահմանների բացմանն ու արտասահման մեկնելու հնարավորությանը, մյուսներն արդեն իրենց հանգիստը ծրագրել են Հայաստանի տարածքում։ Վերջիններս, ի դեպ, համարում են, որ ստեղծված իրավիճակը սեփական հայրենիքը ճանաչելու և զբոսաշրջային նոր ուղղություններ հայտնագործելու հիանալի հնարավորություն է։

Լուսինե Քարամյանը նրանցից մեկն է։ Վերջին շաբաթների ընթացքում նա հասցրել է լինել Հայաստանի մարզերից մի քանիսում, նոր տեսարժան վայրեր տեսնել ու մոտավոր ծրագրել մեղրամիսը, որը ստեղծված իրավիճակի պատճառով զույգը մտադիր է անցկացնել Հայաստանում։ Լուսինեն և նրա ապագա ամուսինը հյուրանոցների և հյուրատների հարմար տարբերակներ են փնտրում տարբեր մարզերում։ Երիտասարդները նշում են, որ գները, սպասումներին հակառակ, ոչ միայն չեն նվազել, այլև շոգերն ընկնելուն պես անգամ բարձրացել են․ դա հատկապես վերաբերում է լողավազանով հյուրանոցային համալիրներին։

«Որոշ սրճարաններ զեղչեր առաջարկում են, բայց ոչ բոլորը։ Ամեն ինչ թանկ է, այնպես որ երևի փոքր տուն վարձենք մարզերից մեկում և ինքներս ուտելիք պատրաստենք»,-ասաց աղջիկը։

Փոխարենը, Լուսինեի խոսքով, նկատելիորեն էժանացել են տուրերը։ Այսպես, Գյումրի կամ Ջերմուկ կարելի է հասնել ընդամենը երեք հազար դրամով՝ նախկին 7-8 հազարի փոխարեն։ Գնանկման պատճառները բացատրում է երկար տարիներ ներքին տուրիզմով զբաղվող Շողեր Հակոբյանը։ Նա վստահ է, որ դա դեմպինգի հետևանք է, որը կարող է հանգեցնել զբոսաշրջության ոլորտի փլուզման։ Խոսքն այն մասին է, որ որոշ տրանսպորտային ընկերություններ 50%–ով (նույնիսկ ավելի շատ) իջեցրել են գները, տարբեր մարքեթինգային հնարքների են դիմել հաճախորդներ գրավելու համար։

Հայկ Ստեփանյանը, որը գաստրոբակ ունի Արենի գյուղում, ուսումնասիրելով երկրում տիրող իրավիճակն ու զբոսաշրջային շուկան, անիմաստ է համարում հիմա զեղչեր անել, քանի որ քաղաքացիները միևնույնն է՝ վճարունակ չեն, իսկ նրանք, ովքեր այնուամենայնիվ ճամփորդում են երկրում, գերադասում են «պիկնիկներն» ու ճանապարհամերձ սրճարանները։ Ահա թե ինչու նա չի իջեցրել գները։

«Մենք որոշեցինք ժամանակ չկորցնել, մեր խնայողությունների հաշվին կվերանորոգենք տարածքը, կմեծացնենք բակը, և հուսանք, որ աշնանն ամեն ինչ լավ կլինի։ Ի դեպ, տուրիստական ընկերություններն արդեն տեղեր են ամրագրում հաջորդ տարվա համար»,- նշեց նա։

Գաստրոբակում նա արդեն չորս ամիս է՝ հյուրեր չի ընդունել, ամառվա հաջորդ ամիսներին էլ չի պատրաստվում։ Մոտ կես տարի է, ինչ նրա ընտանիքն ու համագյուղացիներից մի քանիսը, որոնք օգնում էին սպասարկել հյուրերին, փաստացի գումար չեն աշխատում։ Ընտանիքը համավարակի հետևանքների չեզոքացման ծրագրի շրջանակում կառավարությունից փոխհատուցում է ստացել, բայց գումարը համեմատելի չէ նրանց ամսական եկամտի հետ։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը համարում է, որ պետական աջակցությունն, իհարկե, կարևոր է, բայց ամենակարևորը, նրա կարծիքով, այն է, որ բիզնեսին 2020 թվականի երկրորդ եռամսյակում ազատել են շահութահարկի կանխավճարից։ Դա թույլ կտա խնայողություններ անել և որոշակի ներդրումներ կատարել բիզնեսին աջակցելու համար։

«Շատ կարևոր է կանխել ընկերությունների փլուզումն ու սնանկացումը, քանի որ համավարակը կանցնի, իսկ զբոսաշրջային բիզնեսը երկրի տնտեսության կարևոր մասն է մնում»,-ասաց Ապրեսյանը։

Նա կարծում է, որ այս օրերին ներքին զբոսաշրջությունը թեև դանդաղ, բայց այնուամենայնիվ զարգանում է, շատ հարմար պահ է նոր զբոսաշրջային տարբերակ մտածելու և արդեն գոյություն ունեցողներն ավելի ճանաչելի դարձնելու համար։ Այժմ կարևոր է մտածել սահմանների բացման և «զբոսաշրջային արևի տակ» սեփական տեղը պահպանելու մասին։

«Հնարավոր չէ ապրել միայն ներքին տուրիզմի հաշվին, արդեն պետք է մտածել և պատրաստվել սահմանները բացելուն։ Պետք է պատկերացում ունենալ, թե հետո ինչ է լինելու, որպեսզի չուշանանք և չկորցնենք զբոսաշրջիկների հոսքը»,- ընդգծեց Ապրեսյանը։

Այս համատեքստում նա ընդգծեց, որ արդեն իսկ քննարկումներ են ընթանում մասնավոր հատվածի, պարետատան ներկայացուցիչների, Առողջապահության նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի և այլ շահագրգիռ կողմերի միջև՝ զբոսաշրջիկների ընդունման կանոններ մշակելու և սահմանների բացման ժամկետները նշելու համար։ Նա չի բացառում, որ դա կարող է տեղի ունենալ հուլիսի 1-15-ն ընկած ժամանակահատվածում։

Զբոսաշրջության կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ զբոսաշրջային ընկերությունների կորուստների մասին որևէ վիճակագրություն դեռ չկա, ինչպես նաև չկան ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի ներքին զբոսաշրջության մասին հստակ տվյալներ։ Այնուամենայնիվ, առանց որևէ հետազոտության էլ պարզ է, որ համավարակը ոլորտին լուրջ վնաս է հասցրել։

Ավելի վաղ զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սուսաննա Սաֆարյանը հայտնել էր, որ 2020 թվականի առաջին եռամսյակում 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 175 հազարով քիչ զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, և երկիրն այդպիսով զրկվել է 135 միլիոն դոլարից։ Նա չէր բացառել, որ երկրորդ եռամսյակում իրավիճակը կարող է ավելի վատանալ, քանի որ մի շարք երկրների հետ սահմանները փակ են։

2019 թ․-ի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 364 789 զբոսաշրջիկ, 2018թ․-ի նույն ժամանակահատվածում՝ 346 485։ Միայն 2019թ․-ի ինը ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 1 միլիոն 459 հազար 200 զբոսաշրջիկ, ինչը 14,4 տոկոսով շատ է 2018թ․-ի ցուցանիշից։

340
Ըստ թեմայի
Հայաստանն այն երկրների շարքում է, որտեղ ռուսաստանցիներն ամենաշատն են ուզում այցելել
Հայաստանի վարկային կազմակերպությունները վիրուսի պատճառով նվազեցրել են տոկոսները
Ծովի փոխարեն` Թբիլիսի, լյուքսի փոխարեն` հոսթել. ի՞նչ է սպասում հայաստանցի զբոսաշրջիկին
Գառնի

Էժան տուրերն անորակ են և հիասթափեցնո՞ւմ են զբոսաշրջիկներին. տուրիզմում գոյի խնդիր է

1061
(Թարմացված է 09:15 24.06.2020)
Ներքին տուրիզմում առաջարկը կտրուկ ավելացել է. տուրեր են առաջարկում ոչ միայն նախկինում արտագնա, ներգնա տուրիզմով զբաղվողները, այլև տրանսպորտային ընկերությունները, որոնք նույնպես մնացել են անգործ, քանի որ Հայաստան եկող զբոսաշրջիկ չկա։

Տարեսկզբին, երբ կորոնավիրուսը տարածվեց աշխարհով մեկ, երկրները հերթով փակեցին սահմանները, տուրոլորտի ներկայացուցիչները կանխատեսեցին՝ արտագնա և ներգնա տուրիզմը ժամանակավորապես «մեռնելու է», ուղևորությունների սիրահարները սկսելու են երկրի ներսում ավելի շատ ճամփորդել։ Բայց գոնե հայաստանյան ներքին տուրիզմում զբոսաշրջային«բում» չեղավ։ Փոխարենը շուկայի լճացում սկսվեց. հիմա զբոսաշրջային առաջարկը մի քանի անգամ ավելին է, քան պահանջարկը։

Այլ բան էին սպասում, այլ բան ստացվեց

Երբ իրավիճակը դեռ նոր էր, մտավախություն կար, թե հանկարծ ներքին տուրիզմում արհեստական գնաճ չլինի։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ասում է, որ դեռ այն ժամանակ վստահ էր՝ մասնավոր հատվածը գիտակից է, ճիշտ կգնահատի իրավիճակը և, մարդկանց վճարունակությունը հաշվի առնելով, համապատասխան մոտեցում կցուցաբերի նաև գների հարցում։

«Հիմա ունենք հակառակ իրավիճակը, երբ գներն արդեն շատ են նվազել։ Մենք մասնավոր հատվածի մեր գործընկերներին ասում ենք՝ լավ է, որ իրավիճակը ճիշտ եք գնահատում և փորձում եք մրցունակ, նաև մատչելի գներ առաջարկել, բայց դա պետք է լինի բարեխիղճ մրցակցության սկզբունքներին համապատասխան»,- ասում է Ապրեսյանը։

Տուրիզմում երկարամյա փորձ ունեցող մասնագետի խոսքով՝ իրավիճակը մարդկայնորեն հասկանալի է, մարդիկ այսօր պատրաստ են ցածր գնով, անգամ առանց շահույթի աշխատել, միայն թե օրվա գումարը վաստակեն, տուն տանեն։ Նա վստահ է՝ իրավիճակը մեղմելու համար աջակցման  միջոցառումներն էլ պետք է առավել իրական ու արդյունավետ լինեն, եթե գոյատևելու խնդիրն ինչ-որ չափով լուծվի, ապա դա նաև շուկային կօգնի։ Նրա խոսքով՝ պատասխանատու կողմերի հետ հարցն արդեն քննարկվում է։ Մյուս կողմից պետք է օր առաջ տուրեր իրականացնող ընկերությունների լիցենզավորման հարցը լուծել, որ ցանկացած մեկը դրանով չզբաղվի։ Ապրեսյանը վստահ է՝ եթե լիցենզավորումը լիներ, ճգնաժամային կառավարումն ավելի արդյունավետ կլիներ ։

Շուկան «զարգացնում» են դեմպինգով

Շողեր Հակոբյանը մոտ երեք տարի է, ինչ ներքին տուրիզմում է։ Նորմալ է վերաբերվում, որ արտագնա, ներգնա ընկերություններն ու նույնիսկ տրանսպորտային ընկերությունները որոշեցին  ներքին տուրերով զբաղվել։ Ասում է՝ իրավիճակը հասկանալի է, բայց նույնիսկ այս պայմաններում առողջ մրցակցություն կարող էր լինել, օրինակ՝ հիմնված որակի կամ ծառայությունների բազմազանության, բովանդակության վրա։ Բայց ներքին տուրիզմում հայտնված ընկերությունների մի մասը որոշեց ցածր արժեքով ծառայություններ մատուցել։ Պնդում է՝ նրանց մոտ 70 տոկոսը հենց տրանսպորտային ընկերություններն են։

Կորոնավիրո՞ւս. չեմ վախենում. վրացիներն ինքնամեկուսացումից հետո զանգվածաբար ծով են գնում

«Ոչ միայն 50 տոկոսով էժան տուրեր են առաջարկում, այլև աչքիս հայտարարություն  է ընկել անգամ անվճար տուրի։ Մարդիկ ներդրում են անում, որ շուկա գրավեն»,- ասում է Շողերն ու հավելում, որ վերջերս ներքին տուրիզմով զբաղվող 14 կազմակերպություն համախմբվել ու որոշել են միասին քայլեր ձեռնարկել իրավիճակը կարգավորելու համար։ Քայլերից մեկը դարձավ դեմպինգով զբաղվող ընկերությունների հետ հանդիպումը։

Շողերի կարծիքով՝ այս որոշումն ի վերջո կազմաքանդելու է ոլորտը, որովհետև եթե նախկինում ինքը 3000 դրամով Կոնդում էքսկուրսիոն տուր էր անում՝ թեյախմությամբ կամ գինեխմությամբ, ապա հիմա 3000 դրամով մարդիկ Գյումրի կամ Դիլիջան են առաջարկում գնալ։Չի պնդում, որ այդ գնով պարտադիր վատ ծառայություն է մատուցվելու, բայց նաև կարծում է՝ փորձառու ճանապարհորդը տարբերությունն անպայման զգալու է։ Ինչ վերաբերում է իրեն՝ այս տարի 4 էքսկուրսիոն տուր է անցկացրել, խմբերը դժվար են հավաքվում։ Անցյալ տարվա հետ համեմատած մոտ 70 տոկոս անկում ունի։

Վատ փորձառությունը կարծիք է ձևավորում

Գիդ-էքսկուրսավար Սիրանույշ Փիլոյանն աշխատում է ներգնա տուրերով Հայաստան ժամանած օտարերկրացիների խմբերի հետ։ Արդյունքում արդեն գրեթե չորս ամիս է՝ չի աշխատում։ Ներքին տուրերի համար որպես գիդ-էքսկուրսավար աշխատելու առաջարկները դեռ մերժում է, ասում է՝ շատերը եկան ներքին տուրիզմ, արդեն զբաղվողները շատ-շատ են։ Իր ծառայություններն էժան չեն լինելու, արդյունքում թանկ պրոդուկտ է ստացվելու, որի կողքին հիմա մեծ թվով էժան, շատ էժան ու չափազանց էժան առաջարկներ կան։

Առավել տուժած ոլորտների 37 հազար աշխատակիցներ 2-րդ անգամ աջակցություն կստանան պետությունից

Առայժմ կողքից հետևում է շուկայում կատարվող իրադարձություններին ու չի հասկանում, թե ինչպես կարող է երկու հազար դրամով լավ, որակով առաջարկ լինել, եթե, օրինակ, կամավորական սկզբունքով չեն աշխատում։ Սիրանույշը մտավախություն ունի նաև հայ զբոսաշրջիկին հիասթափեցնելու։ Որպես օրինակ ասում է, որ նման պատմությունների կարելի է հանդիպել, երբ ինչ-որ բլոգեր եկել է Հայաստան, վատ վարորդի հետ ճամփա գնացել, հետո գրել, թե Հայաստանում վարորդները լավը չեն, մինչդեռ այդպես չէ։ Ստացվում է՝ վատ փորձառությունը կարծիք է ձևավորում և մի ամբողջ ոլորտի վրա տարածվում։

Դեմպինգ չկա

Ռուբեն Բաղդիշյանը ներքին տուրիզմի հնաբնակներից է, սկսել է մոտ 12 տարի  առաջ՝ դառնալով հայաստանյան ոլորտի հիմնադիրներից մեկը։ Միանգամից ասում է՝ չի տեսնում դեմպինգ, տեսնում է գնիջեցում։ Ասում է՝ դեռ ամիսներ առաջ հնարավոր տարբեր հարթակներում խոսում էր այն մասին, որ խնդիր լինելու է, որովհետև պետական վերահսկողություն չկա, սահմանված կարգ ու կանոններ չկան։ Բացատրում է՝ այսօր զբոսաշրջությամբ զբաղվել կարող է ցանկացած մեկը, դրա համար պետք է ընդամենը, օրինակ որպես «անհատ ձեռնարկատեր» գրանցվել, բանկում հաշվեհամար բացել ու վերջ։

Դրա համար էլ տրանսպորտային ընկերություններն էլ են սկսել ինքնուրույն ներքին տուրեր անցկացնել։

«Ջունգլիի կանոնն է։ Ներքին տուրիզմի որոշ ընկերություններ հույս ունեին, որ մարդիկ կսկսեն երկրի ներսում ճամփորդել, մի լավ բան կլինի, ես բարձրաձայնում էի՝ վերահսկեք, որ այս ոլորտն էլ չմահանա։ Մենք տասներկու տարի պայքարել ենք, մարդկանց վստահությունն ենք շահել, շուկա ենք ձևավորել։ Մեր բերած վստահությունն իրենք են վայելում, բայց եթե գետնովը տան, ստիպված նորից ենք սկսելու»,- ասում է Ռուբենը։

Ինչ վերաբերում է իրենց՝ ասում է, որ գին չեն իջեցրել կամ աննշան փոփոխություն է եղել շնորհիվ ծախսերը կրճատելու։ Իրենց բիզնես մոտեցումն է, այլ ոչ թե շուկայում արհեստական գնիջեցմանն են հետևում։ Զբոսաշրջիկներն, անշուշտ պակասել են։ Մի կողմից սփյուռքից ժամանած մեր հայրենակիցներն այս տարի չկան, մյուս կողմից՝ հայաստանցիների մի մասը խուսափում է ճամփորդել տարբեր պատճառներով՝ հրաժարվում է դիմակ կրել, արտակարգ դրության պայմաններում չի կողմնորոշվում, վախենում է։ Ռուբենը պնդում է՝ ոլորտը կանոնակարգման ու վերահսկման կարիք ունի, Զբոսաշրջության պետական կոմիտեն էլ կամ պետք է վերահսկման գործիքներ և իրավասություն ունենա, կամ կազմալուծվի, այլապես անհասկանալի է՝ պետական մարմին կա, բայց և չկա։

Հայաստանը պատրաստվում է զբոսաշրջիկներ ընդունել. ինչո՞վ է զբաղված ֆեդերացիան

Ի պատասխան մեր հարցման՝ Զբոսաշրջության պետական կոմիտեից նշեցին, որ կոմիտեն տեսչական ու վերահսկողական գործառույթներ չունի, որևէ կերպ շուկայում տեղի ունեցող երևույթների վրա ազդեցություն ունենալ չի կարող։ Մինչ օրս կոմիտեն պաշտոնապես չի ստացել հակաօրինական գործողությունների մասին այնպիսի ահազանգ, որը կարող էր վերահասցեագրել ՏՄՊՊՀ-ին՝ խնդրի լուծմանն ուղղված քայլերի պահանջով։ Ինչ վերաբերում է լիցենզավորման խնդրին, ապա ՀՀ Զբոսաշրջության մասին օրենքի նոր նախագծով նախատեսվում է զբոսաշրջային սուբյեկտների հաշվառումը կամ որակավորումը։ Օրենքի նախագիծը ներկայումս վերջնականացման փուլում է և սահմանված կարգով շրջանառվելուց հետո կներկայացվի ՀՀ կառավարություն։

1061
թեգերը:
Մեխակ Ապրեսյան, գին, Հայաստան, զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի հետքը. Ֆրանսիայում մարդիկ վաճառում են իրենց դղյակները
Համավարակն ու տուրիզմը. ի՞նչ կտա ոլորտին կառավարության որոշումը
Ավինյանը նորություն ունի. Ֆիրդուսի թաղամասի վերաբերյալ նոր որոշում է կայացվել
Թբիլիսի

Հայտնի է, թե որ երկրների համար է Վրաստանը բացում սահմանները

0
(Թարմացված է 14:55 08.07.2020)
Նշվում է, որ Վրաստանն առաջին հերթին սահմանները բացում է «անվտանգ» երկրների համար, որոնք այսպես կոչված «կանաչ գոտում» են։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Առաջիկայում Վրաստանը սահմանները կբացի Գերմանիայի, Ֆրանսիայի, Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի համար։ Տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է կառավարության մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանին։

Սակայն նշված երկրներից այցելուների համար հատուկ պայմաներ են սահմանվելու։ Վրաստանի օդականավակայան ժամանելուն պես այցելուները ստիպված կլինեն հատուկ էլեկտրոնային հարցաթերթիկ լրացնել, որտեղ կնշվի, թե որտեղ են եղել ժամանումից 14 օր առաջ։ Զբոսաշրջիկները նաև պետք է նշեն, թե Վրաստանում որտեղ են կանգ առնելու, լրացնեն հասցեն և հեռախոսահամարը։

Սակայն Չիկովանին չի ասել, թե երբ են սահմանները բացվելու։

Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին իր հերթին նշել է, որ մյուս երկրների համար Վրաստանը սահմանները կբացի, երբ նրանք հաղթահարեն նոր տիպի SARS-CoV-2 կորոնավիրուսի համաճարակը։ Նա ընդգծել է, որ այդպիսով իշխանությունները նախատեսում են վտանգը նվազագույնի հասցնել։

Չիկովանին խոստովանում է, որ այն երկրները, որտեղից Վրաստան էր ժամանում զբոսաշրջիկների առյուծի բաժինը (Հայաստանը Վրաստան այցելողների առաջատար եռյակում է՝ խմբ․), այսօր կա՛մ համաճարակի գագաթնակետին են, կամ դեռ չեն հաղթահարել այն։

Նա ընդգծել է, որ թեև ԵՄ-ում COVID-19-ը ավելի քիչ է տարածված, դա չի բացառում ռիսկի առկայությունը։ Կարող է և այնպես պատահել, որ Վրաստան նվազագույն քանակով զբոսաշրջիկներ ժամանեն, սակայն դա բավարար լինի վիրուսի նոր ալիքի տարածման համար։

Նշենք, որ Վրաստանի տնտեսության մեջ զբոսաշրջության չափաբաժինը 10-12% է։ Ավելի վաղ ԵՄ-ն Վրաստանը ներառել էր ԵՄ անդամ չհանդիսացող 15 անվտանգ պետությունների ցանկում, որոնց համար հուլիսի 1-ից սկսած սահմանները բաց են։ Վրաստանի համար սահմանները բացել են Շվեյցարիան, Հունգարիան, Գերմանիան, Լատվիան, Ֆրանսիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Իտալիան։

Վրաստանում կորոնավիրուսից հայ է մահացել. նա Հայաստանից էր մեկնել այնտեղ

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։ Հուլիսի 8-ի դրությամբ այդ երկրում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվը կազմում է 963, նրանցից 841-ն արդեն առողջացել են, մահացել է 15 մարդ։

 

0
թեգերը:
Սահման, կորոնավիրուս, Հայաստան, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Վրաստանը պատրաստվում է բացել սահմանները, բայց ոչ բոլորի համար. Հայաստանից մարդ կընդունե՞ն
Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության խորհրդանիշները. նախագահն այցելել է պետական սահման
Սահմանամերձ Նորշենի միակ տերն ու տիրակալը Վահանդուխտ տատն է, կամ ինչո՞ւ է աղմկում գետը