ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Ռուսաստանում թոշակի անցած մարդիկ նախընտրում են մեկնել Հայաստան ու Գերմանիա։ Այս մասին հայտնում է Ozon.Travel գործակալությունը։
Վերջին երեք տարիների ընթացքում տարեց զբոսաշրջիկների նախապատվությունների վերլուծությունը ցույց է տվել, որ նրանք սկսել են ավելի հաճախ ճամփորդել։ Միաժամանակ արդեն երրորդ տարին է` նրանք հավատարիմ են մնում Հայաստանին ու Գերմանիային։
Տարբեր տարիների ընթացքում առաջին հնգյակում եղել են Իտալիան, Մոլդովան, Վրաստանը, Իսրայելն ու Թուրքիան։
Թոշակառուները պատրաստ են Ռուսաստանի ներսում ճանապարհորդությունների համար ծախսել 7 հազար ռուբլի, իսկ արտասահմանյան ուղևորությունների համար` մինչև 17 հազար ռուբլի։ Ամենաշատ ուղևորությունները լինում են ամռանն ու աշնանը (բոլոր ճանապարհորդությունների 43%) ։
Թոշակառուները նախընտրում են զույգերով ճանապարհորդել, հատկապես` արտասահման։ Նման ուղևորությունների 92% դեպքերում ճանապարհորդները ընտանիքի անդամների հետ են ճամփորդության մեկնում։
Ինչ վերաբերում է միայնակ զբոսաշրջիկներին, ապա տղամարդիկ ավելի հաճախ ճամփորդում են Հայաստան ու Ադրբեջան (մոտ 17%), իսկ միայնակ կանայք նախընտրում են Իսրայելը (ավելի քան 40%), Իսպանիան ու Իտալիան (15–ական տոկոս)։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Հայաստանը ռուսաստանցի տուրիստների համար այցելելու երկրների թոփ տասնյակում է։ Համաձայն OneTwoTrip-ի՝ ռուս զբոսաշրջիկներն այս գարնանը՝ մարտի 1-ից մայիսի 31-ն այցելելու համար ամենաշատը դիտարկում են Թուրքիան։
Երկրորդ ամենապահանջված ուղղությունն Արաբական Միացյալ Էմիրություններն են, երրորդը՝ Եգիպտոսը: Տասնյակում են ներառվել նաև Մալդիվներ, Ուզբեկստան, ԱՄՆ, Ղազախստան, Կիպրոս, Հայաստան և Սերբիա երկրները։
Նշվում է նաև, որ Ռուսաստանի ներսում ռուսաստանցիները ամենաշատը սիրում են Մոսկվան այցելել։ Երկրորդ տեղում Սոչին է, որտեղ կցանկանար գնալ յուրաքանչյուր տասներորդ հարցվող ռուսաստանցին:
Երրորդ տեղը զբաղեցնում է Սանկտ Պետերբուրգը: Ցուցակում ներառված են նաև Սիմֆերոպոլը, Կրասնոդարը, Կալինինգրադը, Միներալնիե Վոդին, Եկատերինբուրգը և Նովոսիբիրսկը:
Կադրային փոփոխություննե՞ր, թե՞ փրկության փորձ. ի՞նչ է կատարվում զբոսաշրջության ոլորտում
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հայաստանն աշխարհին ու զբոսաշրջիկներին պետք է ներկայացվի նոր կողմից, բոլորովին այլ լույսի ներքո։ Նախկին մոտեցումները, հատկապես կորոնավիրուսի համավարակից ու արցախյան պատերազմից հետո, այլևս ակտուալ չեն։ Դրանում համոզված են զբոսաշրջային ոլորտի գրեթե բոլոր ներկայացուցիչները։
Զբոսաշրջության կոմիտեի նախագահին փոխելու` այսօրվա որոշումը որոշ մասնագետներ կապում են ոլորտում սպասվող ռեբրենդինգի հետ։ Նրանք կարծում են, որ այստեղ խնդիրը ոլորտին նոր հայացք ու նոր շունչ հաղորդելն է, այլ ոչ թե այն, թե ինչ է արվել կամ ինչ չի արվել վերջին տարիներին։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը համոզված է, որ անհրաժեշտ է ամբողջությամբ փոխել զբոսաշրջային ոլորտը` հարմարեցնելով այն ընթացիկ իրողություններին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ Հայաստանի իմիջը համաշխարհային զբոսաշրջային քարտեզի վրա պետք է ամբողջությամբ փոխվի։
«Մենք պետք է ցանկացած հնարավորություն, իրավիճակ օգտագործենք ի շահ մեր երկրի։ Հայաստանը պետք է ցույց տա աշխարհին, որ չի պարտվել պատերազմում, այլ կռվել է անհավասար մարտում։ Դա արդեն փոխում է իրողությունը», – ասաց Ապրեսյանը։
Բացի այդ, նա կարծում է, որ Երևանը պետք է օգտվի տրանսպորտային կոմունիկացիաների ապաարգելափակումից, այդ թվում` ի շահ զբոսաշրջային ոլորտի։
Ապրեսյանը հիշեցրեց, որ զբոսաշրջային ոլորտը Հայաստանի տնտեսության կատալիզատորն է։ Միայն 2019 թվականին 1 մլն 894 հազար զբոսաշրջային այցելությունից համախառն եկամուտը 1.5 մլրդ դոլար է կազմել, որից բյուջե մոտ 300 մլն դոլար մաքուր եկամուտ է մտել։
Ապրեսյանը նշեց, որ ոլորտում շատ բան փոխելու կարիք կա։ Նախևառաջ պետք է սկսել պետբյուջեից ոլորտի, նրա մարքեթինգի ու խթանման համար հատկացվող միջոցների ավելացումից։ Այսօր անհրաժեշտ է ակտիվորեն օգտագործել դիվանագիտական լծակները և համախմբել սփյուռքի ներուժը հատկապես Հայաստանի համար առաջնահերթ ուղղություններում։
Այս համատեքստում նա կարծում է, որ Հայաստանի իշխանություններն առաջին հերթին պետք է սկսեն բանակցել հատկապես հարևան Վրաստանի և Իրանի հետ ցամաքային սահմանները բացելու մասին։ Բանն այն է, որ փակ ճանապարհները խանգարում են, այդ թվում` նաև տարածաշրջանային զբոսաշրջության մշակմանն ու զարգացմանը։ Նա համոզված է, որ Երևանը պետք է բացատրի հարևաններին, որ դրանից ոչ միայն ինքն է կորցնում, այլև նրանք։
«Մենք պետք է սեղմ ժամկետներում դուրս գանք զբոսաշրջային այցելությունների համար անցանկալի երկրների ցանկից, վերականգնենք այցելությունների այն ռեժիմը, որը կար տարբեր երկրների հետ համավարակից առաջ։ Հիշեցնեմ, որ մեզ մոտ այն ժամանակ աշխարհի ավելի քան 60 երկրների հետ առանց վիզայի ռեժիմ էր գործում», – ասաց Ապրեսյանը։
Սրա հետ մեկտեղ անհրաժեշտ է ընդլայնել աջակցման ծրագրերը բիզնեսին, որն ամենաշատն է տուժել ընթացիկ իրադարձությունների պատճառով։ Մասնավորապես խոսքը նախնական փուլում 0% տոկոսադրույքով վարկերի տրամադրման, զբոսաշրջային օպերատորների համար դրամային քաղաքականության փոփոխման (տոմսերի սակագին, շրջանառության հարկ և այլն), սպասարկման ոլորտի համար աշխատանքի արտոնյալ պայմանների մասին է։
Պատերազմն ու համավարակն իրենց «սև գործն» արեցին․ ինչպես փրկել զբոսաշրջային ոլորտը
Բացի այդ, Ապրեսյանը կարևոր է համարում դուրս բերել հասարակությանը տեղեկատվական վակուումից, որում այն գտնվում է պատերազմից հետո։ Դա խանգարում է զբոսաշրջային ոլորտի զարգացմանը, քանի որ այդ ոլորտում աշխատողները չեն կարողանում կազմել միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման ու ճգնաժամից դուրս գալու ծրագրեր։
Ապրեսյանն առանցքային է համարում նաև ինստիտուցիոնալ փոփոխությունների ներդրումը, օրենսդրական ոլորտի, ինչպես նաև երկրում ներդրումային միջավայրի բարելավումը։
Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով` 2020 թվականի հունվար–սեպտեմբերին Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 327 735, ինչը 75,5%–ով քիչ է 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այնինչ 2020 թվականի համար մասնագետները զբոսաշրջային հոսքի 14-15% աճ էին կանխատեսում։
Հիշեցնենք, որ ՀՀ տարածք օդային և ցամաքային ճանապարհով մուտք գործելիս պետք է ներկայացվի կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Հակառակ դեպքում երկիր ժամանողներին ինքնամեկուսացման ցուցում է տրվում` մինչև ՊՇՌ հետազոտության բացասական պատասխան ստանալը։
Սերտիֆիկատը պետք է լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով` հետազոտությունն իրականացրած բժշկական կառույցի բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով։ Այնտեղ պետք է նշված լինի հետազոտված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը, հետազոտության արդյունքը, ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով:
Ի՞նչ անել, որ Հայաստանը չներառվի զբոսաշրջային «սև ցուցակում»
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



