Երևան

Մեզ հետ դեռ կհամեմատվեն. ՏՏ ոլորտի ներկայացուցիչները կնպաստեն զբոսաշրջության աճին

166
Մայիսի 14–ին կայանալիք «Նորարարական տեխնոլոգիաները զբոսաշրջային ոլորտում» համաժողովին կմասնակցեն տարբեր երկրների ու տարբեր ոլորտների ավելի քան 150 ներկայացուցիչներ։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Առաջին միջազգային ամենամյա «Նորարարական տեխնոլոգիաները տուրիստական ոլորտում» համաժողովը կկայանա Հայաստանում մայիսի 14–ին։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց համաժողովի տնօրեն Լիանա Բարսամյանը։

Համաժողովի գաղափարը պատահական չէ, քանի որ հենց Հայաստանում են դարավոր ավանդույթները միահյուսվում տեխնիկական առաջընթացի ու թվայնացման հետ։

Նոր տեխնոլոգիաների կիրառումը նոր հնարավորություններ է ստեղծում նաև զբոսաշրջության ոլորտում, այդ պատճառով համաժողովի կազմակերպիչները որոշել են ստեղծել մի հարթակ, որտեղ երկու ոլորտների ներկայացուցիչները կկարողանան նոր գաղափարներ և փորձ փոխանակել ու առկա խնդիրների կրեատիվ լուծումներ գտնել։

«Համաժողովին կմասնակցեն երկու ոլորտների 150 ներկայացուցիչ եվրոպական երկրներից, Ռուսաստանից ու ԱՊՀ երկրներից։ Կլինեն տասը հայտնի մարդիկ, որոնք կներկայացնեն իրենց փորձն ու կփոխանակեն գիտելիքներն ու գաղափարները», – ասաց Բարսամյանը։

Հայաստանում կան եզակի մասնագետներ, որոնք կարող են որակապես նոր մոտեցում առաջարկել ավանդական ծառայություններին։ Նա ընդգծեց, որ նորարարություն ասելով` կազմակերպիչները երեք ուղղություն նկատի ունեն` տեղեկատվական տեխնոլոգիաների ներդնում, նոր զբոսաշրջային ապրանքների ստեղծում ու նոր մարքետինգային լուծումների կիրառում։

Пресс-конференция по теме Что получится, если скрестить ИТ и туризм (6 мая 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Ասուլիս` Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

«Հայաստան տուրիստական» ամսագրի գլխավոր խմբագիր Ռուբեն Փաշինյանը վստահ է` համաժողովի առանձնահատկությունն այն է, որ մասնակիցները սեփական օրինակով ցույց կտան` ինչպես խոսքից գործի անցնել, հաջողված զբոսաշրջային բիզնես վարել ու կրեատիվ ապրանք ներկայացնել։ Նրա խոսքով` հայկական զբոսաշրջային տիրույթի ներուժը եզակի է, խորն ու անսահման։ Փաշինյանն ընդգծեց, որ պետք է ոչ թե զբոսաշրջության ցուցանիշը համեմատել հարևան երկրների հետ, այլ այնպես անել, որ իրենք մեզ հետ համեմատեն։

Միաժամանակ նա նշեց, որ երկրում, որտեղ զբոսաշրջիկների 20,5% ռուսախոս են, անհրաժեշտ է ռուսերեն ցուցանակներ ունենալ, եթե ոչ ռուսերենով, գոնե մեկ այլ օտար լեզվով։

«Սրանք տարրական տեխնոլոգիաներ են։ Մենք անցնում ենք կատարում ՏՏ–ին, քանի որ Հայաստան այցելողների մեծ մասը ազատ զբոսաշրջիկներ են, որոնք չեն օգտվում զբոսաշրջային ընկերությունների ծառայություններից, ու նրանց հարմարության համար նոր մոտեցումներ են պետք», – ընդգծեց նա։

Նրա խոսքով` այնպիսի տեխնոլոգիաներ են հարկավոր, որոնք առավելագույնս կներկայացնեն երկիրը ոչ միայն Հայաստան եկած զբոսաշրջիկին, այլև այն մարդուն, որը նոր է պատրաստվում մեր երկիր այցելել։

Նշենք` առաջին միջազգային ամենամյա «Նորարարական տեխնոլոգիաները տուրիստական ոլորտում» համաժողովը գործնական հարթակ է զբոսաշրջության ներկայացուցիչների համար, որոնք հետաքրքրված են համագործակցությամբ։ Համաժողովին մասնակցելու են զբոսաշրջության ոլորտի առաջատար ընկերությունները նաև միջազգային կազմակերպությունները, միջազգային հիմնադրամները, ապահովագրական, բանկային ու ծառայություն մատուցող ընկերությունները, HoReCa ցանցի ներկայացուցիչները։

166
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Հայտնի է` որքան գումար են ծախսել ռուս զբոսաշրջիկները Հայաստանում Ամանորին
Զբոսաշրջիկները հիացած են. Հայաստանի հիասքանչ, սակայն քիչ ծանոթ 5 լավագույն վայրերը
Ի՞նչ են ուզում իրանցի զբոսաշրջիկները, որ չգիտեն հայերը․ պատմություն ճանապարհի վրայի տնից