Զբոսաշրջիկներ Երևանում

Խնդրահարույց զբոսաշրջություն. հայերը 200 դոլար են վճարում, վրացիների համար անվճար է

854
Հայ տուրօպերատորն ավելորդ 200 դոլար է վճարում Վրաստանի զբոսաշրջիկներին սպասարկելու համար, վրացի տուրօպերատորը զբոսաշրջիկներին Հայաստան հասցնելու համար` ոչ։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայ զբոսաշրջային օպերատորները պետք է խորամանկություն բանեցնեն` Վրաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ տուրերի արժեքը չբարձրացնելու համար։ Եթե հայ–վրացական սահմանով զբոսաշրջային ուղևորությունը տեղի տուրօպերատորի համար արժենում է 200 դոլար, վրացական օպերատորն ազատված է այդ ծախսերից։

«Ճանապարհորդների ակումբ» ՀԿ–ի նախագահ Արմեն Երանոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, թե ինչու է այդպես ստացվում։ Բանն այն է, որ 18–տեղանոց մեքենան Հայաստան մուտք գործելու համար պետք է վճարի 50 հազար դրամ, եթե փոխադրությունը կանոնավոր չէ, այսինքն` դեպքից դեպք։ Օրինակ` երթուղային տաքսիները տուրքեր չեն վճարում։ Այնուհետև սահմանային հսկողության համար պետք է վճարել 8500 դրամ, ևս 15 հազար դրամ «կպոկեն» ապահովագրության համար (վրացական մեքենաները նույնպես պետք է վճարեն), արդյունքում` ստացվում է, որ 200 դոլար գումար, որը պետք է վճարի հայ զբոսաշրջային օպերատորը և չպետք է վճարի վրացականը։

Այդ սակագները նախատեսված են պետական տուրքերի մասին օրենքով. 17 և ավել տեղանոց տրանսպորտային միջոցի միջպետական ոչ կանոնավոր ուղևորային փոխադրումը Վրաստան արժե 50 հազար դրամ, մյուս երկրներ` 150 հազար դրամ։

Ինչպե՞ս են հայ օպերատորները լուծում այդ հարցը։ Հայկական զբոսաշրջային օպերատորները ստիպված են օգնություն խնդրել վրացիներից։ Մասնավորապես, վրացի օպերատորները տրամադրում են տրանսպորտ, որով Վրաստանից Հայաստան եկող զբոսաշրջիկներին վերցնում են Թբիլիսիի կամ Քութայիսիի օդանավակայաններից, հետո բերում են մինչև Հայաստանի սահման։

Զբոսաշրջիկներին նման երթուղին դուր է գալիս, նրանք տնտեսում են նաև տոմսերի հարցում (Թբիլիսիից չվերթերը զգալիորեն էժան են), և մի երկրի փոխարեն այցելում են միանգամից երկուսը։ Իսկ ահա զբոսաշրջային օպերատորների համար դա գլխացավանք է։

«Վրացական համարներով մեքենաները, որոնք զբոսաշրջիկների են տեղափոխում, սահմանին չեն վճարում նույն փողերը, ինչ մենք», – ասաց Երանոսյանը։

Զրուցակիցը հավելեց, որ այդ 240 դոլարի մեջ ներառված չեն վառելիքի, տրանսպորտի վարձակալության ծախսերը, ինչպես նաև վարորդին գումար տալը։

«Վրացական զբոսաշրջային ընկերություններն ազատված են բոլոր այդ ծախսերից», – ասաց Երանոսյանը։

Այդ տրանսպորտային մանիպուլյացիաների արդյունքում զբոսաշրջիկները, որոնք ուղղակի ցանկացել են Վրաստանից մեկնել Հայաստան, սահմանին ստիպված են եղել փոխել տրանսպորտը, դա նյարդայնացնում է։

«Զբոսաշրջիկներին այդ ամենը դուր չի տալիս։ Նրանք տարակուսում են` մի՞թե Հայաստանի և Վրաստանի միջև չկան միջպետական հարաբերություններ, որ տուրօպերատորները ստիպված են գնալ նման խորամանկությունների։ Եվ բոլորին չես բացատրի, թե ինչում է բանը», – ասաց Երանոսյանը։

Զբոսաշրջիկների դժգոհությունը, իհարկե, բացասական գործոն է ոլորտի համար։ Բայց այստեղ հարցը չի ավարտվում, հայ տուրօպերատորները ստիպված են լինում կողմնակի կապալառուներ վարձել այն դեպքերում, երբ տեխնիկապես դրա կարիքը չկա։

Արմեն Երանոսյանը վստահ է, որ այդ հարցը պետք է լուծվի պետական մակարդակով` տուրօպերատորներն անզոր են։ Նա առաջարկում է հաշվի առնել այս ամենը` զարգացման ռազմավարությունը մշակելիս։

Նշենք, որ 2016թ–ին Հայաստան է այցելել մեկ միլիոն զբոսաշրջիկ, 2017թ–ին նրանց թիվը աճել է 21 տոկոսով, իսկ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստան է այցելել 346,5 օտարերկրյա զբոսաշրջիկ, ինչը 16 տոկոսով մեծ է, քան անցած տարվա նույն ժամանակաշրջանում։

854
Ըստ թեմայի
Օտարերկրացու աչքերով․ ինչ չհասցրեց Հայաստանում անել ռուս զբոսաշրջիկը
Օտարերկրացու աչքերով․ ինչպես է գուշակը հայ ամուսին կանխատեսել Մոսկվայի բնակչուհու համար
Օտարերկրացու աչքերով. Սոչիի հայերն այլ են, կամ ինչու է հայաստանյան այցն անմոռանալի