Անիավան խոշորացված համայնքի ղեկավար Մարտիրոս Միրոյանը Նորշեն գյուղում բարձրացնում է ՀՀ դրոշը

Խարկովում կրկին ծածանվեց Հայաստանի եռագույնը. գյուղ, որը զբոսաշրջային ներուժ ունի

748
Նորշեն բնակավայրը զբոսաշրջային ներուժ ունի, որը չի օգտագործվում սահմանային ուղեկալի տարածքում գտնվելու պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Այսօր՝ մարտի 13-ի վաղ առավոտյան Անիավան խոշորացված համայնքի ղեկավար Մարտիրոս Միրոյանը Նորշենում բարձրացրեց ՀՀ դրոշը։

Գյուղը, որ ավելի շատ հայտնի է Խարկով անունով, ամենամոտն է հայ-թուրքական սահմանին: Ախուրյանի ձախ ափին գտնվող Նորշենը հիմնել են 1894 թ.-ին Շիրակավանից եկածները։ Խարկովից Նորշեն է վերանվանվել 2006 թ.-ի հուլիսի 4-ին։ Այստեղից Անին ասես ափի մեջ լինի. պարզ իր ողջ գեղեցկությամբ՝  Մայր տաճարը, քաղաքի պարիսպներն ու…. ծածանվող թուրքական դրոշը:

Սակայն ցանկության դեպքում Անին Նորշենից տեսնել հնարավոր է միայն հատուկ անցաթղթով՝ գյուղը գտնվում է սահմանապահ ուղեկալի տարածքում և մուտք գործելու համար հատուկ անցագիր կամ թույլտվություն է անհրաժեշտ ստանալ ռուսական սահմանապահ ջոկատից:

Արդեն տարիներ է ինչ գյուղը դատարկված ու լքված է: Սակայն սա Շիրակի մարզի այն տարածքներից մեկն է, որը զբոսաշրջիկներին կգրավի: Մարզի որոշ տարածքներ՝ Նորաշենը, Հայկաձորը ամենալավ դիրքն ունեն Անին տեսնելու համար, սակայն այս տարածքները սահմանապահ ուղեկալների հսկողության տակ են:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը այսօր՝ մարտի 13-ին, սահմանապահ զորամասի հրամանատարության ուղեկցությամբ, եղավ սահմանագծի երկայնքով տեղակայված մի քանի ուղեկալներում, ծանոթացավ սահմանապահների ծառայության ընթացքին: Ընթացքում քննարկվեցին զբոսաշրջության զարգացմանը, մասնավորապես, սահմանային անցման կարգի դյուրինացմանն առնչվող հարցեր:

Губернатор Ширака посетил пограничников (13 марта 2019). Ширак
© Photo : press office of Shirak administration
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը (աջում) նայում է դեպի Անիի ավերակները

«Շիրակի մարզը մեծ ներուժ ունի, զբոսաշրջիկներին հետաքրքրող շատ վայրեր կան մեզ մոտ, պատմաճարտարապետական զբոսաշրջության ուղղությունը կարող է նաև հիմք հանդիսանալ հոգևոր և ուխտագնացային զբոսաշրջության զարգացման համար»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:

Մարզային իշխանություններն այցելել են նաև Նորշեն: Այստեղ Անիավան խոշորացված համայնքի ղեկավար Մարտիրոս Միրոյանը կրկին վեր է բարձրացրել ՀՀ պետական դրոշը, որի նախկին տարբերակը կլիմայի ազդեցությամբ խունացել էր:

Սահմանապահ զորամասի հրամանատարության ուղեկցությամբ մարզպետը շրջել է նաև սահմանային գոտում գտնվող այն շենք-շինությունների տարածքում, որոնք սահմանապահների կողմից այժմ չեն օգտագործվում: Կողմերը քննարկել են դրանց նպատակային օգտագործմանն առնչվող հարցեր:

748
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, Թուրքիա
Ըստ թեմայի
Անվերջանալի ձնաբուքն ու Լենինականի փակ ճամփան, կամ ինչու լանջիկցի փոքրիկին Ավերյան կոչեցին
Արթուր Ալեքսանյանի անվան դպրոցի սարսափելի վիճակը հիշում են միայն նրա մեդալներից հետո
«Չեն ներվելու». «դուքյանչիների» պատճառած վնասի մեծ մասը վերականգնվել է. դատախազ