Ամբերդ ամրոցի մոտ նստած զբոսաշրջիկներ

Ամբերդ և պար «Բերդ»․ ինչպես է տպավորվել Հայաստանը ռուս զբոսաշրջիկի աչքերում

268
Իրինան ընկերուհու հետ հանգստացել է Հայաստանում։ Կանայք հասցրել են շատ հետաքրքիր բաներ տեսնել և հայկական խոհանոցը համտեսել, բայց նրանց վրա մեծ տպավորություն է թողել «Բերդը»։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik, Նանա Մարտիրոսյան․ Ռուս զբոսաշրջիկը Հայաստան է այցելում արդեն երկրորդ անգամ։ Նա առաջին անգամ եղել է հայոց հողում 1988թ-ին, բայց ոչինչ չի հասցրել տեսնել, քանի որ Արցախում իրավիճակն արդեն անհանգիստ է եղել, և զբոսաշրջային խումբը, որի կազմում նա եկել է, նախընտրել է մնալ հյուրանոցում։

Церковь Ваграмашен у крепости Амберд
© Sputnik / Aram Nersesyan ,
Ամբերդի մոտ գտնվող Վահրամաշեն եկեղեցին

Նա երկար տարիներ ինժեներ է աշխատել Ռուսաստանի ռազմարդյունաբերական ոլորտում։ Շատ հետաքրքիր բաներ կարող է պատմել ռուսական զենքի մասին, բայց նախընտրում է չանել դա։

Крепость Амберд
© Sputnik / Aram Nersesyan ,
Ամբերդը

Ավելին, կտրականապես հրաժարվում է լուսանկարվել և վառվող աչքերով խոսում է իր սիրելի «Իսկանդերների» և դրանց հզորության մասին։

«Ձեզ մոտ եկել եմ բալիկներիս այցելելու։ Կիմանաք, նրանց «Իսկանդեր» են կոչում։ Դուք դրանցից նույնպես ունեք», - ասում է կինը և ծիծաղում։

Այս այցելությունը խիստ տարբերվում է նախորդներից։ Իրինան բազմազգ զբոսաշրջային խմբի մյուս անդամների հետ ընդամենը մեկ շաբաթում հասցրել է տեսնել երկրի կեսը և բազմաթիվ տեսարժան վայրերում լինել:

Իրինան հատկապես տպավորվել է՝ տեսնելով Ամբերդ ամրոցը։ Ավելի ճիշտ, դեպի ամրոց տանող ճանապարհը, որի երկու կողմերից մոտ երկու մետր բարձրությամբ ձյան պատ է, թեև օդի ջերմաստիճանը հասնում է +6-ի։

Заснеженная дорога к крепости Амберд
© Sputnik / Aram Nersesyan ,
Ամբերդ տանող ճանապարհը

Ամրոցն էլ է շատ ուշագրավ, հատկապես ճարտարապետական առումով, և կինը հեռվից է հիանում դրանով։ Նա ոտքի վնասվածքի պատճառով չի կարողացել հաղթահարել ճանապարհը և մոտենալ ամրոցին։ Փոխարենը Իրինան պատմում է այդ տեղով անցնող բոլոր ռուս զբոսաշրջիկներին, որ հենց այստեղ են նկարահանել «Սրիկաները» («Сволочи») ռազմական դրաման, և խորհուրդ է տալիս անպայման նայել դիտահարթակից։

Ущелье реки Амберд
© Sputnik / Aram Nersesyan ,
Ամբերդի կիրճը

«Մենք վերջին շրջանում քիչ ենք ճանապարհորդում նախկին միության երկրներով, բայց այստեղ իսկապես տեսնելու բան կա։ Այստեղ մարդիկ շատ լավն են։ Զբոսաշրջիկներն այստեղ իրենց լավ են զգում», - ասաց նա։

Ի տարբերություն զբոսաշրջային խմբի մյուս անդամների՝ Իրինային դուր չի եկել հայկական ուտելիքը, նա մսեղեն չի սիրում, ասում է, որ խոհանոցը յուրահատուկ է, և համեմունքները շատ են։ Նա նախընտրում է ապխտած ձուկ և տապակած կարտոֆիլ, շատ է սիրում պելմենի և եփած երշիկ։ Ի դեպ, կինը պատրաստվում է Հայաստանից տանել ոչ միայն վառ հիշողություններ, այլ նաև ապխտած երշիկ՝ կոնյակով։ Նրան այդ համեղ ուտեստը հյուրասիրել է տաքսիստը օդանավակայանից հյուրանոց տանելու ճանապարհին։

«Երբ ես ու ընկերուհիս տաքսիով քաղաք էինք գնում և ասացինք, որ սոված ենք, տաքսիստը կտրուկ կանգնեցրեց մեքենան և խնդրեց մի րոպե սպասել։ Ինձ թվաց, որ նա մեզ կողոպտելու է, իսկ նա վերադարձավ լավաշով ու ապխտած երշիկով ու կերակրեց մեզ։ Նման բան հազվադեպ կտեսնես», - պատմեց կինը։

Նա շատ է հավանել հայկական պարերը։ Ինքն ու ընկերուհին՝ Գալինան, համերգ են գնացել, որտեղ տեսել են «Բերդ» պարը, իսկ Ամբերդ այցելելուց հետո հասկացել են, թե ինչու են հայերն այդպես պարում։ Իրինան վստահ է, որ այդ պարը ցույց է տալիս ժողովրդի ուժը, նրա ավանդույթները։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տվյալներով՝ Հայաստան այցելող ռուս զբոսաշրջիկների թիվը 2018թ-ին աճել է 17 տոկոսով։ Երկրների հնգյակի մեջ, որտեղից առավել շատ զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան, մտել են Ռուսաստանը (ավելի քան 525 հազար մարդ), Վրաստանը (233 հազար), Իրանը (132 հազար), ԱՄՆ-ը (46 հազար) և Ուկրաինան (24 հազար)։

  • Ամբերդը՝ երկնքից
    Ամբերդը՝ երկնքից
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • Զբոսաշրջիկները՝ Ամբերդի ֆոնին
    Զբոսաշրջիկները՝ Ամբերդի ֆոնին
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • Ամբերդի մոտ գտնվող Վահրամաշեն եկեղեցին
    Ամբերդի մոտ գտնվող Վահրամաշեն եկեղեցին
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • Ամբերդը՝ հեռվից
    Ամբերդը՝ հեռվից
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • Դեպի Ամբերդ
    Դեպի Ամբերդ
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • Ամբերդ տանող մուտքը
    Ամբերդ տանող մուտքը
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • Ամբերդը՝ հեռվից
    Ամբերդը՝ հեռվից
    © Sputnik / Aram Nersesyan ,
1 / 7
© Sputnik / Aram Nersesyan ,
Ամբերդը՝ երկնքից

Ավելի վաղ հրապարակվել էր Bloomberg-ի վարկանիշը, որում Հայաստանը զբաղեցրել է 10-րդ տեղը երկրների շարքում, որտեղ զբոսաշրջությունը զարգանում է կատաղի տեմպերով։ Զբոսաշրջության ոլորտում Հայաստանի տարեկան աճը 2017թ-ին կազմել է 18,65 տոկոս։ 2018թ-ի առաջին կիսամյակում Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է 10,2 տոկոսով։

268
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Ամբերդի տարածքում շինարարության թույլտվություն տվողն ազատվել է աշխատանքից
Նոր բացահայտում և դիմում դատախազություն. Ամբերդի պահպանվող տարածքը 2013–ին փոխվել է
Մանուկյան. «Մեր տարածքը Ամբերդի հուշարձանի գոտուց դուրս է»
Ամբերդ ամրոցի ոդիսականը. ի՞նչ է տեղի ունենում և ինչո՞ւ է կանգ առել շինարարությունը
Վերմիշյան. «Ամբերդում տեղի ունեցածը վկայում է քաղաքաշինության ոլորտում տիրող վիճակի մասին