ԵՐԵՎԱՆ, 3 Օգոստոս — Sputnik, Նելլի Դանիելյան. Սևանի թերակղզում, վանքի բակում մի համեստ շիրմաքար կա` «1872-1946. Սևանյան նավագնացության նավապետ Գասպարյան Երվանդ Հովհաննեսի» գրությամբ։
Այսօր, սա, թերևս, միակ կանգուն վկան է այն բանի, որ Սևանում ժամանակին նավագնացություն է եղել։

Պատմական տվյալներով, Երվանդ Գասպարյանը Հայաստանի խորհրդայնացումից հետո` 1921թ–ին Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով է վերադարձել Հայաստան՝ Սևանում նավատորմ ստեղծելու նպատակով։
Մինչ այդ, սակայն, Սևանում արդեն նավագնացության փորձ կար։ Ուղևորատար ու բեռնատար առաջին նավերը Սևանա լճում սկսեցին նավարկել դեռ առաջին հանրապետության տարիներին (1818-1920թթ.)։

Ռազմաբեռների փոխադրումն այդ տարիներին իրականացվում էր շարժիչավոր մի քանի թիանավերով և «Աշոտ Երկաթ» ռազմաբեռնատար երկկայմ առագաստանավով, որի վրա տեղադրված էր մեկ թնդանոթ, երկու գնդացիր և 1 մեծ լուսարձակ։ 1920թ. սեպտեմբերի 3-ին Նախիջևանի Շահթախթ կայարանից Սևան փոխադրվեց ռուսական նավատորմի «Սեստրիցա Նյուշա» նավը, որը Հայաստան էր բերվել դեռևս աշխարհամարտի տարիներին՝ Վանա լիճ փոխադրելու համար, բայց այդպես էլ մնացել էր կես ճանապարհին ու մոռացության էր մատնվել։ Սևան իջեցնելուց առաջ ռուսական «Սեստրիցա Նյուշա»–ին հայահունչ «Գեղանուշ» անունը տրվեց:

Խորհրդային տարիներին Սևան դուրս բերվեցին նաև «Լուկաշին» «Տատյանա» և «Աիդա» նավերը։ Ավելի ուշ նավատորմը համալրվեց արագընթաց նավակներով ու «Ռաբոչի», «Համբարձումյան», «Կոմսոմոլեց», «Կոմունիստ», «Միկոյան» բեռնատար նավերով, որոնք պարբերաբար փոխադրումներով միմյանց էին միացնում լճի հանդիպակաց ափերը:
60-70– ական թվականներին, երբ Սևանի մակարդակի իջեցման ու աղտոտման հարցն օրհասական դարձավ որոշվեց լիճն ազատել այն աղտոտող նավերից։
Կես դար անց` Հայաստանի անկախացումից ու լճի մակարդակի բարձրացումից հետո Սևանի վրա դարձյալ նավեր հայտնվեցին, բայց միանգամայն այլ անուններով` «Սևան», «Արցախ», «Սպարապետ» այլն։

Հայկական լճի նավագնացության անցյալից այսօր մնացել են 15 տոննա տարողությամբ, 10-20 տեղանոց փոքրիկ նավերը, որոնք բացառապես զբոսաշրջային ծառայություններ են մատուցում` նավարկության դուրս գալիս մարդաշատ լողափերից, 20-30 րոպե լճի վրա շրջում, հետո վերադառնում մեկնարկային կետ։
Դրանցից մեկի նավապետ Մերուժան Բաղդասարյանն արդեն 40 շուրջ տարի Սևանում ապահովում է զբոսաշրջիկների ջրային զբոսանքը։
«Ինչպես ասում են` մորից, որ ծնվել ենք, հասկացել ենք մեզ, արդեն նավարկել ենք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ծննդով սևանցի նավապետը։
Սևանի ափամերձ բնակավայրերի բնակիչներն այսօր էլ հիշում են, որ ժամանակին Սևանի մի ափից մյուսը մեծ նավեր էին երթևեկում։
«Մինչև 1970-ական թվականները զբոսանավեր կային։ Դրանից հետո արգելեցին` լիճն աղտոտելու պատճառով։ Փոքր կատերներ կային մի քանի տեղանոց, «Ռակետաներ» կային, բոլորն արգելեցին»,– պատմում է նավապետ Մերուժան Բաղդասարյանը։

Սևանն այսօր էլ բնապահպանական խնդիրների առաջ է կանգնած, բայց սևանցիները լավատես են, որ լիճը ոչ միայն կհաղթահարի դրանք, այլև կշարունակի զբոսաշրջիկներ ընդունել։
«Թոռնիկներիս սովորեցնում եմ, որ գործս շարունակեն»,– ասում է նավապետը, բայց և խոստովանում` այս տարի լճի «ծաղկելու» պատճառով զբոսաշրջիկների թիվը նվազել է։ «Տեղացիներն էլ գերադասում են այլ ծովերը, մեր փողերը տանում են այլ տեղ ծախսում»,– կես լուրջ, կես կատակ ավելացնում է նա։
Պատմական փաստերի վկայությամբ՝ Սևանում նավագնացությունը ոչ թե 100, այլ իրականում 4000 տարվա պատմություն ունի։
Սևանա լճի ափամերձ Լճաշեն գյուղի տարածքում հնագույն բնակավայրի պեղումների ժամանակ դամբարաններից մեկում նավակ էր հայտնաբերվել, որը գիտնականների գնահատմամբ թվագրվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակին։
Կարճաղբյուր գյուղում էլ հայտնաբերվել է մ.թ.ա. 6-րդ դարին թվագրվող նավակի կավե մոդել։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Հայաստանը ռուսաստանցի տուրիստների համար այցելելու երկրների թոփ տասնյակում է։ Համաձայն OneTwoTrip-ի՝ ռուս զբոսաշրջիկներն այս գարնանը՝ մարտի 1-ից մայիսի 31-ն այցելելու համար ամենաշատը դիտարկում են Թուրքիան։
Երկրորդ ամենապահանջված ուղղությունն Արաբական Միացյալ Էմիրություններն են, երրորդը՝ Եգիպտոսը: Տասնյակում են ներառվել նաև Մալդիվներ, Ուզբեկստան, ԱՄՆ, Ղազախստան, Կիպրոս, Հայաստան և Սերբիա երկրները։
Նշվում է նաև, որ Ռուսաստանի ներսում ռուսաստանցիները ամենաշատը սիրում են Մոսկվան այցելել։ Երկրորդ տեղում Սոչին է, որտեղ կցանկանար գնալ յուրաքանչյուր տասներորդ հարցվող ռուսաստանցին:
Երրորդ տեղը զբաղեցնում է Սանկտ Պետերբուրգը: Ցուցակում ներառված են նաև Սիմֆերոպոլը, Կրասնոդարը, Կալինինգրադը, Միներալնիե Վոդին, Եկատերինբուրգը և Նովոսիբիրսկը:
Կադրային փոփոխություննե՞ր, թե՞ փրկության փորձ. ի՞նչ է կատարվում զբոսաշրջության ոլորտում
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հայաստանն աշխարհին ու զբոսաշրջիկներին պետք է ներկայացվի նոր կողմից, բոլորովին այլ լույսի ներքո։ Նախկին մոտեցումները, հատկապես կորոնավիրուսի համավարակից ու արցախյան պատերազմից հետո, այլևս ակտուալ չեն։ Դրանում համոզված են զբոսաշրջային ոլորտի գրեթե բոլոր ներկայացուցիչները։
Զբոսաշրջության կոմիտեի նախագահին փոխելու` այսօրվա որոշումը որոշ մասնագետներ կապում են ոլորտում սպասվող ռեբրենդինգի հետ։ Նրանք կարծում են, որ այստեղ խնդիրը ոլորտին նոր հայացք ու նոր շունչ հաղորդելն է, այլ ոչ թե այն, թե ինչ է արվել կամ ինչ չի արվել վերջին տարիներին։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը համոզված է, որ անհրաժեշտ է ամբողջությամբ փոխել զբոսաշրջային ոլորտը` հարմարեցնելով այն ընթացիկ իրողություններին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ Հայաստանի իմիջը համաշխարհային զբոսաշրջային քարտեզի վրա պետք է ամբողջությամբ փոխվի։
«Մենք պետք է ցանկացած հնարավորություն, իրավիճակ օգտագործենք ի շահ մեր երկրի։ Հայաստանը պետք է ցույց տա աշխարհին, որ չի պարտվել պատերազմում, այլ կռվել է անհավասար մարտում։ Դա արդեն փոխում է իրողությունը», – ասաց Ապրեսյանը։
Բացի այդ, նա կարծում է, որ Երևանը պետք է օգտվի տրանսպորտային կոմունիկացիաների ապաարգելափակումից, այդ թվում` ի շահ զբոսաշրջային ոլորտի։
Ապրեսյանը հիշեցրեց, որ զբոսաշրջային ոլորտը Հայաստանի տնտեսության կատալիզատորն է։ Միայն 2019 թվականին 1 մլն 894 հազար զբոսաշրջային այցելությունից համախառն եկամուտը 1.5 մլրդ դոլար է կազմել, որից բյուջե մոտ 300 մլն դոլար մաքուր եկամուտ է մտել։
Ապրեսյանը նշեց, որ ոլորտում շատ բան փոխելու կարիք կա։ Նախևառաջ պետք է սկսել պետբյուջեից ոլորտի, նրա մարքեթինգի ու խթանման համար հատկացվող միջոցների ավելացումից։ Այսօր անհրաժեշտ է ակտիվորեն օգտագործել դիվանագիտական լծակները և համախմբել սփյուռքի ներուժը հատկապես Հայաստանի համար առաջնահերթ ուղղություններում։
Այս համատեքստում նա կարծում է, որ Հայաստանի իշխանություններն առաջին հերթին պետք է սկսեն բանակցել հատկապես հարևան Վրաստանի և Իրանի հետ ցամաքային սահմանները բացելու մասին։ Բանն այն է, որ փակ ճանապարհները խանգարում են, այդ թվում` նաև տարածաշրջանային զբոսաշրջության մշակմանն ու զարգացմանը։ Նա համոզված է, որ Երևանը պետք է բացատրի հարևաններին, որ դրանից ոչ միայն ինքն է կորցնում, այլև նրանք։
«Մենք պետք է սեղմ ժամկետներում դուրս գանք զբոսաշրջային այցելությունների համար անցանկալի երկրների ցանկից, վերականգնենք այցելությունների այն ռեժիմը, որը կար տարբեր երկրների հետ համավարակից առաջ։ Հիշեցնեմ, որ մեզ մոտ այն ժամանակ աշխարհի ավելի քան 60 երկրների հետ առանց վիզայի ռեժիմ էր գործում», – ասաց Ապրեսյանը։
Սրա հետ մեկտեղ անհրաժեշտ է ընդլայնել աջակցման ծրագրերը բիզնեսին, որն ամենաշատն է տուժել ընթացիկ իրադարձությունների պատճառով։ Մասնավորապես խոսքը նախնական փուլում 0% տոկոսադրույքով վարկերի տրամադրման, զբոսաշրջային օպերատորների համար դրամային քաղաքականության փոփոխման (տոմսերի սակագին, շրջանառության հարկ և այլն), սպասարկման ոլորտի համար աշխատանքի արտոնյալ պայմանների մասին է։
Պատերազմն ու համավարակն իրենց «սև գործն» արեցին․ ինչպես փրկել զբոսաշրջային ոլորտը
Բացի այդ, Ապրեսյանը կարևոր է համարում դուրս բերել հասարակությանը տեղեկատվական վակուումից, որում այն գտնվում է պատերազմից հետո։ Դա խանգարում է զբոսաշրջային ոլորտի զարգացմանը, քանի որ այդ ոլորտում աշխատողները չեն կարողանում կազմել միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման ու ճգնաժամից դուրս գալու ծրագրեր։
Ապրեսյանն առանցքային է համարում նաև ինստիտուցիոնալ փոփոխությունների ներդրումը, օրենսդրական ոլորտի, ինչպես նաև երկրում ներդրումային միջավայրի բարելավումը։
Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով` 2020 թվականի հունվար–սեպտեմբերին Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 327 735, ինչը 75,5%–ով քիչ է 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այնինչ 2020 թվականի համար մասնագետները զբոսաշրջային հոսքի 14-15% աճ էին կանխատեսում։
Հիշեցնենք, որ ՀՀ տարածք օդային և ցամաքային ճանապարհով մուտք գործելիս պետք է ներկայացվի կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Հակառակ դեպքում երկիր ժամանողներին ինքնամեկուսացման ցուցում է տրվում` մինչև ՊՇՌ հետազոտության բացասական պատասխան ստանալը։
Սերտիֆիկատը պետք է լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով` հետազոտությունն իրականացրած բժշկական կառույցի բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով։ Այնտեղ պետք է նշված լինի հետազոտված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը, հետազոտության արդյունքը, ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով:
Ի՞նչ անել, որ Հայաստանը չներառվի զբոսաշրջային «սև ցուցակում»
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի այսօրվա հանդիպումը չի կայանա: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ինքը՝ Մարուքյանը։
«Այսօր չի ստացվի։ Հանդիպումը, ամենայն հավանականությամբ, վաղը կկայանա», - հավելեց Մարուքյանը։



